ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-013-24.08.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-013-24.08.2021-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                            ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

14.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 64-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ՝ «Զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում»: Նշված լրացման բովանդակությունից բխում է, որ Նախագծով նախատեսվում է առաջնահերթ ու անվճար  դարձնել զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը: 

Զինծառայողներին անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում եզրույթը բացահայտվում է որպես բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցում: Այսինքն՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտումը, բժշկական փորձաքննության անցկացումը եւ բուժումը ընդգրկված են բժշկական օգնության եւ սպասարկման բովանդակության մեջ:

 Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) զինծառայողները եւ նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները ներառված են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում: Այսինքն՝ օրենսդրության գործող կարգավորումներով զինծառայողներին բժշկական օգնությունն ու սպասարկումն (որն ընդգրկում է նաեւ առողջական վիճակի հետազոտումը, բժշկական փորձաքննության անցկացումը եւ բուժումը) արդեն իսկ անվճար է տրամադրվում:

Ինչ վերաբերում է զինծառայողներին առաջնահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելուն, նշենք, որ  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ (...) պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը, (...) հաստատում է Կառավարությունը»: Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը եւ այն ծառայությունների շարքը, որոնք կարող են տրամադրվել առանց հերթագրման եղանակի, սահմանված  է Որոշման 4-րդ հավելվածով: Մասնավորապես` Որոշման 4-րդ հավելվածի 7-րդ կետի համաձայն՝  «Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, եւ հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում»: Վերոգրյալից բխում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը, հերթագրման եղանակը հաստատվում է Կառավարության կողմից, իսկ հերթից դուրս կամ առաջնահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում կարող է տրամադրվել` կախված անձի առողջական վիճակի ծանրությունից կամ անհետաձգելի  սպասարկման անհրաժեշտությունից: 

Բացի այդ, Նախագծով լրացվող ձեւակերպումից հասկանալի չէ «զինծառայողի փորձաքննություն» եզրույթը: Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե զինծառայողի համար ո՞ր բժշկական  փորձաքննությունը պետք է անվճար  իրականացվի, որը ներառված չէ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների մեջ, կամ ո՞րը ներկայումս անվճար չի տրամադրվում:

2. Միաժամանակ նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ համեմատական է անցկացվում մի կողմից քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ՝ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության եւ վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների, իսկ մյուս կողմից ընդհանրապես, ցանկացած դեպքում զինծառայողների հետազոտման, փորձաքննության եւ բուժման միջեւ՝ նշելով, որ զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը նույնպես պետք է անցկացվի առաջնահերթ կարգով: Այս տեսանկյունից անհրաժեշտ է նկատել, որ զինվորական հաշվառման եւ զորակոչի դեպքում առաջնահերթ բժշկական օգնություն ցուցաբերելը պայմանավորված է օբյեկտիվ պատճառով, այն է՝ օրենսդրությամբ սահմանված սեղմ ժամկետներում մեծ թվով անձանց միաժամանակյա սպասարկումը, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ ներկայացված չէ որեւէ օբյեկտիվ հիմք՝ զինծառայողներին առաջնահերթ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Վերոգրյալը հիմք ընդունելով` կարծում ենք` անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում Նախագծով նախատեսված լրացման համար օբյեկտիվ հիմք ներկայացնելու մասով, հակառակ դեպքում` առաջանում է մի իրավիճակ, երբ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելիս՝ նախապատվությունը տալով զինծառայողներին` առանց հաշվի առնելու մյուս անձանց առողջական վիճակի ծանրությունը կամ անհետաձգելի սպասարկման անհրաժեշտությունը` դրանով իսկ խաթարելով այլ անձանց իրավունքների իրացումը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: »

Սահմանադրական դատարանն իր 2011 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴՈ– 980 որոշմամբ սահմանել է՝ «(...) հաշվի առնելով այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, հասարակական հարաբերությունների կայունության ապահովման անհրաժեշտությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավունքների իրականացման հայեցողությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ խաթարվի այլոց իրավունքների եւ ազատությունների, ներառյալ` դրանց պաշտպանության իրավունքի էությունը, վտանգի տակ դրվի հասարակական հարաբերությունների կայունությունը։ Հետեւաբար` իրավունքների իրականացման հայեցողությունը չի ենթադրում իրավունքների չկարգավորված, անկանոն իրականացում։ Այն ենթադրում է տվյալ իրավունքն իրականացնելու կամ չիրականացնելու իրավական հնարավորությունների միջեւ ընտրություն կատարելու իրավունք, որի իրականացումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակներում։ Ընդհակառակը, իրավունքների` օրենքով սահմանված կարգից դուրս ցանկացած իրականացման հնարավորություն կխաթարի այլոց իրավունքների եւ ազատությունների, ներառյալ` դրանց պաշտպանության իրավունքի էությունը` միաժամանակ վտանգի տակ դնելով հասարակական հարաբերությունների կայունությունը»: Հետեւաբար` զինծառայողների համար նախատեսված իրավակարգավորումները, անկախ զինծառայողի իրավունքների եւ ազատությունների առաջնահերթության սկզբունքի գոյության, չեն կարող իրացվել ի հաշիվ սահմանադրաիրավական որեւէ նորմի ու սկզբունքի անտեսման կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտմամբ: Տվյալ դեպքում հասկանալի չէ զինծառայողի համար բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելիս օրենքով առաջնահերթություն սահմանելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով անձի՝ զինծառայող լինելու հանգամանքը, եւ առանց հաշվի առնելու բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող այլ անձի (ոչ զինծառայողի) առողջական վիճակի ծանրությունը կամ սպասարկման անհետաձգելի լինելու հանգամանքը:

3. Առաջարկում ենք շտկել Նախագծում առկա վրիպակները, մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածում նշված «նոր՝» բառին հաջորդող «1.1.-ին» ձեւակերպումը փոխարինել «1.1-ին» ձեւակերպմամբ, իսկ «շրջանակներում» բառին հաջորդող առաջին չակերտը հանել:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաեւ ապահովել Նախագծի լրացուցիչ հիմնավորվածությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

14.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

14.09.2021





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումն իրականացնել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 

07.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով, համաձայն որի` զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը պետք է կատարվեն առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված են այլ բժշկական հաստատություններում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման տարբերակները պետական բյուջեի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից` կարծում ենք, որ առաջարկվող լրացումը ուղղակիորեն հակասում է Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին, քանի որ այն սահմանում է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականցնել բոլոր զինծառայողների բժշկական օգնությունը եւ սպասարկումը այլ բժշկական հաստատություններում:

Համաձայն Նախագծին կից հիմնավորման` առաջարկվող լրացումը գործող օրենքում պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության եւ վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: Նշված հիմնավորումը այդքան էլ համոզիչ չէ, քանի որ քաղաքացիներին նման կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրվում է սահմանված ժամկետներում եւ կարգով՝ ապահովելու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ երկրի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ  առանց պոտենցիալ շահառուների թվաքանակի, պահանջվող ֆինանսական միջոցների չափի, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի հստակեցման եւ վերլուծության` Նախագիծը խնդրահարույց է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

03.09.2021թ.