ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-017-09.09.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0171 -09.09.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-017-09.09.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0171 -09.09.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                            ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

23.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետեւ` Նախագիծ) 2-րդ հոդվածում հղում է կատարվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք)  5-րդ հոդվածի 4-րդ պարբերությանը. «Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի վարչական շրջանների» բառերով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում հղումները կատարվում են ուղղակի եւ հստակ:

Այսպիսով՝ Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը չի պարունակում «քաղաքի» բառը, միաժամանակ հարկ է նկատել, որ «քաղաքի» եզրույթը կիրառվում է Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի համապատասխան պարբերությանը կատարված հղումը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 5.1-ին հոդվածում կատարվում են հետեւյալ  լրացումները. «1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունը.

«Նոր համայնքներ ձեւավորվում են նաեւ համայնքի եւ այլ համայնքի բնակավայրի միավորման կամ համայնքից բնակավայրի անջատման միջոցով,

2) 2-րդ մասում երկրորդ «համայնքների» բառից հետո լրացնել «կամ համայնքների եւ այլ համայնքների բնակավայրերի» բառերը«

3) 3-րդ մասում «ձեւավորումն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքից բնակավայրի անջատումը» բառերը,»:

Օրենքի՝ նոր համայնքների ձեւավորմանը վերաբերող 5.1-ին հոդվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«1. Նոր համայնքներ ձեւավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով:

2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձեւավորումն է:

3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձեւավորումն է:

4. Միավորվել կարող են միեւնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաեւ սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:

5. Սահմանակից մարզերի համայնքների միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:»

Այպիսով՝  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 5.1-ին հոդվածում կատարվող լրացման արդյունքում նշվում է, որ նոր համայնքներ կարող են ձեւավորվել նաեւ համայնքի եւ այլ համայնքի բնակավայրի միավորման կամ համայնքից բնակավայրի անջատման միջոցով: Միաժամանակ, Օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին մասը պարունակում է կարգավորում, որի համաձայն` նոր համայնքներ ձեւավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով: Օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում սահմանվում են «համայնքների միավորում» եւ «համայնքների բաժանում» հասկացությունները, որոնցում կատարվող լրացման արդյունքում հասկացությունների մեջ ներառվում են նաեւ համայնքի եւ այլ համայնքի բնակավայրի միավորման եւ համայնքից բնակավայրի անջատման եղանակները: Արդյունքում՝ «Նոր համայնքներ ձեւավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով» ձեւակերպումը պարունակում է քննարկվող բոլոր եղանակներով նոր համայնքների ձեւավորման կարգավորումը, սակայն Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 5.1-ին հոդվածում կատարվող լրացման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում սահմանելու նաեւ նոր համայնքների ձեւավորման լրացվող  նոր եղանակների հասկացությունները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:(...)»:

Հիմք ընդունելով վերագրյալը եւ այն հանգամանքը, որ Օրենքի 5.2-րդ եւ 5.3-րդ հոդվածները վերաբերում են համայնքների միավորման կամ բաժանման սկզբուքներին եւ չափորոշիչներին՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 5.1-ին հոդվածում կատարվող լրացումները՝ դրանց միաժամանակյա առկայությունից ծագող իրավական շփոթը վերացնելու նպատակով:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքի 5.1-ին հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է կարգավորում, որը վերաբերում է միավորվող համայնքներին, սակայն համայնքի բնակավայրի վերաբերյալ նշում՝ Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Օրենքի 5.1-ին հոդվածի 4-րդ մասում չի կատարվում:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

«1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.

(...)

3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»:

Հիմք ընդունելով նշված կարգավորումը՝ առաջարկում ենք Նախագծով Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելիս նշել նաեւ փոփոխվող եւ լրացվող կետադրական նշանների մասին:

4. Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ են շարադրվում Օրենքի 2-րդ հավելվածի 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ, 2.6-րդ, 2.7-րդ, 2.9-րդ եւ 2.10-րդ բաժինների որոշ կետեր միայն, սակայն նոր շարադրվող կետերը բաղկացած են երեք սյունակներից՝ մարզի անվանմանը, համայնքի անվանմանը եւ բնակավայրի անվանմանը վերաբերող? ի տարբերություն Օրենքի 2-րդ հավելվածի բաժիններում առկա աղյուսակների, որոնք պարունակում են երկու սյունակ՝ համայնքի անվանմանը եւ բնակավայրի անվանմանը վերաբերող: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 8-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում Օրենքի 2-րդ հավելվածի 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ, 2.6-րդ, 2.7-րդ, 2.9-րդ եւ 2.10-րդ բաժինների կետերի մեծ մասը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Օրենքի 2-րդ հավելվածի 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ, 2.6-րդ, 2.7-րդ, 2.9-րդ եւ 2.10-րդ բաժինները շարադրել նոր խմբագրությամբ:

5. Նախագծի 7-րդ հոդվածով՝ Օրենքի 2-րդ հավելվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2.2-րդ բաժնի 1-ին կետում Աբովյան գյուղի մասին կատարվում է կրկնակի նշում: Օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ բաժնի 50-րդ կետում նշվում է Խաչփառ գյուղ բնակավայրի մասին, մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածով՝ Օրենքի 2-րդ հավելվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2.2-րդ բաժնի 3-րդ կետում ներառված է Խաչփար գյուղ բնակավայրը:

6. Նախագծի 7-րդ հոդվածով՝ Օրենքի 2-րդ հավելվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2.5-րդ բաժնի 6-րդ կետում ներառված է Արջհովիտ գյուղ բնակավայրը, իսկ107-րդ կետում Լեռնաջուր գյուղ բնակավայրը: Հարկ է նկատել, որ քննարկվող անուններով բնակավայրեր ներառված չեն Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնում: Միաժամանակ, Նախագծի 7-րդ հոդվածով՝ Օրենքի 2-րդ հավելվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2.5-րդ բաժնում ներառված չեն Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 68-րդ կետի Ղուրսալ գյուղ եւ 59-րդ կետի Հալավար գյուղ բնակավայրերը:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում, որ «(...) Նախագծով նախատեսվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը.

(...)

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր՝ Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան (թվով 4),

ՀՀ Լոռու մարզի Թումանյան՝ Թումանյան, Դսեղ, Չկալով (թվով 3),

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արեւաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21),

ՀՀ Լոռու մարզի Փամբակ՝  Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Մարգահովիտ, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ (թվով 15) (...)»:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակավայրերի անվանափոխություն հստակ չի կատարվում՝ առաջարկում ենք հստակեցնել քննարկվող բնակավայրերի անվանումները:

7. ,Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված է՝ «Մարզերի, Երեւան քաղաքի եւ համայնքների սահմանների նկարագրությունը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են սույն օրենքով», որի բովանդակությունից  բխում է, որ սահմանների նկարագրությունը պետք է նախատեսված լինեն ,Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: ,Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի գործող կարգավորմամբ 8.1-18.54-րդ հավելվածներով սահմանված են մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը՝ հստակ նկարագրելով յուրաքանչյուր համայնքին սահմանակից այլ համայնքների սահմանագծերը, ուղղությունները, սահմանագծի ընդհանուր երկարությունը: Օրինակ՝ ,Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 8.1-ին հավելվածով սահմանված է Կոտայք մարզի Հրազդան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը՝ նշելով հյուսիսից, հարավից, արեւելքից,  արեւմուտքից եւ այլ ուղղություններից Հրազդան համայնքին սահմանակից համայնքների անվանումները եւ ուղղությունները, այնուհետեւ սահմանված է Հրազդան համայնքին տարբեր ուղղություններով հարակից այլ համայնքների սահմանագծերի մանրամասն նկարագրությունը, երկարությունը: Մինչդեռ, Նախագծի 12-ից 67-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունների արդյունքում` տարբեր ուղղություններով համայնքների վարչական սահմանների նկարագրության, տեղանքի նկարագրության,  աշխարհագրական դիրքի, սահմանագծերի երկարության վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Արդյունքում հասկանալի չէ՝ ո՞ր իրավական ակտով հստակ պետք է նախատեսվեն համայնքի՝  հարակից մյուս համայնքների հետ սահմանագծի նկարագրությունը:

8. Նախագծի 17-րդ հոդվածով ,Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացվում է նոր 8.47-րդ հավելված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական սահմանների նկարագրությամբ: ,Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 8-րդ հոդվածի վերնագրից եւ բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը նախատեսված է 8.1-ից 8.43-րդ հավելվածներում: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթն առ այն, որ հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի` առաջարկում ենք Օրենքում լրացնել լրացվող հավելվածին հղում նախատեսող 8.47-րդ հոդված, իսկ  ,Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 8-րդ հոդվածում «8.43» թվերը փոխարինել «8.47» թվերով:

9. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում` Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ եւ կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության եւ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովների կարծիքները»: Հարկ է նշել, որ բնակավայրերի անվան?փոփոխման կամ անվանակոչման համար բնակավայրի բնակչության կարծիքը հաշվի առնելու պահանջ առկա է նաեւ Օրենք 6-րդ հոդվածի գործող կարգավորմամբ: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների հետ կապված հարաբերությունները կարգավորող «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 6-րդ հոդվածը բնակավայրերի անվանակոչումների եւ անվանափոխումների վերաբերյալ բնակավայրի բնակչության կարծիքը բացահայտելուն վերաբերող որեւէ կարգավորում չունի: 

Մասնավորապես՝ «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի` առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:

 3. Հայաստանի Հանրապետության մարզպետները երկշաբաթյա ժամկետում քննարկել աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը եւ իրենց եզրակացությունն են ներկայացնում Անշարժ գույքի կադաստրի կոմիտե: 

4. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը»:

 Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքով աշխարհագրական օբյեկտների անվանափոխության դեպում ընդգծվում է միայն  Կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի կարծիքը ստանալուն վերաբերող կարգավորումներ: Հետեւաբար՝ երկու օրենքների միմյանց համապատասխանությունն ապահովելու նպատակով` առաջարկում ենք բնակավայրի բնակչության կարծիքը բացահայտելուն վերաբերող դրույթ եւ այդ կարծիքը բացահայտելուն վերաբերող ընթացակարգ սահմանել «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքում:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար տրամադրված ժամկետը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողություններ, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

23.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

23.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ լրացումներ եւ փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումներն ապահովելու, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսները (մարդկային, ֆինանսական, հողային եւ այլն) առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր 486 համայնքներ միավորվել են, որի արդյունքում ձեւավորվել է 54 համայնք: Փաթեթի ընդունման արդյունքում կմիավորվեն եւս 441 համայնք, որի արդյունքում ձեւավորվելու է 37 խոշորացված համայնք: Նշենք նաեւ, որ միավորման ծրագրում չեն ներառվել Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արարատի մարզի Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի եւ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքները, որը պայմանավորված է ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ապահովելու անհրաժեշտությամբ:

Փաթեթով առաջարկվում է նաեւ լրացումներ եւ փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որը պայմանավորված է նոր համայնքի ձեւավորմամբ համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը կարգավորելու, համայնքների միավորման գործընթացի իրավական բազան ապահովելու, ինչպես նաեւ միավորվող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններ նշանակելու անհրաժեշտությամբ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

13.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով  առաջարկվում է փոփոխությունների եւ լրացումներ կատարել  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում՝ վարչատարածքային բարեփոխումներ իրականացնել նպատակով, որոնք անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային եւ այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) թվով 37 ծրագիր: Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 441 համայնք, որոնց միավորման (համայնքից բնակավայրի անջատման) արդյունքում ձեւավորվելու է թվով 37 համայնք:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել, որ համայնքների միավորման արդյունքում կարող են կրճատվել աշխատատեղեր, ինչպես նաեւ  քաղաքացիների եւ համայնքային պաշտոնյաների միջեւ առաջանալ անմիջական շփման եւ համայնքային որոշ ծառայություններից օգտվելու դժվարություններ՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքային հիմնարկների մշտական գործունեության վայրի եւ համայնքի մյուս բնակավայրերի միջեւ եղած հեռավորության հետ:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն աշխատատեղերի կրճատման հետ կապված անհրաժեշտ կլինի որոշակի քայլեր ձեռնարկել աշխատանքը կորցրած մարդկանց զբաղվածության ապահովման առումով:

Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ միավորման գործընթացի ճկուն եւ սահուն ընթացքը պահանջում է միավորվող բոլոր բնակավայրերի բնակչության իրազեկում, ակնկալվող արդյունքների եւ հնարավոր խնդիրների լուծումների վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում եւ բնակչության շահերի եւ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

13.09.2021թ.