ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-951-27.04.2021-ՏՀ-011/0) եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9511 -27.04.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)  մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 

18.05.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետեւ` Նախագիծ) 1-ին հոդվածով նշվում է հետեւյալը.

««Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ պարբերություններում եւ Օրենքի ամբողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգերով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:»:

Նախագծի 1-ին հոդվածի կարգավորումից բխում է, որ «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի ողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգեր» բառերը եւ դրանց հոլովաձեւերը պետք է փոխարինվեն «տեխնիկական կանոնակարգեր եւ նորմատիվ իրավական այլ ակտեր» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով, սակայն առանձին նշում է կատարվում «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի 2-րդ հոդվածի` տեխնիկական ստուգումների եւ պետական տեխնիկական վերահսկողության հասկացությունների տեքստում կիրառվող «տեխնիկական կանոնակարգերով» բառերի մասին: Հարկ է նկատել, որ եթե ձեւակերպման նպատակը «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի 2-րդ հոդվածի այլ հասկացություններում կիրառվող «տեխնիկական կանոնակարգերով» բառերի վրա քննարկվող փոփոխությունը չտարածելն է, ապա այդ մասին պետք է կատարվի հստակ նշում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումը:

2. Նախագծի 1-ին հոդվածում հղում է կատարվում «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը` հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի` աառաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածում արված հղումը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածում «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին կատարված հղմանը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «ա)» տառը եւ կետադրական նշանը փոխարինել « «ա» » տառով եւ կետադրական նշանով:

3. «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Էներգետիկայի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»:

4. «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը հանվում է:

«Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության եւ բնապահպանության նորմերի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները լիցենզավորված անձինք իրականացնում են հանձնաժողովի հաստատած փուլային ծրագրով եւ ժամանակացույցով: Հաստատված ծրագրի իրականացման ընթացքում դրանցում ներառված տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներից շեղումները չեն համարվում այդ նորմերի խախտումներ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք` «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը հանելու պարագայում` «Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության կարգավորման տեքստում պետք է հստակեցվի հաստատված ծրագրերի վերաբերյալ նշումը:

5. Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի 3-րդ հոդվածներով նախատեսվում են օրենքների ուժի մեջ մտնելու տարբերակված ժամկետներ: Առաջարկում ենք վերանայել օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները` դրանք համապատասխանեցնելով միմյանց:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

18.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

18.05.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք այս օրենքներով սահմանված հարաբերություններն իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման խնդիր են լուծում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո այս քայլը հնարավորություն կընձեռի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ սահմանել նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերով հաստատված շահագործման կանոններ եւ այլ պահանջներ, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պայմաններից եւ պահանջներից բացի, հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների եւ պահանջների նկատմամբ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

05.05.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում «տեխնիկական կանոնակարգերով» եւ «տեխնիկական կանոնակարգեր» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով» եւ «տեխնիկական կանոնակարգեր եւ նորմատիվ իրավական այլ ակտեր» բառերով  եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Ներկայացված փոփոխությունները պայմանավորված են տեխնիկական կանոնակարգման օրենսդրության փոփոխությամբ եւ արդյունքում՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման եւ դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո էներգետիկայի բնագավառում համապատասխան պայմանների եւ պահանջների սահմանման եւ վերահսկողություն իրանականացնող տեսչական մարմնի համար դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարող են ստեղծվել իրավական հիմքեր՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման եւ դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում բնականոն գործունեության եւ պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

10.05.2021թ