ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով ներկայացված «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-929-09.04.2021.ՊԱ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

23.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ սահմանադրականության եւ այլ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն: Միաժամանակ նշենք հետեւյալը՝

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35-տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ զորահավաքային զորակոչից խուսափած եւ Քրեական օրենսգրքի  միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչու է համաներումը տարածվում այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը եւ ոչ, օրինակ, Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո: Հարկ է նկատել, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ից հետո հայտարարված ռազմական դրության ժամանակ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ սույն համաներումն արդեն իսկ չի տարածվում Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, ուստի հասկանալի չէ համաներումը տարածելու համար ընտրված ժամկետը: 

Միաժամանակ նշենք, որ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման 69-րդ կետի համաձայն՝ «Համաներման մասին օրենքի նախագծի առաջադրման դեպքում, ի լրումն Աշխատակարգի 24-րդ եւ 25-րդ կետերում նշված փաստաթղթերի, ներկայացվում է տեղեկանք նախորդ համաներման ակտի կիրառման վերաբերյալ, որում ներառվում են պատժից ազատված անձանց, քրեական հետապնդման դադարեցման, նշանակված պատժաչափերի կրճատման, կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ մեղադրված կամ դատապարտված անձանց թվի վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ»: Հիմք ընդունելով վերոգրայլը՝ առաջարկում ենք նշված վիճակագրական տեղեկությունները եւս ներկայացնել:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում սահմանադրականության եւ այլ օրենքների տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

23.04.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

23.04.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

23.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Մասնավորապես, առաջարկվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած եւ Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Նախագծով նախատեսվում է համաներում կիրառել նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ, կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

13.04.2021թ.