ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Թագուհի Թովմասյանի եւ Գոռ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-934-15.04.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

29.04.2021թ.








ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1.   Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է երկու լրացում:

2.   Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված «ավելացնել» բառին:

3.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1.«անդամները» բառից հետո լրացնել «պարտադիր կերպով պետք է  մոտենան Ազգային ժողովի ամբիոնին եւ բանավոր» բառերը, 2. «պատասխանում են» բառը փոխարինել «պատասխանեն» բառով, 3. «հարցերին» բառից հետո լրացնել «կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին» բառերը»:

Նախագծի 1-ին հոդվածով «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 120-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է հետեւյալ կերպ. «Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պարտադիր կերպով պետք է մոտենան Ազգային ժողովի ամբիոնին եւ բանավոր պատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին»:

Վերոնշյալ իրավակարգավորման անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ՝

Նախ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում»:

Օրենքի 120-րդ հոդվածի գործող 1-ին մասի համաձայն՝ «Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին»:

Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Օրենքով Կառավարության անդամների համար նախատեսված է իմպերատիվ նորմ, որով Կառավարության անդամները պարտավոր են պատասխանել պատգամավորների բանավոր հարցերին: Բացի այդ վերոնշյալ իրավադրույթները սահմանում են, որ Կառավարության անդամները պատգամավորների բանավոր հարցերին պատասխանում են հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկի կամ յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում, ինչը ենթադրում է, որ տվյալ պահին Կառավարության անդամները պատգամավորների հարցերին պատասխանում են բանավոր:

Բացի այդ, Նախագծի 1-ի հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով կատարվող լրացմամբ եւ փոփոխությամբ Կառավարության անդամները պատգամավորների բանավոր հարցերին պարտադիր կերպով պետք է պատասխանեն Ազգային ժողովի ամբիոնից: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հարցերը տրվում են Կանոնակարգ 57-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով՝ ըստ հերթագրման հաջորդականության»:

Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հարցերի համար հերթագրման, ինչպես նաեւ հարցեր տալու, դրանց պատասխանելու, պատասխաններին արձագանքելու կարգը սահմանվում է Աշխատակարգով»:

Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման (այսուհետ՝ Աշխատակարգ) 10-րդ կետում սահմանված է՝ «Ազգային ժողովի նիստում հարցերի համար պատգամավորների հերթագրումն իրականացվում է յուրաքանչյուր զեկուցումից, իսկ Կանոնակարգով սահմանված դեպքերում՝ նաեւ ելույթից հետո: Հիմնական եւ հարակից զեկուցողները, ինչպես նաեւ ելույթ ունեցողը հարցերին պատասխանում են ամբիոնից»: 

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ կարծում ենք` Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված լրացման եւ փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, քանզի Կառավարության անդամների կողմից պատգամավորների բանավոր հարցերին պատասխանելու վերաբերյալ Նախագծով նախատեսված իրավակարգավորումներն արդեն իսկ սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Օրենքով: 

                         Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

29.04.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

29.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում կատարել փոփոխություն, ըստ որի`  Կառավարության անդամները պարտավորված կլինեն պարտադիր պատասխանել պատգամավորների բանավոր հարցերին, կամ ներկայացնել հիմնավորում պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու վերաբերյալ: Ըստ Նախագծի հեղինակների` խնդիրը կայանում է նրանում, որ չնայած համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, Կառավարության անդամները գումարվող յուրաքանչյուր հերթական նիստի չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին, սակայն երբեմն վերջիններս  չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ առաջարկելով դիմել գրավոր` անկախ նրանից, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն արդեն իսկ նախատեսում է Կառավարությանը գրավոր դիմելու ընթացակարգ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

27.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ըստ գործող իրավակարգավորման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն՝ «Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին», սակայն երբեմն Կառավարության անդամները չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ առաջարկելով դիմել գրավոր:

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին, կամ ներկայացնել հիմնավորում պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու վերաբերյալ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

28.04.2021թ.