ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-006-17.08.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-006-17.08.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

02.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին:

2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «ծառայության մատուցում՝ (...)

բ. էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (այսուհետ՝ էլեկտրոնային ծառայություն)՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է՝ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (...) »:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Մեջբերված դրույթի հաշվառմամբ՝ առաջարկում ենք անցումային դրույթում սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացմանը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 2.1-ին կետով, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի եւ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջեւ կատարվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ձեւավորվող հարկման բազաները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1) Օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձինք են համարվում նաեւ՝

1) անհատ ձեռնարկատերերը,

2) նոտարները»:

Օրենսգրքի 25-րդ հոդվածում նախատեսված են ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ համարելու վերաբերյալ կանոնները: 

Վերոգրյալ դրույթների հաշվառմամբ՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի» ձեւակերպումը հստակեցնել եւ համապատասխանեցնել Օրենսգրքում կիրառվող եզրույթների տրամաբանությանը: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)»  գրելաձեւը կիրառելի չէ: Ուստի առաջարկում ենք վերանայել տվյալ գրելաձեւը ողջ Նախագծում:

2) Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի եւ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջեւ կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձեւավորվող հարկման բազաները եւ սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 2.1-ին կետում նշված սուբյեկտների միջեւ կնքվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների պարագայում Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ընդհանուր կանոնի համեմատությամբ այլ՝ հատուկ կարգավորում է նախատեսված, այն է՝  «հարկման բազաները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից»: Սակայն տվյալ հատուկ կանոնով մասնավորեցված չեն ընդհանուր կանոնում առկա մի շարք այլ հարցեր, օրինակ՝ տվյալ գործարքների պարագայում ո՞ր կողմն է կրելու ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը, կամ ինչպե՞ս են հարշվարկվելու սկզբնական արժեքները քննարկվող սուբկեկտների միջեւ կնքված գործարքների պարագայում:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է՝ «Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝

1-ին եւ 2-րդ մասերի առաջին պարբերությունում «ծառայության մատուցման» բառերը փոխարինել «ծառայության, բացառությամբ՝ էլեկտրոնային ծառայության, մատուցման» բառերով»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը»:

Նկատենք, որ Օրենսգրքի 39-րդ հոդվածը բաժանված է մասերի, հետեւաբար` հոդվածի մասին հղում կատարելիս անհրաժեշտ է պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «ծառայության մատուցման» բառերը կիրառված են երկու անգամ՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունները ձեւակերպելիս անհրաժեշտ է պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունը ստանում է կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը»:

Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենսգրքի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձի բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար), իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձի բնակության վայր է համարվում ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

Վերոշարադրյալ նորմերի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 1-ին կետում կիրառված «գտնվելու վայրը» հասկացությունը վերանայել, միաժամանակ քննարկվող նորմը ձեւակերպելիս ապահովել կիրառվող հասկացությունների համապատասխանությունը Օրենսգրքով սահմանված եզրույթներին:

6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է՝ 

Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունը ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում եւ այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ ստանում ծառայություններ»: 

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է»:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւս գործածվում է «իրավաբանական անձի գտնվելու վայրը» ձեւակերպումը: 

Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել «գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը)» ձեւակերպումը՝ ապահովելով համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին:

2) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 3-րդ կետում իբրեւ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայր համարվելու պայման է նախատեսված` «ինչպես նաեւ ստանում ծառայություններ»-ը: Սակայն, վերջինիս բավարար հստակությամբ սահմանված չլինելու արդյունքում անհասկանալի է տվյալ «պայմանի» առանցքային նշանակությունը էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի կանոնի որոշման հարցում: Ուստի, առաջարկում ենք վերաձեւակերպել քննարկվող հատվածը՝ ապահովելով համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ պահպանելով օրենքի կանխատեսելիության պահանջը:

Նույն հիմքերով առաջարկում ենք վերախմբագրել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետում կիրառված «հաշվարկների իրականացման համակարգի օպերատորի գտնվելու վայրը» ձեւակերպումը:

7. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով սույն կետին համապատասխան ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանի Հանրապետությունը եւ այլ պետությունը, ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ առկա են սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված ավելի մեծ թվով պայմաններ, քան այլ պետությունում, իսկ սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ծառայություն մատուցողը էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշում է ինքնուրույն»:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 4-րդ կետում սահմանված կանոնի տրամաբանությունից բխում է, որ հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության պարագայում էլեկտրոնային ծառայության մատուցման վայրի որոշման իրավասությունը վերապահված է ծառայություններ մատուցողին: Մինչդեռ, Օրենսգրքի 39-րդ հոդվածում ծառայության մատուցման վայրին վերաբերելի կանոնների վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդրական մակարդակում հստակ կերպով կարգավորված են կոնկրետ դեպքերում ծառայության մատուցման վայրի որոշման սկզբունքները: Վերը քննարկված կարգավորման պարագայում էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշելու իրավասությունը ծառայություն մատուցողին վերապահելը, կարծում ենք, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, մասնավորապես այն տեսանկյունից՝ ինչու՞ է ծառայություն մատուցողը ծառայության մատուցման վայրը որոշում ինքնուրույն, այլ ոչ, օրինակ, փոխադարձ համաձայնությամբ:

8. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսված է լրացնել նոր նախադասությամբ, որի համաձայն՝ «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով»:

Օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչեւ այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Մեջբերված դրույթի վերլուծությունից բխում է, որ ավելացված արժեքի հարկի վճարման հետ կապված կարգավորումները սահմանված են Օրենսգրքում, տվյալ հարցի կարգավորումը թողնված չէ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավորման տիրույթին: Մինչդեռ, Նախագծի 8-րդ հոդվածով Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացման արդյունքում ավելացված արժեքի հարկի վճարման վերաբերյալ կարգի սահմանման հնարավորությունը վերապահված է Կառավարությանը, ինչի անհրաժեշտությունը, կարծում ենք, որ բավարար հստակությամբ հիմնավորման կարիք ունի:

9. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկման եւ վճարման հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ավելացված արժեքի հարկի համար սահմանված հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր կանոնից բացառություն է նախատեսված: Մինչդեռ, հարկի հաշվարկման եւ վճարման կարգի ընդհանուր կանոնի համեմատությամբ որոշակի սուբյեկտների համար հատուկ կանոնի նախատեսումը պետք է օբյեկտիվ հիմք ունենա, միաժամանակ բավարար հստակությամբ հիմնավորված լինի կատարվող փոփոխության նպատակը եւ անհրաժեշտությունը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ հստակեցնել քննարկվող փոփոխության կատարման անհրաժեշտությունը:

Նույն դիտարկման հաշվառմամբ՝ լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն նաեւ Նախագծի 

մի շարք այլ, օրինակ՝ 5-րդ եւ 7-րդ  հոդվածներով սահմանված փոփոխությունների եւ լրացումների կատարումը միայն սուբյեկտների որոշակի շրջանակի համար՝ տվյալ տարանջատումը նախատեսելու օբյեկտիվ հիմքի մատնանշման տեսանկյունից: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

01.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

01.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հստակեցնել էլեկտրոնային ծառայության հասկացությունը, սահմանել էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնները, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու եւ վճարելու կարգավորումները: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական  հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 

24.08.2021թ.
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

30.08.2021թ.