ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-022-15.09.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-022-15.09.2021-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

04.10.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2.Իրավական շփոթից խուսափելու համար` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ` օրենք)» ձեւակերպման մեջ «օրենք» բառը նշել մեծատառով՝ Նախագծի 3-րդ հոդվածում կիրառված «օրենք» բառից տարբերակելու նպատակով:

3.Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)  համաձայն՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) «67-րդ հոդվածը տարընթերցման տեղիք է տալիս (…) չի արտացոլում ուսման ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող բոլոր սովորողների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցը»: Այս հարցը լուծելու նպատակով` Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 67-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողներին՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ ստանալու դեպքում, պետությունն ուսանողական նպաստի ձեւով տրամադրում է ուսման վճարի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ վերոնշյալ հարցը չի լուծվում, քանի որ նշյալ մասով հղում է կատարվում Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ ստանալու դեպքին: Մինչդեռ, Օրենքի 67-րդ հոդվածով որպես կարգավիճակ ստանալու դեպք սահմանված է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում: Այսինքն՝ Օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է, որ ընդունելության պահին անձը լինի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակ, ծնող, ամուսին (կին) (այսուհետ՝ համապատասխան շրջանակ), ընդունված լինի ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով` քննությունները դրական միավորներով հանձնելով: Այս պարագայում Օրենքը չի արտացոլում այն դեպքը, երբ անձը ուսման ընթացքում է ներառվում համապատասխան շրջանակում: Հետեւաբար` առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-րդ մասում ոչ թե հղում տալ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ ստանալու դեպքերին, այլ պարզապես նշել այն անձանց շրջանակը, որոնք համապատասխան կարգավիճակ ձեռք բերելու պահից կօգտվեն ուսման վարձը պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվելու իրավունքից:

4.Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-րդ մասում անհրաժեշտ է որոշակիացնել, թե պետական բյուջեի միջոցների հաշվին ինչ չափով է փոխհատուցվում ուսման վճարը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կրթության բնագավառը կարգավորող բոլոր օրենքներով («Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին») ուսանողական նպաստի ձեւով նախատեսված է ուսման վճարի եւ՛ լրիվ, եւ՛ մասնակի փոխհատուցման հնարավորություն` կարծում ենք՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե նշված դեպքում պետության կողմից փոխհատուցումն ինչ չափով է իրականացվում:

5.    Նախագծի 3-րդ հոդվածով, որպես անցումային դրույթ, նախատեսվում է Նախագծով սահմանված կարգավորումները տրամադել մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա: Նման ձեւակերպումից պարզ չէ՝ Նախագծով սահմանված կարգավորումները նախատեսվում են արդյոք տարածել այն անձանց վրա, ովքեր նախքան Նախագծի ընդունումը արդեն իսկ հանդիսանում են ծագած եւ դեռեւս չավարտված իրավահարաբերությունների կողմ, այսինքն՝ ուսուցման ընթացքում ձեռք են բերել համապատասխան կարգավիճակ, սակայն հնարավորություն չեն ունեցել օգտվել պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վճարի փոխհատուցում ստանալու իրենց իրավունքից եւ վճարել են ուսման վարձը: Հետեւաբար` առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի ձեւակերպումը հստակեցնել եւ նախատեսել կարգավորում առ այն, որ Նախագծով սահմանված կարգավորումները տարածվում են ծագած եւ իրացված իրավահարաբերությունների վրա՝ նախատեսելով  վերահաշվարկ կատարելու կարգ: Հակառակ պարագայում Նախագծի 3-րդ հոդվածում նշված «մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա» ձեւակերպման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա՝ անկախ այդ հարաբերությունների ծագման պահից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ, առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248),

04.10.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248),

04.10.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հստակեցնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածը, որով կարգավորվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) եւ նրանց մինչեւ 27 տարեկան զավակների՝ ՀՀ հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կրթություն ստանալու հետ կապված հարաբերությունները: Այսինքն` խոսքը գնում է օրենքով արդեն իսկ ամրագրված իրավունքի մասին, սակայն  առաջարկվող լրացումներն առավել հստակություն կմտցենեն՝ շեշտադրելով, որ նշված կարգավիճակ ստանալու դեպքում պետությունն ուսանողական նպաստի ձեւով տրամադրում է ուսման վճարի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ է նկատի ունենալ, որ՝

1) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6.2-րդ հոդվածը, որի 4-րդ մասով սահմանված են հաշմանդամության 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբերը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել, ուստի այդ օրվանից ՀՀ-ում այլեւս հաշմանդամության 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբեր գոյություն չունեն (դրանց փոխարեն օգտագործվում է «ֆունկցիոնալության միջին, ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» հասկացությունը), հետեւաբար՝ անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող տեքստի հասկացությունները համապատասխանեցնել   «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին,

2) տվյալ դրույթին տրվում է հետադարձ ուժ եւ այն տարածվելու է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա, ինչն էլ նշանակում է, որ պետության կողմից ընթացիկ տարում նշված պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու դեպքում ծախսային տվյալ հոդվածի գծով պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն կարող է առաջանալ:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն օգտագործվող հասկացությունների մասով անհրաժեշտ է այն համապատասխանեցնել գործող օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.09.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է  լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում,  ինչը պայմանավորված է Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգավիճակ ստացած սովորողի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցի հստակեցմամբ: 

Ըստ հեղինակի` հիշյալ հոդվածը տարընթերցման տեղիք է տալիս: Մասնավորապես` այն չի արտացոլում ուսման ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող բոլոր սովորողների՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցը: Այդ կապակցությամբ Նախագծով առաջարկվող լրացումը կհստակեցնի վերոհիշյալ տարընկալման տեղիք տվող հասկացությունները` հաշվի առնելով, որ Օրենքի վերոնշյալ դրույթն ընդունելիս օրենսդիրը նկատի է ունեցել օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող սովորողների ուսման վարձի՝ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմամբ, անկասկած, կհստակեցվեն Օրենքի 67-րդ հոդվածի դրույթները, ինչով պայմանավորված ուսումնառության ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ստացող սովորողներն առանց խոչընդոտի կօգտվեն ուսման վարձի փոխհատուցման արտոնությունից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.09.2021