ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-031-17.09.2021-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0311 -17.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-031-17.09.2021-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0311 -17.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

24.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետեւ` Նախագիծ) 1-ին հոդվածում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածում հիշատակված է Օրենքի ստորագրման ամիսը եւ ամսաթիվը. հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «դեկտեմբերի 21» բառը եւ թիվը փոխարինել «նոյեմբերի 24» բառով եւ թվով:

2.   Նախագծի 1-ին հոդվածում «2.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «2.1-ին» թվով, Նախագծի 2-րդ հոդվածում «3.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «3.1-ին» թվով ՝ հիմք ընդունելով դասական թվականների գրությանը ձեւը:

3.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2.1. Առեւտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում:»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«3.1. Առեւտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04) կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում:»:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր կարգավորումների վերաբերյալ հարկ է նշել հետեւյալը.

3.1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2. Առեւտրի օբյեկտներում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:»:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առեւտրի իրականացման վայրերում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, եւ հաշվի առնելով մեջբերված կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր կարգավորումներում՝ առեւտրի օբյեկտներին եւ առեւտրի իրականացման վայրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ դրույթներում՝ ապրանքախմբերի վաճառքի համար նախատեսված հատվածների առնչությամբ կիրառել Օրենքով նախատեսված հասկացությունները:

3.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող»:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր կարգավորումների տեքստում չկիրառել «ԵԱՏՄ  ԱՏԳ ԱԱ» հապավումները:

3.3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր կարգավորումներում կիրառվում է «կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերք» ձեւակերպումը:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր կարգավորումների վերաբերյալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը. 

«2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս, կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) տոկոսային հարաբերություններով պայմանավորված առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ:

Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձեւով ներկայացնելու եւ տարբերակելու համար:»:

Հիմք ընդունելով Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր կարգավորումներում կիրառվող հասկացությունները եւ հաշվի առնելով Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումն՝ առաջարկում ենք հստակեցնել «կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հասկացությունը: Մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել, որ կաթնային յուղը հանդիսանում է կաթի փոխարինիչ՝ հստակ նշում կատարելով այն մասին, որ կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով):

4.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվում է նաեւ փոփոխություն:

Միաժամանակ, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն, ինչպես նաեւ հանել չակերտները:

5.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածում լրացվում է նոր իրավախախտում նախատեսող կարգավորում.

«Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում  կաթնամթերք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04)  ապրանքախմբի տարանջատված կաթնային յուղի (կաթնային ճարպի)  փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով  չապահովելը՝

առաջին անգամ արձանագրելիս առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո մեկ տարվա ընթացքում խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու  կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

Նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 238.2-րդ հոդվածում կատարվում է փոփոխություն, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը

«Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ, քսանութերորդ, քսանիններորդ, երեսուներորդ եւ երեսունհինգերորդ եւ երեսունիններորդ մասերով, 1822, 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) եւ 4-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) եւ 14-րդ մասերով, 188-րդ եւ 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պետը եւ տարածքային մարմինների ղեկավարները:»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվող լրացումների եւ փոփոխության վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը.

5.1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման ձեւից բխում է, որ նոր պարբերությունները լրացվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի վերջին պարբերությունից հետո: Սակայն, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի կողմից քննվող գործերի շրջանակում է լրացվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 39-րդ մասով նախատեսված իրավախախտման վերաբերյալ գործը: Հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր իրավախախտման վերաբերյալ գործերը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի կողմից քննելու համար պետք է որոշակիացնել հաապատասխան մասին կատարվող հղումը:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում, նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

5.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
 

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

2. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

3. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:(…)»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածում կատարվող լրացման տեքստում առաջարկում ենք «դարակաշարով (հատվածով)» բառերից եւ կետադրական նշանից հետո «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Կարծում ենք, որ քննարկվող գործողություններից առնվազն մեկի առկայությունն ինքնին բավարար է խախտումն արձանագրելու համար:

5.3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածում լրացվող նոր կարգավորմամբ առաջարկում ենք նշել նաեւ վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտին՝ իրավական որոշակիության ապահովման նպատակով:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «2382» թիվն առաջարկում ենք փոխարինել «238.2-րդ» թվով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի, եւ հաշվի առնելով դասական թվականների գրելաձեւը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

24.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

24.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի սույն փաթեթով  առաջարկվում է սահմանել պահանջ` ունենալու առեւտրի օբյեկտներում  «կաթնամթերք» ապրանքախմբի  (ԵԱՏՄ ԱՍԳ ԱԱ 04) տարանջատված հատվածում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքի համար առանձնացված սպառողական դարակաշար եւ տեսանելի վայրում «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի ընթեռնելի նշում: 

Օրենքի այս պահանջի խախտումն առաջին անգամ արձանագրելիս նախատեսվում է սահմանել նախազգուշացում, իսկ դրանից հետո մեկ տարվա ընթացքում խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին հանձնարարականի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում՝ առաջարկվում է սահմանել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

24.09.2021թ.
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

24.09.2021թ.