ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-032-17.09.2021-ՏՀ-011/0) նախագծի վերաբերյալ 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-032-17.09.2021-ՏՀ-011/0)  նախագիծը (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

04.10.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածով «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է կատարել ընդամենը մեկ փոփոխություն եւ այն ունի ընդամենը մեկ ենթակետ, որը համարակալված է, մինչդեռ  Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի», հետեւաբար` առաջարկվում է համարակալված «ա» ենթակետի համարը հանել եւ այն շարադրել առաջին չհամարակալված պարբերության հետ մեկ պարբերությամբ:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետը ունենում է հետեւյալ տեսքը. «գերատեսչական եւ տեղական (համայնքային) աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, (տարածական տվյալների ենթակառուցվածք) ստեղծումը եւ վարումը», այս ձեւակերպման համատեքստում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «աշխարհագրական տեղեկատվական համակարգերի» բառերը առանձնացված են «(տարածական տվյալների ենթակառուցվածք)» բառերից ստորակետով, հասկանալի չէ, թե ինչու են «(տարածական տվյալների ենթակառուցվածք)» բառերը շարադրված փակագծերի մեջ: Առաջարկվում է խմբագրել Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ կետը:

4. Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի 6-րդ հոդվածում «ճյուղային եւ տարածքային ծրագրեր» ձեւակերպման փոխարեն կիրառել «ճյուղային (ոլորտային)  եւ տարածքային ծրագրեր» ձեւակերպումը, փոփոխությունը կատարվում է միայն 6-րդ հոդվածում, մինչդեռ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի 2-րդ հոդվածում նույնպես կիրառվում է «ճյուղային ծրագիր» ձեւակերպումը: Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», հետեւաբար` առաջարկվում է ապահովել Նախագծում միեւնույն միտքն արտահայտող ձեւակերպումների միատեսակ կիրառումը:

5. Նախագծի 23-րդ հոդվածն ունի «Անցումային դրույթներ» վերտառությամբ վերնագիրը, մինչդեռ Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի», հետեւաբար` առաջարկվում է հանել Նախագծի 23-րդ հոդվածի վերնագիրը:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի «Օրենքի ուժի մեջ մտնելը» վերնագրով 24-րդ հոդվածին:

6. Նախագծի 24-րդ հոդվածի մեկ համարակալված մասն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի հետեւյալ պահանջը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»:

Միաժամանակ նշենք, որ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում կետերը, չնայած Օրենքի պահանջների խախտմամբ, այնուամենայնիվ, համարակալված են տառերով, մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածով «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածում, ինչպես նաեւ Նախագծի 20-րդ հոդվածով «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում լրացվող նոր՝ 16.5-րդ հոդվածում կետերը համարակալվում են թվերով: 

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծում առկա են որոշ վրիպակներ, մասնավորապես՝ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի «գեոդեզիայի, քարտեզագրության տարածական տվյալների ենթակառուցվածքի» ձեւակերպման մեջ «քարտեզագրության» ու «տարածական» բառերը պետք է իրարից անջատվեն «եւ» շաղկապով կամ ստորակետով, Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին կետում «բառերից» բառի փոխարեն պետք է կիրառել «բառից» բառը, Նախագծի 19-րդ հոդվածում «(պլանային եւ բարձունքային» ձեւակերպման մեջ բացակայում է երկրորդ փակագիծը, Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալման սխալ հաջորդականությունը եւ այլն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

01.10.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

01.10.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին», օրենքում ավելացնելով նաեւ տարածական տվյալների եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ, որոնք ներկայումս նախատեսված չեն «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքով:

Նախագծով առաջարկվում է նաեւ կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության հետ կապված աշխատանքները, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում սահմանել պատասխանատվություն` օրենքի պահանջների խախտման համար, իրավական հիմքեր ձեւավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման համար, սահմանել եւ հստակեցնել տվյալ բնագառավում ՀՀ կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

22.09.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայումս «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տարածական տվյալների եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ: Վերջիններս կնպաստեն կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական եւ կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը եւ օգտագործմանը, Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների եւ նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության եւ տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը եւ ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաեւ շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի եւ աշխատատարության կրճատմանը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, գեոդեզիայի, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման եւ սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցության կարգը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

25.09.2021թ.