ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-941-20.04.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

07.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր, հիմք` (Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը): Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»  օրենքի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «Ամանոր եւ Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:», իսկ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել փոփոխվող օրենքի 1.1-ին հոդվածը:

Այս առնչությամբ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող իրավակարգավորուման բնույթից եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման բովանդակությունից պարզ է դառնում, որ նախագծի 1-ին հոդվածով  առաջարկվող փոփոխության նպատակն է հունվարի 2-ից 5-ը ներառյալ տոնական ոչ աշխատանքային օրերը  սահմանել աշխատանքային: Փաստորեն, տվյալ իրավակարգավորմամբ հունվարի  2-ն  Ամանորի եւ 3-ից 5-ը նախածննդյան տոները սահմանվում են  աշխատանքային օրեր եւ միայն հունվարի  6-ը` Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնը, պահպանվում է որպես ոչ աշխատանքային օր: Վերոգրյալի կապակցությամբ ուսումնասիրելով միջազգային փորձը նշենք հետեւյալը.

ՌԴ-Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, նշվում է հունվարի 1-ից 8-ը, ոչ աշխատանքային օրեր

Գերմանիա-Սուրբ Ծնունդ, նշվում է  դեկտեմբերի 25-ին եւ 26-ին, ոչ աշխատանքային օրեր

Լիտվա- Սուրբ Ծնունդ, նշվում է  դեկտեմբերի 25-ին եւ 26-ին, ոչ աշխատանքային օրեր

Մեծ Բրիտանիա- Սուրբ Ծնունդ, նշվում է  դեկտեմբերի 25-ին եւ  26-ին, ոչ աշխատանքային օրեր

Էստոնիա- Սուրբ Ծնունդ, նշվում է  դեկտեմբերի 24-ին, 25-ին եւ 26-ին, ոչ աշխատանքային օրեր

Լատվիա- Սուրբ Ծնունդ, նշվում է  դեկտեմբերի 24-ին, 25-ին եւ 26-ին, ոչ աշխատանքային օրեր:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»  օրենքի 1.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Տվյալ հոդվածը վերաբերում է Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրվան, որը նշվում է հունվարի 7-ին՝ ոչ աշխատանքային օր: Այս պարագայում անհրաժեշտ է փաստել, որ փոփոխվող  «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի  2.2-րդ հոդվածը վերաբերում է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվան եւ նշվում է փետրվարի 28-ին, 10.1-ին հոդվածը սահմանում է բռնադատվածների հիշատակի օրը, որը նշվում է  հունիսի 14-ին, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածը վերաբերում է երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օրվան, որը նշվում է դեկտեմբերի 7-ին:

Այսպիսով, ելնելով վերը թվարկված իրավանորմերի բովանդակությունից, պարզ է դառնում, որ փոփոխվող օրենքում առկա են հիշատակի օրեր, որոնք աշխատանքային են: Այս պարագայում պարզ չէ այն հանգամանքը, թե ինչ հիմքով է Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»  օրենքի 1.1-ին հոդվածն ամբողջությամբ, որը եւս հիշատակի օր է: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք պահպանել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 1.1-ին հոդվածով սահմանված հիշատակի օրը, բացի այդ, ելնելով միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներից, առաջարկում ենք այն թողնել որպես ոչ աշխատանքային օր:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «հետեւյալ» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է` «1.Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «1.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «1.1-ին» ձեւակերպմամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

          Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով. «երկրի ներսում եւ արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման եւ անխափան գործունեության հրամայականից։», ինչը, ըստ Նախագծի հեղինակի, դրական ազդեցություն կունենա առեւտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի եւ այլ բնագավառների վրա: 

Մեր կարծիքով Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաեւ ընկերությունների եւ կազմակերպությունների ֆինանսական վիճակի վրա` կապված վճարվող հանգստյան օրերի թվի կրճատման հետ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

29.04.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը սահմանել որպես աշխատանքային օրեր, որը ըստ Նախագծի հեղինակների, կապահովվի սոցիալտնտեսական եւ ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առեւտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի եւ այլ բնագավառների վրա: Միաժամանակ սոցիալական տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել  մարդկանց հանգստյան օրերի կրճատման:

Նախագիծը կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

03.05.2021թ.