ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-974-14.05.2021.ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

02.06.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1.     Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հանել «բացառությամբ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, 16 տարին լրացած երեխայի» բառերը, ինչի արդյունքում անգործունակ ճանաչված անձի եւ 16 տարին լրացած երեխայի առողջությանը վերաբերող՝ Օրենքով սահմանված տեղեկությունները կարող են տրամադրվել վերջիններիս, պայմանով, եթե նրանց օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն:

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի ստանալու իր առողջական վիճակի, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման մասին տեղեկություն»: 

Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Բուժաշխատողները պարտավոր են պացիենտին եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղյակ պահել առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման (...) վերաբերյալ»:

Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման 1-ին հավելվածի 36- րդ կետի 4-րդ պարբերության համաձայն՝ «Բուժհաստատությունը պարտավոր է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տեղեկություններ առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման եւ բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների եւ բուժման արդյունքների մասին»:

Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում»: Սահմանադրական դատարանն իր 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ սահմանել է, որ Սահմանադրության 37-րդ հոդվածը երաշխավորում է երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Սակայն այդ կարծիքը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, պարտադիր պետք է հաշվի առնվի միայն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է իրեն՝ երեխային: Այսինքն՝ «երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան» սահմանադրական ձեւակերպումից բխում է, որ երեխայի կարծիքի որոշիչ լինելու աստիճանը կախված է կոնկրետ հանգամանքներից՝ երեխայի տարիքից եւ հասունության մակարդակից, որը տարբեր անձանց մոտ կարող է տարբեր լինել:

Սահմանադրական դաատարանը նույն որոշման 4.5-րդ կետով սահմանել է՝ «(...) հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատվություն պետք է տրվի նաեւ անչափահաս այն անձի կարծիքին, որի տարիքը թույլ է տալիս արտահայտել իր կամքը, ինչպես նաեւ պետք է ապահովվի տվյալ անչափահաս անձին իր առողջության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առաջնահերթությունը»: 

Նշված դրույթների եւ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման բովանդակությունից բխում է, որ անչափահաս անձից եւ անգործունակ ճանաչված անձից  (օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում) բժշկական միջամտության վերաբերյալ իրազեկված համաձայնություն ստանալու պահանջն ածանցյալ է նշված անձանց՝  իրենց վերաբերյալ բժշկական տեղեկությունների մատչելիության իրավունքին:

Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են նրան, եթե միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները.

1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան ի վիճակի են գնահատել իրենց առողջական վիճակը,

2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին, երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը,

3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն, բացառությամբ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, 16 տարին լրացած երեխայի»: Նշված հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված բացառությունը անգործունակ ճանաչված անձի, 16 տարին լրացած երեխայի՝ իրենց վերաբերելի բժշկական տեղեկությունների մատչելիության իրավունքի, իրենց կարծիքն արտահայտելու իրավունքի երաշխիքն է, ածանցյալ է պացիենտի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին՝ վերջիններիս իրազեկված համաձայնություն ստանալու պահանջին: Մինչդեռ, Նախագծով համապատասխան բացառությունը հանելու արդյունքում՝ անչափահասին կամ անգործունակ ճանաչված անձին՝ իրենց առողջությանը վերաբերող տեղեկատվությունը անձամբ տրամադրելը կախվածության մեջ է դրվում օրինական ներկայացուցչի կամքից, ցանկությունից՝  հաշվի առնելով օրինական ներկայացուցչի կարծիքը: Այսինքն՝ Նախագծով նախատեսված կարգավորմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը, գնահատելով անչափահասի կան անգործունակ ճանաչված անձի տարիքը եւ հասունության մակարդակը, անգործունակ ճանաչված անձի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները հստակ հասկանալու եւ կանխատեսելու ունակությունը, չի կարող տեղեկատվություն տրամադրել անչափահաս կամ անգործունակ ճանաչված անձանց իրենց առողջական վիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով օրինական ներկայացուցչի կարծիքը, մինչդեռ օրենսդրական կարգավորմամբ պետք է ապահովվի անչափահասի կամ անգործունակ ճանաչված անձի տեղեկատվությունը ստանալու նախապատվությունը՝ օրինական ներկայացուցչի համեմատ: Այլ հարց է, որ նշված հոդվածի գործող ձեւակերպմամբ հակասական կարգավորում է առկա 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 3-րդ կետի միջեւ, ինչը հնարավոր է վերացնել 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, հատկապես որ Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է համապատասխան տեղեկատվությունը նաեւ օրինական ներկայացուցիչներին տրամադրելու պահանջին եւ Օրենքով սահմանված պայմանների բացակայության դեպքում միայն օրինական ներկայացուցչին տրամադրելու պահանջին: 

Վերոգրյալի հիման վրա կարծում ենք, որ 16 տարին լրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է սահմանել այնպիսի կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն 16 տարին լրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց կամքը հաշվի առնելը՝ նրանց կողմից իրենց հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները հասկանալու եւ կանխատեսելու ունակության աստիճանին համապատասխան՝ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխության արդյունքում՝ Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետն ավարտվում է միաժամանակ երկու կետադրական նշանով՝ ստորակետով եւ միջակետով, հետեւաբար Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ» բառից առաջ նշված ստորակետը եւս անհրաժեշտ է հանել:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 37-րդ հոդվածի տեսանկյունից:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

02.06.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

02.06.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները


Ներկայացված Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: Խնդիրը կայանում է նրանում, որ համավարակի սկզբնական փուլում այս հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը: Արդյունքում՝ անհրաժեշտություն առաջացավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:

Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու նշված արգելքը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

21.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Դեռեւս մեկ տարի առաջ կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված՝ հիվանդության վարակելիության աստիճանը ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, եւ անհրաժեշտություն առաջացավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացվեն: 

Վերջին մեկ տարվա ընթացքում իրականցված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակվելիությունից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի հեղինակները առաջարկում են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ եւ հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

Նախագիծը սոցիալ, կրթական, հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

27.05.2021թ.