ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-960-03.05.2021-ՏՀ-011/0)  նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                    ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

21.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է կատարել ընդամենը մեկ փոփոխություն եւ այն ունի ընդամենը մեկ ենթակետ, որը համարակալված է, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի», հետեւաբար՝ առաջարկվում է համարակալված «ա» ենթակետի համարը հանել եւ այն շարադրել առաջին չհամարակալված պարբերության հետ մեկ պարբերությամբ:

2.   Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետը ունենում է հետեւյալ տեքստը. «գերատեսչական եւ տեղական (համայնքային) աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, (տարածական տվյալների ենթակառուցվածք) ստեղծումը եւ վարումը», այս ձեւակերպման համատեքստում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «աշխարհագրական տեղեկատվական համակարգերի» բառերը առանձնացված են «(տարածական տվյալների ենթակառուցվածք)» բառերից ստորակետով, հասկանալի չէ, թե ինչու են «(տարածական տվյալների ենթակառուցվածք)» բառերը շարադրված փակագծերի մեջ: Առաջարկվում է խմբագրել Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ կետը:

3.   Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսվում է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ, սակայն նշված չէ, թե նախադասությունը կոնկրետ որտեղ է լրացվում: Հիմք ընդունելով Օրենքի 17-րդ հոդվածի կարգավորումները՝ առաջարկվում է հստակեցնել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի ձեւակերպումը:

4.   Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի 6-րդ հոդվածում «ճյուղային եւ տարածքային ծրագրեր» ձեւակերպման փոխարեն կիրառել «ճյուղային (ոլորտային)  եւ տարածքային ծրագրեր» ձեւակերպումը, փոփոխությունը կատարվում է միայն 6-րդ հոդվածում, մինչդեռ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքի 2-րդ հոդվածում նույնպես կիրառվում է «ճյուղային ծրագիր» ձեւակերպումը: Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», հետեւաբար՝ առաջարկվում է ապահովել Նախագծում միեւնույն միտքն արտահայտող ձեւակերպումների միատեսակ կիրառումը:

5.   Նախագծի 20-րդ հոդվածում նախատեսվում է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքը լրացնել նոր՝ 16.3 հոդվածով, որտեղ կիրառվում «մետատվյալների շտեմարան» եզրույթը, որը բացահայտված չէ ո՛չ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքով, ո՛չ Նախագծով: Հաշվի առնելով Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, համաձայն որի՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»՝ կարծում ենք նպատակահարմար է սահմանել «մետատվյալների շտեմարան» եզրույթը, ինչպես նաեւ դրա վարման եւ դրանից օգտվելու կարգը, ինչի մասին որեւէ նշում չկա նաեւ Նախագծի 23-րդ հոդվածում:

6.   Նախագծի 23-րդ հոդվածն ունի «Անցումային դրույթներ» վերտառությամբ վերնագիրը, մինչդեռ Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի», հետեւաբար՝       առաջարկվում է հանել Նախագծի 23-րդ հոդվածի վերնագիրը:

7.   Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի՝ «Օրենքի ուժի մեջ մտնելը» վերնագրով 24-րդ հոդվածին:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծում առկա են որոշ վրիպակներ, մասնավորապես՝ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի «գեոդեզիայի, քարտեզագրության տարածական տվյալների ենթակառուցվածքի» ձեւակերպման մեջ «քարտեզագրության» ու «տարածական» բառերը պետք է իրարից անջատվեն «եւ» շաղկապով, Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին կետում «բառերից» բառի փոխարեն պետք է կիրառել «բառից» բառը,Նախագծի 19-րդ հոդվածում «(պլանային եւ բարձունքային» ձեւակերպման մեջ բացակայում է երկրորդ փակագիծը եւ այլն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

21.05.2021




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

21.05.2021





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին»՝ օրենքում ավելացնելով նաեւ տարածական տվյալների եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ, որոնք ներկայումս նախատեսված «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքով:

Նախագծով առաջարկվում է նաեւ կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության հետ կապված աշխատանքները, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում սահմանել պատասխանատվություն` օրենքի պահանջների խախտման համար, իրավական հիմքեր ձեւավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման համար, սահմանել եւ հստակեցնել տվյալ բնագառավում ՀՀ կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

11.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայումս «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տարածական տվյալների եւ ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ: Վերջիններս կնպաստեն կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական եւ կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը եւ օգտագործմանը, Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների եւ նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության եւ տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը եւ ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաեւ շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի եւ աշխատատարության կրճատմանը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, գեոդեզիայի, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման եւ սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցության կարգը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

13.05.2021թ.