ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-028-17.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-028-17.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                            ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

28.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նախատեսված է կատարել հետեւյալ փոփոխությունը՝ «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով, սույն օրենքով սահմանված ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով՝ համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով)» բառերով»:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր` 7-րդ մասով, որի համաձայն՝  «2023 թվականի հունվարի 1-ից ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների պատշաճ ծանուցումն անձանց կողմից ներկայացվում է միայն համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1)  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում լրացված դրույթը, այն է՝ «սույն օրենքով սահմանված ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով՝ համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով»,  առաջարկում ենք հանել փակագծերի միջից եւ շարադրել որպես առանձին նորմ-պարբերություն: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ իրավանորմ սահմանող պարբերություններում «փակագծերը» կիրառվում են բացահայտելու կամ լրացնելու  նորմի բովանդկությունը, այլ ոչ թե սահմանելու նոր նորմ, որը ոչ միայն չի լրացնում, այլեւ չի բացահայտում  նախորդող նորմի բովանդակությունը: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով սահմանված համապատասխան դրույթը փակագծերի մեջ լրացնելու արդյունքում Օրենքով սահմանված պատշաճ ձեւով տեղեկացման կամ փաստաթղթերի ուղարկման մյուս ձեւերը եւս կարող են տարածվել ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների վրա, մինչդեռ Օրենքի 24-րդ հոդվածում նոր լրացվող 7-րդ մասի բովանդակությունից բխում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարագայում պատշաճ ծանուցումն անձանց կողմից ներկայացվելու է միայն «Միասնական հայտ» համակարգի միջոցով:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերախմբագրել քննարկվող հոդվածը՝ ապահովելով Օրենքով սահմանված ներմուծման եւ արտահանման ենթակա գործունեության տեսակների մասով ծանուցման պատշաճ ձեւի հստակեցումը:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կիրառված «/» նշանները փոխարինել փակագծերով:

2)  Կարեւորելով անձանց՝ պատշաճ ձեւով ծանուցված լինելու խնդիրը՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է նշված հանգամանքին: Մասնավորապես՝ 2015 թվականի հունվարի 27-ի իր թիվ ՍԴՈ-1189 որոշման մեջ Սահմանադրական դատարանն ընդգծել, որ՝ «(…) շահագրգիռ սուբյեկտների կողմից (…) պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարեւոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիեւ ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձեւական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն (…) սուբյեկտի (…)` Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի (…) արդյունավետ ծանուցման (…) ընթացակարգ, որը գործնականում կբացառի (…) շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»: 

2020 թվականի մայիսի 5-ի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ «ծանուցման հանձնումը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, որը արդյունավետ կառուցակարգ է պատշաճ ծանուցման իրականացման համար, այսինքն՝ էական նշանակություն ունի ծանուցումն ստանալու հանգամանքը, այլ ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը (…) ծանուցում ուղարկելու կանոնը` անկախ հետադարձ կապի մասին գոնե նվազագույն հավաստիացման հնարավորության օրենսդրական ամրագրումից, անձի պատշաճ ծանուցման կառուցակարգ չէ»: Վերոնշյալի հիման վրա ակնհայտ է` հետադարձ ծանուցման պայմանը երաշխիք է, որ շահագրգիռ անձինք պատշաճ ձեւով ծանուցված կլինեն՝ բացառելով օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միասնական հայտ» համակարգը դեռեւս մշակման փուլում է եւ պարզ չէ՝ արդյո՞ք այն ունի հետադարձ ծանուցումը հավաստող մեխանիզմ, հարկ ենք համարում ընդգծել, որ տվյալ համակարգը ներդնելիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի վերը մեջբերված որոշման տրամաբանության պահպանումը խիստ կարեւոր է, հետեւաբար` անհրաժեշտ է որպեսզի «Միասնական հայտ» համակարգը (swis.trade.gov.am) էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) նման ունենա հետադարձ ծանուցման հնարավորություն:

Միաժամանակ նշենք, որ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մերժելու (Օրենքի 16-րդ հոդված), ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու (Օրենքի 18-րդ հոդված) մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (որոշումը) Օրենքով սահմանված ժամկետներում պատշաճ ձեւով ուղարկվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված «պատշաճ ձեւով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում» հասկացության համար առաջին իսկ կիրառումից հետո, իբրեւ կրճատ տարբերակ, նախատեսված է «պատշաճ ձեւը»: Նշվածով պայմանավորված՝ հարկ է ուշադրությունը հրավիրել հետեւյալ հարցի վրա՝ արդյո՞ք ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարագայում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ մերժելու մասին լիազոր մարմնի հրամանը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին ուղարկելու համար սահմանված պատշաճ ձեւը (պատշաճ ձեւով տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը) կատարվելու է «Միասնական հայտ» համակարգի միջոցով, թե՞ ոչ: Նախագծում նշված հարցի հստակեցումը պայմանավորված է Օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջների պահպանման անհրաժեշտությամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

28.09.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

28.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով, սույն օրենքով սահմանված ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով՝ համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով)» բառերով: Ինչպես նաեւ առաջարկվում է Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ «7. 2023 թվականի հունվարի 1-ից ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների պատշաճ ծանուցումն անձանց կողմից ներկայացվում է միայն համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով:»:

Նշենք նաեւ, որ համապատասխան փոփոխությունը եւ լրացումը ուժի մեջ է մտնում պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո, այն համապատասխանեցնելով Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթի պահանջին:

Ըստ Նախագծի հիմնավորման` «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաեւ ծրագրային լուծման նպատակով «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման եւ ներկայացման գործընթացը կիրականացվի համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն կտրվի տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

23.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է  ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն տալ տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով: 

Միաժամանակ, նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով պատշաճ ծանուցումն իրականացնել միայն համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

 23.09.2021թ.