ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1004-30.06.2021-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

07.07.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «2021թ.» ձեւակերպումը փոխարինել «2021 թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

2. «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է փաստաթղթերի ցանկ, եւ իրավասու մարմինը պարտավոր է ապահովել ցանկում նշված բոլոր փաստաթղթերի առկայությունը միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելիս, սակայն «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին տեղեկանքը եւ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը Նախագծին կից ներկայացված չեն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ, առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին եւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի առկայությունը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան   (հեռ.՝ 011-513-248)

07.07.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան   (հեռ.՝ 011-513-248)

07.07.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 44,037.0 հազ. եվրո գումարի չափով, որը ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 9-ին եւ ուժի մեջ է մտել 2017թ. ապրիլի 24-ին: Ծրագրի նպատակն է հիմնանորոգել ճանապարհի՝ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային հատվածը (երկարությունը՝ 51.74կմ):

Ծրագրի ակնկալվող ավարտը 2020թ. նոյեմբերի 30-ն է, իսկ վարկի փակման ամսաթիվը՝ 2021թ. մայիսի 31-ը կամ որեւէ այլ օր, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Վարկառուի եւ ԱԶԲ-ի միջեւ: Սակայն, կապված մի շարք հանգամանքների հետ, Ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում հնարավոր չէ ավարտել, ուստի, հաշվի առնելով, որ ներկա իրավիճակում շինարարական աշխատանքների ավարտման համար իրատեսական ժամկետ է 2021թ. օգոստոսի 31-ը` Ասիական զարգացման բանկի կողմից 2020թ. հոկտեմբերի 9-ից 21-ը կայացած առաքելության շրջանակներում քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը (շինարարական աշխատանքների ավարտ՝ 2021թ. օգոստոսի 31, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2022թ. օգոստոսի 31 եւ 4 ամիս՝ ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման եւ կանխավճարային հաշվին առկա կանխավճարների լրիվ մարման համար):

Նշենք նաեւ, որ համաձայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարության կողմից ներկայացված տեղեկատվության՝ ծրագրի ներքո 2021 թվականին մասհանումների կանխատեսված գումարը կազմում է 7,726,300.0 հազ. դրամ, հետեւաբար` վերջինիս նկատմամբ հաշվարկված վարկի սպասարկման ծախսերն էականորեն կգերազանցեն 2021թ. պետական բյուջեով նախատեսված նշված վարկի սպասարկման ծախսերը, ինչն էլ նշանակում է, որ վարկային համաձայնագրի փոփոխությունը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.՝ 011-513-343) 

07.07.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021թ. ապրիլի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը, որի նպատակն է հիմնանորոգել ճանապարհի՝ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ կմ 38+450-կմ 90+191 հատվածը (երկարությունը՝ 51.74կմ):

«Համաձայնագրով սահմանված ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետության տարածքում Մ6 մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի տրանսպորտային արդյունավետությունն ու անվտանգությունը, որի համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել 44.037.000 (քառասունչորս միլիոն երեսունյոթ հազար) եվրո վարկ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339) 

06.07.2021թ.