ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-939-16.04.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

05.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագիծը  կազմված է մեկ չհամարակալված պարբերությունից, ինչպես նաեւ կցված՝ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունից (այսուհետ` Հաշվետվություն): Հաշվետվությունը, միաժամանակ, պարունակում է ընդհանուր դրույթներ եւ ծրագրի իրագործմանը վերաբերող դորույթներ, դրանց կցված հավելվածներ, որոնց հղում է կատարվում Հաշվետվության՝ ծրագրի իրագործմանը վերաբերող դրույթներում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն.

«(…) 2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

(…)

9. Նորմատիվ իրավական ակտով հաստատվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները եւ այլն ամրագրվում են (կամ ձեւակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձեւով: Հավելվածներն առանց տվյալ նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժ չունեն: Նորմատիվ իրավական ակտի համապատասխան մասերը հղում են պարունակում այդ հավելվածներին:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

(…)

4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ: (…)»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի կառուցվածքը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

2. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» կետի համաձայն.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

(…)

բ) պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի`

- հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումների նկարագրությունը, հաշվետու տարում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշները` ըստ մասնավորեցման ձեւերի եւ ձեռնարկությունների, մասնավորեցման հետեւանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաեւ մասնավորեցման հետեւանքով փաստացի կատարված ներդրումների եւ ներդրումային պարտավորությունների մասին:

Ծրագրի հաշվետվության ժամանակահատվածն ընդգրկում է օրացուցային տարին: Ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը.»:

Հարկ է նկատել, որ Նախագծով ներկայացված Հաշվետվությունը չի պարունակում հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանի վերաբերյալ տեղեկատվություն:

3. Նախագծով ներկայացված Հաշվետվության ընդհանուր դրույթների 1-ին կետում «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» կետին հղում կատարելիս առաջարկում ենք հաշվի առնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

4. Նախագծով ներկայացված Հաշվետվության ընդհանուր դրույթների 9-րդ կետի 1-ին ենթակետում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝  հանելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի  մասին» օրենքի վերանգրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

5. Նախագծով ներկայացված Հաշվետվության մի շարք կետեր կազմված են միայն մեկ համարակալված ենթակետից, ուստի առաջարկում ենք հանել համարակալված պարբերությունների համարները:

Նախագծով ներկայացված Հաշվետվության՝ ծրագրի իրագործման դրույթների 16-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված է հետեւյալը.

«Պետական գույքի մասնավորեցման պայմանագրով 2020 թվականի ընթացքում պրոֆիլի պահպանման եւ սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ ստանձնել են 6 գնորդ, այդ թվում՝ 1 գնորդ պայմանագրով ստանձնել է սոցիալական երաշխիքների ապահովման եւ 5 գնորդ՝ պրոֆիլի պահպանման պարտավորություններ:»

Առաջարկում ենք Նախագծով ներկայացված Հաշվետվության՝ ծրագրի իրագործման դրույթների 16-րդ կետում պրոֆիլի պահպանման եւ սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ ստանձնած գնորդների թվի մասին նշում կատարել առանձին ենթակետերով՝ հիմք ընդունելով իրավական տեքստի հստակության ապահովման անհրաժեշտությունը:

6. Նախագծով ներկայացված Հաշվետվության՝ ծրագրի իրագործման դրույթների 17-րդ կետի 1-ին ենթակետում «կետի» բառն առաջարկում ենք փոխարինել «մասի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի, 7-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով, ինչպես նաեւ 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: 

Միաժամանակ՝  առաջարկում ենք Նախագծով ներկայացված Հաշվետվության՝ ծրագրի իրագործման դրույթների 17-րդ կետի ենթակետերը համարակալելիս պահպանել համարների հաջորդականությունը:

7. Նախագծով ներկայացված Հաշվետվության 1-ին հավելվածի աղյուսակում առաջարկում ենք համարակալել նաեւ 2-րդ տողը:

Նախագծով ներկայացված Հաշվետվության 2-րդ հավելվածում «Ներդրումային պարտավորությունների եւ սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի» վերտառությամբ սյունակի վերնագիրը առաջարկում ենք համապատասխանեցնել դրա բովանդակությանը՝ հաշվի առնելով այն հագամանքը, որ դրանում նշում է կատարվում պրոֆիլի պահպանման վերաբերյալ:

8. Նախագծով ներկայացված Հաշվետվության 3-րդ հավելվածի աղյուսակի 2-րդ տողի 2-րդ սյունակում առաջարկում ենք չկիրառել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

9. Նախագծով ներկայացված Հաշվետվության «Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացի մասին» տեղեկություններին վերաբերող աղյուսակի վերեւի աջ անկյունում առաջարկում ենք նշել                                                                               «Հավելված 4

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով ներկայացված Հաշվետվության՝ ծրագրի իրագործման դրույթների 17-րդ կետի ըստ հաջորդականության 7-րդ ենթակետում հղում է կատարվում 4-րդ հավելվածին եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.05.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:»:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

Ըստ այդմ, որպես հատկանշական փաստեր նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման ծրագում ընդգրկված եւ մասնավորեցման ներկայացված ընկերություններից մասնավորեցվել են 3 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնցից մեկն ուղղակի վաճառքի ձեւով, իսկ մյուս երկուսը` դասական աճուրդով: 

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307,3 մլն. դրամ, որից ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 288,7 մլն. դրամ (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները` 23,7 մլն. դրամ), իսկ նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները կազմել են 18,7 մլն. դրամ: 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորման հաշվին մուտքագրվել է 227 մլն. դրամ:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

27.04.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորման) մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը:

Այս հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է, եւ չի նախատեսում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները:

Նախագծի ընդունմամբ կտրամադրվեն տեղեկություններ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2020 թվականի օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին, ինչպես նաեւ կներկայացվեն պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով հանրությանը իրազեկված լինել մասնավորեցման գործընթացին, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը կդառնա  առավել հրապարակային:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

26.04.2021թ.