ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (փաստաթղթային կոդ` 989-01.06.2021-ՖՎ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Տարեկան հաղորդումը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

11.06.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ (փաստաթղթային կոդ` 989-01.06.2021-ՖՎ) 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (այսուհետ՝ Հաղորդում) ներկայացվել է ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի եւ 28-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ ներկայացնում է հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում 2020 թվականի շրջանակներում հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված հաշվեքննության վերաբերյալ աշխատանքները:

Ըստ Հաղորդման ամփոփագրի՝ այն պատրաստվել է Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSA) ստանդարտներով (ISSAI-ներով):

Համաձայն ներկայացված Հաղորդման՝ այն բաղկացած է երեք հիմնական մասերից, մասնավորապես` 

1) ռիսկերի վրա հիմնված հաշվեքննությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, 

2) Հաշվեքննիչ պալատի ներքին գործընթացների ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն եւ արտաքին աուդիտի եզրակացություն, 

3) 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվեքննության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: 

Հաղորդման բովանդակությունը ներառում է նաեւ համառոտ ամփոփագիր, հաշվեքննության գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն եւ հավելվածներ:

Հարկ է նշել, որ Հաղորդման մեջ արտացոլվում է հաշվեքննության առավել ուշագրավ արդյունքները, իսկ հաշվեքննության բոլոր մանրամասները ներկայացված են ընթացիկ եզրակացություններում, որոնք հրապարակված են հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում:

Հաշվեքննիչ պալատը 2020 թվականին իրականացրել է 78 հաշվեքննություն, որից 65-ը Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակներում (2020 թվականի պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների եւ տարեկան կատարման հաշվեքննություն), իսկ 13-ը՝ սույն գործունեության ծրագրի երկրորդ մասի շրջանակներում (ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ): Ծրագրի երկրորդ մասի շրջանակներում (ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ) հաշվետու տարվա համար նախատեսված 29 հաշվեքննությունից 13-ն ավարտվել է, մեկը՝ կասեցվել, իսկ 15-ը դեռեւս շարունակվում է (օրենքի ուժով տեղափոխվել է հաջորդ տարի 2021 թ.):

2020 թվականի հաշվեքննիչ պալատի հաշվեքննության շրջանակը ներառել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության, ջրային ոլորտի, ոստիկանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, ճանապարհաշինության, համայնքային եւ այլ ոլորտներ:

Նշենք նաեւ, որ հաշվեքննողները կիրառել են հաշվեքննության երեք տեսակներ՝ «ֆինանսական», «համապատասխանության» եւ «կատարողականի»: Ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների արդյունքներով՝ «դրական եզրահանգում» հաշվեքննության կարծիք որեւէ հաշվեքննությամբ չի տրամադրվել: Բացահայտված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ ռիսկեր պարունակող դեպքերի վերացման եւ կանխարգելման, ինչպես նաեւ աշխատանքների արդյունավետության բարձրացման համար ՀՀ կառավարությանը եւ այլ մարմիններին ներկայացվել են ընդհանուր թվով 192 առաջարկություն:

Նշենք նաեւ, որ 2017-2020 թվականների գործունեության ծրագրի շրջանակներում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով իրավապահ մարմիններին է տրամադրվել 44 նյութ, որոնցից 41-ը՝ ՀՀ գլխավոր դատախազություն, 1-ը` ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, 1-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 1-ը՝ ՀՀ քննչական կոմիտե: Տրամադրված նյութերի շրջանակներում 23-ի մասով տրվել է իրավական գնահատական, իսկ 21 նյութի մասով ուսումնասիրությունները շարունակվում են: Իրավական գնահատականի արժանացած 23 նյութի մասով հարուցվել է 45 քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հարուցված քրեական գործերի մասով պատճառված վնասի նախնական չափը կազմում է 3.413.300 հազ. դրամ: Պատճառված վնասի վեջնական չափը պարզելու համար նախաքննությունը շարունակվում է:

Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասով արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են պետական բյուջեի կատարման թափանցիկության, վերահսկելիության եւ հանրային հաշվետվողականության ապահովման գործընթացներին (սույն մասով կատարվել է մի շարք առաջարկություններ): 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

11.06.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան Հաղորդումը ներկայացվել է ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 5-րդ եւ 28-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ստանդարտները՝ ISSAI-երը:

Համաձայն ներկայացված հաղորդման՝ 2020 թվականին հաշվեքննություն է իրականացվել՝

-   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում,

-   ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում,

-   ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում,

-   ՀՀ ոստիկանությունում,

-   ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում,

-   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում,

-   ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում,

-   Կադաստրի կոմիտեում,

-   այլ գերատեսչություններում:

Ընդհանուր առմամբ իրականացվել է 78 հաշվեքննություն, որից 65-ը՝ 2020 թվականի պետական բյուջեի եռամսյակների եւ տարեկան կատարման հաշվեքննություններ են, իսկ 13-ը՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ գործունեության ծրագրի շրջանակներում: 

Հարկ է նշել, որ այս անգամ, հիմնվելով ISSAI-երով, կիրառվել են հաշվեքննության «ֆինանսական», «համապատասխանության» եւ «կատարողականի» տեսակներ: Ըստ այդմ, ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների արդյունքներով «դրական եզրահանգում», որպես կարծիք, որեւէ հաշվետվությամբ չի տրամադրվել: Ութ հաշվեքննությունների դեպքում տրվել է «ոչ լիարժեք եզրահանգում» կարծիք՝ հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ եւ անհնար է դարձել ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննությունն իրականացնելու համար:

Հաշվեքննություններով բացահայտված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ ռիսկեր պարունակող դեպքերի վերացման, կանխարգելման եւ աշխատանքների արդյունավետության բարձրացման համար ստուգման օբյեկտներին, ՀՀ կառավարությանը եւ այլ մարմիններին ներկայացվել են մոտ 192 առաջարկություններ՝ համակարգին, արդյունքին եւ խնդրին միտված բնութագրական հատկանիշներով:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

02.06.2021