ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր  Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-940-19.04.2021-ՏՏԳԲ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

10.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվող փոփոխությունների եւ լրացման անհրաժեշտությունը պատճառաբանված է հետեւյալ կերպ՝ «ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի 65-Ա),, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի 650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների եւ միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:

Վերոնշյալ որոշումների կիրարկումն ապահովելու նպատակով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել եւ շրջանառել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման ծրագրեր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում: Միավորման ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 11 համայնք: Այդ համայնքների գերակշռող մասի ՏԻՄ-երի լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն «Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում Կառավարության լիազոր պետական մարմինը պաշտոնապես ծանուցում է համապատասխան համայնքների ղեկավարներին»: Ծանուցումը ստանալուց հետո՝ միավորվող համայնքներում օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են նախաձեռնվել տեղական հանրաքվեներ՝ համայնքների միավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցին կարծիք արտահայտելու առարկայով:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքների իրազեկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ ս.թ. հունիս ամսվա վերջին, իսկ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ներկայումս սահմանված ժամկետները (մոտ 200 օր) խնդիրներ կառաջացնեն  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը 2021 թվականի աշնանը ԱԺ կողմից ընդունելու եւ շահառու համայքներում ՏԻՄ-եր ձեւավորելու տեսանկյունից՝ մշակվել է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել որոշ ընթացակարգային ժամկետներ»:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասի 3-րդ կետում «30» թիվը փոխարինել «10» թվով:

Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալը՝ «Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «15 օրվա» բառերից հետո լրացնել «(սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 5 օրվա)» բառերով»:

Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է գրանցվելուց հետո

(...)

3) սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 30 օրվա ընթացքում»:

Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համապատասխան ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը եւ ստորագրությունների հավաքման ձեւաթերթիկներն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, իրականացնում է հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում»:

Մեջբերվածի հաշվառմամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը.

Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է կոնկրետ իրավիճակին, այն է՝ «ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ ս.թ. հունիս ամսվա վերջին, իսկ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ներկայումս սահմանված ժամկետների (մոտ 200 օր) խնդիրներ առաջացնելու», լուծում տալու միտումով: Սակայն օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը տվյալ  կոնկրետ իրավիճակից դուրս հիմնավորված չէ: 

Հարկ ենք համարում արձանագրել, որ Նախագծի մի շարք հոդվածներով կատարվող փոփոխությունների եւ լրացման արդյունքում (օրինակ՝ 2-րդ հոդված, 3-րդ հոդված) Օրենքում նախատեսված ժամկետների կրճատման (օրինակ՝ նախաձեռնող խմբի կողմից ստորագրություններ հավաքելու գործընթացը գրանցվելուց հետո Օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում 30 օրվա ընթացքում կազմակերպելու փոխարեն՝ 10 օր տրամադրելը, համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը եւ ստորագրությունների հավաքման ձեւաթերթիկներն ստանալուց հետո 15 օրվա փոխարեն՝ 5 օրվա ընթացքում հավաքված ստորագրությունների վավերականության հաստատումն իրականացնելը) նպատակը եւ դրանով ակնկալվող արդյունքի անհրաժեշտությունը նշված իրավիճակից դուրս պետք է ունենան օբյեկտիվ պատճառաբանվածություն:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքում փոփոխություններ կատարելիս մեջբերված ժամկետները կոնկրետ հարցի քննարկման համար արդեն իսկ կրճատվել են: Առաջարկում ենք Նախագծով սահմանված փոփոխությունները եւ լրացումը կատարելիս նախեւառաջ դիտարկել, որ դրանք  գործնականում պարբերաբար կիրառմանն են ուղղված եւ ոչ իրավիճակային խնդիրների լուծմանը: 

Միաժամանակ հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը՝ իր 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1176 որոմամբ արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը.

«(…)օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում։»: 

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում «2.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «2.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության կանոնները:

Նախագծի 3-րդ հոդվածում «բառերից» բառն առաջարկում ենք փոխարինել «թվից եւ բառից»  բառերով, ինչպես նաեւ «բառերով» բառն առաջարկում ենք փոխարինել «բառերով, թվերով եւ կետադրական նշաններով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացումը հստակեցնել՝ առանձին նշելով Օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքի վերաբերյալ կարգավորումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

10.05.2021թ



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

10.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Սույն Նախագիծը ներկայացվել է այն նկատառումից ելնելով, որ տեղական հանրաքվեների հետ կապված համայնքների իրազեկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ ս.թ. հունիս ամսվա վերջին, իսկ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ներկայումս սահմանված ժամկետները (մոտ 200 օր) խնդիրներ կառաջացնեն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը 2021 թվականի աշնանը ԱԺ կողմից ընդունելու եւ շահառու համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորելու տեսանկյունից: Այս կապակցությամբ Նախագծով առաջարկվում է կրճատել տեղական հանրաքվեների հետ կապված համայնքների իրազեկման որոշ ընթացակարգային ժամկետներ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

28.04.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել եւ շրջանառել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր, որոնցով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման ծրագրեր: Միավորման ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 11 համայնք: Այդ համայնքների գերակշռող մասի տեղական ինքնակառավարման մարմինների   լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Նախագծով առաջարկվում է կրճատել որոշ ընթացակարգային ժամկետներ՝ հաշվի առնելով այն, որ համայնքների իրազեկումը նախատեսվում է իրականացնել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո՝ ս.թ. հունիս ամսվա վերջին, իսկ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ներկայումս սահմանված ժամկետները խնդիրներ կառաջացնեն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը 2021 թվականի աշնանը Ազգային ժողովի կողմից ընդունելու եւ շահառու համայքներում տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորելու տեսանկյունից:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ  առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

04.05.2021թ.