ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-033-17.09.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-033-17.09.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

05.10.2021թ.
 
 

    


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2.  Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «1.1-րդ» գրելաձեւը փոխարինել «1.1-ին» գրելաձեւով:

3.  Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 1-ին եւ 1.1-ին հոդվածներում կատարվող փոփոխությունները միտում ունեն հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը սահմանել իբրեւ աշխատանքային օրեր: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ քննարկվող փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պատճառաբանված է հետեւյալ կերպ՝ «Տոն եւ հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման եւ ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաեւ տեղական եւ օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա: 

Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության եւ առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը»։

Հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ ներկայացված է միայն տնտեսության մի քանի ճյուղերի վրա հինգ հանգստյան օրերի ազդեցությունը, սակայն ներկայացված չէ համապատասխան վիճակագրություն նախատոնական օրերին մի շարք ոլորտներում կատարվող ներդրումների, արտադրանքի թողարկման, առեւտրի ծավալների եւ այլնի վերաբերյալ: Համապատասխան վիճակագրության ներկայացումը, կարծում ենք, որ առանցքային նշանակություն ունի տվյալ փոփոխությունների նպատակահարմարության գնահատման հարցում, քանի որ տնտեսության մի շարք ճյուղերում նախատոնական փուլում առկա վիճակագրությունը սերտորեն կապված է վերը քննարկվող օրերի ոչ աշխատանքային լինելու հանգամանքի հետ: 

Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծով կատարվող փոփոխությունների նպատակահարմարությունը հիմնավորել համապարփակ վիճակագրության ներկայացմամբ: Միաժամանակ արձանագրենք, որ համալիր վիճակագրության ներկայացումը բխում է տնտեսության հիմնական ճյուղերում Նախագծով սահմանված փոփոխությունների արդյունքում սպասվելիք հնարավոր ռիսկերը վեր հանելու անհրաժեշտությունից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.10.2021թ.

 





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.10.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով «երկրի ներսում եւ արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման եւ անխափան գործունեության հրամայականից։», ինչը, ըստ Նախագծի հեղինակի, դրական ազդեցություն կունենա առեւտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի եւ այլ բնագավառների վրա: 

Մեր կարծիքով Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաեւ ընկերությունների եւ կազմակերպությունների ֆինանսական վիճակի վրա` կապված վճարվող հանգստյան օրերի թվի կրճատման հետ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական, սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.09.2021թ.
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,          ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-270)

05.10.2021թ.