ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-954-29.04.2021-ՏՏԳԲ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9541 -29.04.2021-ՏՏԳԲ-011/0), «Բնապահպանական իրավախատումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9542 -29.04.2021-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

19.05.2021թ.
 






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 36.1-ին մասով, այն է՝ «36.1) սահմանում է համայնքի վարչական սահմաններում գտնվող կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները՝ անկախ սեփականության ձեւից՝ այդ տարածքների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքն երաշխավորելու նպատակով.»:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝

1)    Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք։ 

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:

Վերոգրյալի կապակցությամբ նկատենք, որ Օրենքի  շրջանակներում բացահայտված չէ «կանաչ տարածք» հասկացության էությունը: Օրենքի մակարդակով նախատեսված չլինելու պարագայում՝ անորոշ է դառնում՝ ո՞ր տարածքների պահպանման եւ օգտագործման կանոններն է սահմանելու համայնքի ավագանին, ինչն էլ խնդրահարույց է օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության պահանջների, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի տեսանկյունից, որի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»:

Միաժամանակ նշենք, որ անձի սեփականության իրավունքի սահմանափակումը, համայնքի ավագանուն անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքի վերաբերյալ օգտագործման եւ պահպանման կանոններ սահմանելու իրավասություն վերապահելու արդյունքում, կարող է կատարվել միայն օրենքով հստակ դեպքերի սահմանման արդյունքում համաչափության սկզբունքին խիստ համապատասխան կերպով: Մինչդեռ, տվյալ պարագայում անհասկանալի է՝ ո՞ր դեպքերում, ի՞նչ ծավալով, ինչպիսի՞ չափորոշիչների առկայության պարագայում կարող է կատարվել անձի սեփականության իրավունքի սահմանափակումը: Հետեւաբար՝ հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք արձանագրել, որ քննարկվող կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի, ինչպես նաեւ Սահմանադրության 60-րդ եւ 78-րդ հոդվածների տեսանկյունից: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ» կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

2)   Նախատեսված լրացման արդյունքում ստացվում է, որ համայնքի ավագանին պետք է սահմանի համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները, ինչի ընդունման ժամկետի վերաբերյալ առաջարկում ենք նշում կատարել անցումային դրույթում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ» կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

3)   Նկատենք նաեւ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու համար: Մինչդեռ, Նախագծերի փաթեթով սահմանված նոր կանոնների խախտման համար պատասխանատվություն նախատեսող դրույթ առկա չէ: 

2.  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարնել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում է մեկ լրացում:

3.   «Բնապահպանական իրավախատումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման արդյունքում «Բնապահպանական իրավախատումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Սույն օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված եւ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չեն խախտվել այլ անձանց իրավունքները»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

«Բնապահպանական իրավախատումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 1-ին հոդվածում սահմանված է օրենքի կարգավորման առարկան, այն է՝ 

«Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները եւ դրա հաշվարկման ու գանձման կարգը:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված եւ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա»:

Հարկ ենք համարում նշել, որ իրավական կարգավորման տիրույթում գտնվող հասարակական հարաբերությունները կազմում են իրավական կարգավորման առարկան: Օրենքի կարգավորման առարկայի բավարար չափով որոշակիության ապահովումն անհրաժեշտ է, որպեսզի հասկանալի լինի հասարակական հարբերությունների որ շրջանակն է կարգավորվում տվյալ նորմատիվ իրավական ակտով եւ իրավատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Մինչդեռ, «Բնապահպանական իրավախատումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման հիման վրա օրենքի կարգավորման առարկան ընդգրկում է անորոշ շրջանակի հասարակական հարաբերություններ, ինչն անորոշություն է առաջացնում օրենքի վերաբերելիության առումով:

Բացի այդ, հասկանալի չէ՝ ինչ է ենթադրում «չեն խախտվել այլ անձանց իրավունքները» ձեւակերպումն օրենքի կարգավորման առարկայի համատեքստում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 60-րդ եւ 78-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

18.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

18.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես՝ 18-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկվում է լրացնել 36.1-ին կետով, ըստ որի` համայնքի ավագանին. «սահմանում է համայնքի վարչական սահմաններում գտնվող կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները՝ անկախ սեփականության ձեւից՝ այդ տարածքների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքն երաշխավորելու նպատակով.»:

Առաջարկվում է նաեւ  Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 2-րդ կետով, ըստ որի` համայնքի ղեկավարը  «կազմակերպում է համայնքի վարչական սահմաններում գտնվող կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնների պահպանությունը:»:

Նույնաբովանդակ լրացումներ է առաջարկվում կատարել նաեւ «Երեւան  քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:

Փաթեթով առաջարկվում է նաեւ լրացում կատարել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունում, մասնավորապես՝ «օբյեկտների վրա» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չեն խախտվել այլ անձանց իրավունքները» բառերով:

Փաթեթով առաջարկված փոփոխությունը եւ լրացումները պայմանավորված են ապօրինի ծառահատումները կանխելու, այս ոլորտում օրենսդրական բացերը լրացնելու, ինչպես նաեւ էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքը երաշխավորելու անհրաժեշտությամբ: 

Փաթեթի ընդունման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում համայնքի ավագանու կողմից կսահմանվեն համայնքի վարչական սահմաններում գտնվող (անկախ սեփականության ձեւից) կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոններ, իսկ համայնքի ղեկավարները կլիազորվեն կազմակերպել այդ կանոնների պահպանությունը, որի արդյունքում էլ՝ կերաշխավորվի այդ տարածքների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

11.05.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքներում: 

Նախագծերի փաթեթի ներկայացման նպատակ են հանդիսացել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքերը, որոնք դժգոհությունների առիթ են հանդիսացել բնակչության շրջանում: Ըստ հեղինակների՝ ակնառու են համայնքի բնակչության իրավունքների խախտումները՝ ծառահատման հետեւանքով էկոհամակարգին հասցված վնասի առումով, այդուհանդերձ, օրենքով այդ իրավունքի պաշտպանվածության վերաբերյալ որեւէ կարգավորում նախատեսված չէ: 

Նախագծերի փաթեթով առաջարկվող օրենսդրական կարգավորումները նպատակ ունեն լրացնելու նշված օրենքներում առկա բացերը, եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահել իրավասություն՝ կարգավորելու առկա խնդիրները՝ երաշխավորելով էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքը եւ ապահովելով սոցիալական առումով դրական էֆեկտ:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

6.05.2021