ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-932-12.04.2021.ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

27.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն: 

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.   Նախագծով  նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում, որով նախատեսվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժել, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում, այլ ոչ թե բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտում:

Նշված փոփոխության արդյունքում բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտում հնարավոր կլինի փոքր հիդրոէլեկտրակայնների կառուցում իրականացնել այն հիմնավորմամբ, որ փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի  քանակական  փոփոխություններ չեն առաջացնում: Հարկ է նշել, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի  1-ին հոդվածով նախատեսված է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտու հասկացությունը, ըստ որի՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման նպատակն է սահմանափակել (մեղմացնել) բացասական մարդածին ներգործությունը բնության հատուկ պահպանվող տարածքների  էկոհամակարգերի, կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների վրա»: Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը: Նշված հոդվածների բովանդակությւնից բխում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում տնտեսական գործունեությունն արգելվում է այն դեպքերում, երբ համապատասխան գործունեությունը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը: Նշված կարգավորումը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտի սահմանելու էությունից, որի նպատակն է այդ տարածքներում բացասական մարդածին ներգործությունը նվազեցնել: Այսինքն՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով արդեն իսկ սահմանված է կարգավորում, որի համաձայն պահպանման գոտում տնտեսական գործունեություն հնարավոր է, եթե վերջինս չի սպառնում կամ չունի բացասական մարդածին ներգործություն, ուստի, եթե փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի  քանակական  փոփոխություններ չեն առաջացնում, ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, եւ չեն սպառնում այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, այդ տարածքներում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել: 

2.   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հիշատակված օրենսգրքի վերնագրի լրիվ անվանման մեջ նշել նաեւ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

3.   Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծում համապատասխան օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն:

Միաժամանակ ներկայացված առաջարկությունների հիմա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասծանությունը «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

27.04.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

27.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում», մասնավորապես՝ Օրենսգրքի 30.1-րդ հոդվածի 2-րդ մասի «2)»-րդ կետի «բ.» ենթակետում «բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում» բառերը փոխարինել «բնության հատուկ պահպանվող տարածքներում» բառերով:

Ըստ Նախագծի հիմնավորման՝ դրա ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանմանը, էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանը, ինչպես նաեւ գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Նախագծի ընդունման արդյունքում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

27.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն, համաձայն որի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե  փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կարող է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանմանը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

20.04.2021թ.