ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-927-08.04.2021.ՊԱ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                     ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

30.04.2021թ.








ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հասայտանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` նաեւ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով սահմանված է օրենքի կարգավորման առարկան, որի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում մասնավոր խուզարկուական գործունեություն (այսուհետ՝ խուզարկուական գործունեություն) իրականացնելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է խուզարկուական մասնագիտական միավորում (խուզարկուների միություն) ստեղծելու եւ դրա աշխատանքները կազմակերպելու հիմունքները, սահմանում է խուզարկուական գործունեության իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում խուզարկուական գործունեության իրականացման հետ կապված այլ հարաբերությունները»: Նշված հասկացության մեջ առաջարկում ենք «խուզարկուական մասնագիտական» բառերը փոխարինել «խուզարկուների մասնագիտական» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծում կիրառված հասկացությունները: Միաժամանակ առաջարկում ենք «ինչպես նաեւ կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում խուզարկուական գործունեության իրականացման հետ կապված այլ հարաբերությունները» հատվածը հանել, քանի որ կարգավորման առարկայի առաջին տողերով արդեն իսկ սահմանված է, խուզարկուական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները՝ որպես օրենքի կարգավորման առարկա:

2.  Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «իրավաբանական անձ» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի կարգավորումները:

3.   Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2. Խուզարկուն մասնավոր անձ է, ով խուզարկուական գործունեություն իրականացնելիս անկախ է, չի ենթարկվում տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման որեւէ մարմնի եւ ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենքներով, խուզարկուական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական իրավական ակտերով:»:

Մեջբերված կարգավորման վերաբերյալ հարկ է նկատել, որ «խուզարկուն մասնավոր անձ է, ով խուզարկուական գործունեություն իրականացնելիս անկախ է, չի ենթարկվում տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման որեւէ մարմնի» ձեւակերպման մեջ պետք է հստակեցնել, որ խոսքը վերաբերում է խուզարկուական գործունեության մաս կազմող գործողությունների վերահսկման եւ ղեկավարման գործառույթներին:

4.   Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է որոշ հասկացությունների կիրառման սահմանափակումներին վերաբերող հայցերի քննության նկատմամբ կիրառել արագացված դատաքննություն, մինչդեռ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ գլխում հստակ սահմանված են արագացված դատաքննություն կիրառելու հիմքերը եւ կարգը. մասնավորապես՝  Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածում արագացված դատաքննություն կիրառելու հիմքերի շրջանակում Նախագծով նախատեսված հիմքը, այն է՝ «խուզարկու» բառն իր հոլովաձեւերով օրենքի խախտմամբ օգտագործելը, բացակայում է:

Միաժամանակ նույն դրույթում կիրառված «Սույն հոդվածում նշված որեւէ բառ, արտահայտություն» ձեւակերպումը որոշակի չէ, մասնավորապես, տվյալ հոդվածում կիրառված են մի շարք բառեր եւ արտահայտություններ եւ նման ձեւակերպման պարագայում համապատասխան կարգավորումը բավարար չափով հստակ չէ:

5.   Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալը.

«2. Խուզարկուի հավաքագրած տեղեկություններն օգտագործելու կարգն ու պայմանները, ներառյալ՝ դրանց ապացուցողական դերն ու նշանակությունը սահմանվում են օրենքով:»:

Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն.

«(…) 2. Խուզարկուական գործունեության շրջանակներում խուզարկուն իրավունք ունի կատարել հետեւյալ գործողությունները՝

1) Տեղեկություններ (փաստեր, ապացույցներ) հավաքագրել Հայաստանի Հանրապետության որեւէ դատարանում քննվող գործով էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ՝ գործին մասնակցող անձի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.

2) Տեղեկություններ (փաստեր, ապացույցներ) հավաքագրել Հայաստանի Հանրապետությունում գործող արբիտրաժային տրիբունալում քննվող գործով էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ՝ գործին մասնակցող անձի հետ կամ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.

3) Վարույթն իրականացնող մարմնին այդ մասին տեղյակ պահելու պայմանով եւ այդ պահից սկսած տեղեկություններ (փաստեր, ապացույցներ) հավաքագրել քրեական գործով նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ՝ վարույթին մասնակցող անձի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.(…)»:

Մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ է նկատել, որ ներկայացված է միայն մեկ օրենքի նախագիծ, միաժամանակ՝ բացակայում են այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով պետք է սահմանվեր խուզարկուի հավաքագրած տեղեկություններին ապացուցողական դեր ու նշանակություն տալու կարգավորումները:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ից 3-րդ կետերում տեղեկությունների մասին նշում կատարելիս փակագծերում չօգտագործել «ապացույց» եզրույթը, որը համապատասխան վարույթներում կիրառվում է որոշակի իմաստով: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան իրավական ակտերում խուզարկուի կողմից հավաքագրված տեղեկություններին պետք է տրվի որոշակի նշանակություն, ինչը հնարավորություն կտա դրանք օգտագործել որպես ապացույց, եւ դրանց դեպքում կիրառելի դարձնել «ապացույց» եզրույթը:

6.   Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

7.   Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված դրույթից բխում է, որ խուզարկուի կողմից կարող է խուզարկուական գործունեությունն իրականացվել անհատույց, մինչդեռ Նախագծով նախատեսված չեն չափանիշները կամ անձանց շրջանակը, ում կարող է անհատույց տրամադրվել խուզարկուական ծառայությունը:

8.   Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված «ամբողջությամբ խուզարկուին պատկանող իրավաբանական անձ» եզրույթը որոշակի չէ, մասնավորապես, պարզ չէ՝ որոնք են ամբողջությամբ անձին պատկանող  իրավաբանական անձինք, նման կարգավորումը վերաբերում է իրավաբանական անձի հիմնադրին, թե՞ այն անձանց, ում պատկանում է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը: 

9.   Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նախատեսվում է հետեւյալը.

«2. Խուզարկուական գործունեության շրջանակներում խուզարկուն իրավունք ունի կատարել հետեւյալ գործողությունները՝

(…)

6) Հետազոտել երեխայի շրջապատը, շփման շրջանակը, զբաղմունքի տեսակները, վարքագիծը, նախասիրությունները, ցանկացած այլ գործողությունները եւ հատկանիշները, տեղեկություններ հավաքագրել այդ ամենի վերաբերյալ՝ երեխայի ծնողի (այդ թվում՝ որդեգրողի), խնամակալի կամ հոգաբարձուի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.»:

«Երեխայի իրավունքների մասին» օրենքի երեխայի պատվի եւ արժանապատվության պաշտպանության իրավունքին վերաբերող 22-րդ հոդվածի համաձայն.

«Յուրաքանչյուր երեխա ունի պատվի եւ արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության եւ հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի եւ արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

 (…)

Երեխայի պատվի եւ արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը եւ ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն.

«1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։

Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների եւ շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով  երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության եւ հոգաբարձության մարմին կամ դատարան։ (…)»:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները՝ հարկ է նկատել, որ «ցանկացած այլ գործողությունները եւ հատկանիշներ» ձեւակերպումը հստակ եւ որոշակի չի նախատեսում այն տվյալների ամբողջությունը, որ կարող է հավաքագրվել անչափահասի վերաբերյալ, միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշում չի կատարվում ծնողների փոխադարձ համաձայնությամբ կնքված պայմանագրի մասին:

Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշում է կատարվում տվյալ անձի գրավոր համաձայնության մասին.

«Տեղեկություններ հավաքագրել եւ բացահայտել ֆիզիկական անձանց անձնական հատկանիշները, բնավորության գծերը, կենսագրական տվյալները, շրջապատն ու շփման շրջանակը, նախասիրությունները, վարքագիծը եւ այլ հատկանիշները՝ տվյալ անձի գրավոր համաձայնության առկայության դեպքում եւ շահագրգիռ անձի հետ կամ նրա գրավոր համաձայնությամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.»:

Հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորմամբ չի բացահայտվում գրավոր համաձայնության բնույթը եւ դրան ներկայացվող պահանջները, ինչը հնարավորություն կտա պատշաճորեն գնահատելու դրա առկայությունը կամ բացակայությունը:

10.  Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «Տեղեկություններ հավաքագրել մտավոր սեփականության օբյեկտների եւ (կամ) անհատականացման միջոցների այդ թվում՝ ֆիրմային անվանումների, ապրանքային նշանների, սպասարկման նշանների ապօրինի օգտագործման դրսեւորումների, ինչպես նաեւ առեւտրային կամ պայմանագրով նախատեսված այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների բացահայտման վերաբերյալ՝ իրավատիրոջ հետ կամ նրա գրավոր համաձայնութամբ հօգուտ իրեն այլ անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա»: Հարկ է նշել, որ Քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները եւ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ անհատականացման միջոցները հանդիսանում են մտավոր սեփականության օբյեկտ, ուստի նրանց տարանջատել եւ անհատականացման միջոցների մասին առանձին նշելն ավելորդ է:

Միաժամանակ նշենք, որ Քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածի 2-րդ մասով ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանը սահմանված են որպես անհատականացման միջոց, որոնք հանդիսանում են մտավոր սեփականության օբյեկտ: Հետեւաբար, իրավական շփոթից եւ անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ձեւակերպումները համապատասխանեցնել Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին:

11.  Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում կիրառված «պայմանագրով նախատեսված այլ գաղտնիք» եւ «իրավատիրոջ» եզրույթները որոշակի չեն. մասնավորապես հասկանալի չէ ինչ այլ գաղտնիք, ում վերաբերող գաղտնիք եւ, ով է իրավատերը, որը պետք է համաձայնություն տա նման գաղտնիքի բացահայտման համար:

12.   Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն՝ «Խուզարկուն իրավունք ունի (...) Օրենքով իրեն վերապահված գործողությունների իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար դիմել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց»: Տվյալ կարգավորմամբ հասկանալի չէ՝ ինչ պարտավորություն կարող է խուզարկուի դիմումը առաջացնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: Հասկանալի չէ, թե ինչու է խուզարկուի համար նախատեսվում նման իրավասություն, եթե նշված դիմումին չպատասխանելու համար Նախագծով որեւէ հետեւանք չի բխում: 

13.   Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով խուզարկուի համար սահմանված են մի շարք պարտականություններ, որոնց հետեւանքը Նախագծով եւ օրենսդրությամբ սահմանված չէ: Օրինակ՝ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է առանց օրենքով սահմանված պայմանագրի խուզարկուական գործունեություն իրականացնելու արգելք, խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար սահմանված վճարը վճարելու պարտականություն եւ այլն, մինչդեռ նշված արգելքները եւ պահանջները չպահպանելու իրավական հետեւանքը սահմանված չէ, մասնավորապես հասկանալի չէ՝ նշված արգելքները եւ պահանջները չպահպանելը տուգանքի նշանակման հիմք է, թե՞ խուզարկուի նկատմամբ կառաջացնի արտոնագրի գործողության կասեցում, դադարեցում:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջի գործողության սահմանափակմանը վերաբերող որեւէ կարգավորում Նախագծում նախատեսված չէ, այսինքն՝ որեւէ դրույթով նախատեսված չէ կանոն առ այն, որ խուզարկուական գործունեությունը միայն պայմանագրի հիման վրա պետք է իրականացվի:

14.  Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «պահպանել» բառն առաջարկում ենք փոխարինել «պաշտպանել» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ կիրառված հասկացությունները:

15.  Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

16.  Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Արտոնագրի գործողությունը դադարեցվում է օրենքով, մինչեւ Խուզարկուների միության ստեղծումը՝ Կառավարության որոշմամբ, իսկ Խուզարկուների միության ստեղծվելուց հետո՝ Խուզարկուների միության խորհրդի իրավական ակտով սահմանված կարգով եւ հիմքերով: Ի թիվս այլնի, խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի արտոնագիր ստանալու համար սույն օրենքով սահմանված նվազագույն պահանջներից որեւէ մեկին խուզարկուի չհամապատասխանելու, ինչպես նաեւ անհամատեղելի գործունեության պահանջը խուզարկուի խախտելու դեպքում»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ  արտոնագրի գործողության դադարեցման հիմքերը կարող են սահմանվել օրենքով, եւ ի թիվս օրենքով սահմանված հիմքերի կարող են դեպքեր եւ հիմքեր սահմանվել նաեւ ենթաօրենսդրական ակտով, այն է՝ մինչեւ Խուզարկուների միության ստեղծումը՝ Կառավարության որոշմամբ, իսկ Խուզարկուների միության ստեղծվելուց հետո՝ Խուզարկուների միության խորհրդի իրավական ակտով: 

Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ « Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր»: Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Օրենքները որոշակիացնում են սահմանադրական իրավունքների իրականացման կարգը, սահմանում են լրացուցիչ երաշխիքներ դրանց համար: Օրենսդիր իշխանության դերը այս հարցում հատկապես կարեւոր է, քանի որ մարդու իրավունքների ապահովման, պաշտպանության հետ կապված գրեթե բոլոր հարցերի կարգավորումը վերապահված է օրենքներին: Ընդ որում, որպես կանոն, բացառապես օրենքներով են սահմանվում մարդու իրավունքներն իրականացնելու, պաշտպանելու պայմանները եւ կարգը, իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում Սահմանադրությունը ամրագրում է հանրային իշխանության պարտականությունը, որը առաջին հերթին վերաբերում է օրենսդիր մարմնին. հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Որպեսզի նորմատիվ կարգավորումը լինի արդյունավետ եւ ծառայի սահմանադրական հիմնական իրավունքների ամրագրմամբ հետապնդվող նպատակներին, այն պետք է ներառի մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝

1) իրականացման սահմաններն ու եղանակները որոշելը,

2) սահմանափակման կանոնները,

3) իրացման տարբերակված ռեժիմները,

4) պաշտպանության եւ պահպանության ընթացակարգերը,

5) խախտման համար պատասխանատվության եւ հարկադրանքի այլ միջոցները,

6) խախտումների վերականգնման եւ պատճառված վնասի հատուցման ձեւերի ու չափերի սահմանումը,

7) հնարավոր խախտումների կանխման եւ նախականխման միջոցների թվարկումը:

Միայն օրենսդիր իշխանությունն է իրավասու որոշել սահմանափակումների շրջանակներն ու բնույթը` որպես համընդհանուր պարտադիր վարքագծի կանոններ (ՍԴՈ–677, 7 փետրվարի, 2007 թ.):

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:

Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական այլ ակտով։ Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ–1137, 4 փետրվարի, 2014 թ.): Հետեւաբար՝ Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դադարեցման հիմքերը պետք է նախատեսվեն օրենքներով: Հետեւաբար արտոնագրի գործողության դադարեցման հիմքերը եւ ծավալը պետք է հստակ նախատեսված լինեն օրենքով, այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտերով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում խուզարկուական գործունեության արտոնագիր ստանալու լրացուցիչ պայմանները եւ ներկայացման ենթակա փաստաթղթերը ենթաօրենսդրական ակտերով սահմանելու  դրույթին:

17.   Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «աշխատանքային փորձ» բառերը փոխարինել «աշխատանքային ստաժ» բառերով՝ հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի կարգավորումները:

18.   Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 9-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է սահմանել Նախագծի անցումային դրույթներում, քանի որ վերջիններս պարունակում են Նախագծի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ որոշակի անձանց շրջանակի, ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

19.    Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասն իր բովանդակությամբ չի համապատասխանում նույն հոդվածի վերնագրին: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել հոդվածի վերնագրին:

20.    Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված է խուզարկուների միության կողմից խուզարկուների վերապատրաստում կազմակերպելուն վերաբերող դրույթ, մինչդեռ Նախագծով որեւէ կարգավորում նախատեսված չէ, թե ինչ կարգով կամ միջոցներով կարող են իրականացվել վերապատրաստումները:

21.    Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւս նախատեսված է դրույթ, որով Խուզարկուների միության իրավական ակտերը խուզարկուի կողմից խախտելու դեպքում պատասխանատվություն է սահմանվում, սակայն որեւէ իրավական ակտով նախատեսված չեն նշված պատասխանատվությանը վերաբերող կարգավորումներ: 

Միաժամանակ նշենք, որ սույն հոդվածի բովանդակությունից բխում է, որ Խուզարկուների միությունը կարող է վերահսկողություն իրականացնել Խուզարկուների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, մինչդեռ «օրենսդրության պահանջների պահպանում» ձեւակերպումը լայն է, եւ օրենսդրությամբ սահմանված ցանկացած պահանջի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կամ պատասխանատվություն սահմանող սուբյեկտ չի կարող հանդիսանալ Խուզարկուների միությունը:

22.   Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից պարզ չէ, թե որոնք են խուզարկուների միության մարմնի անդամները: Հետեւաբար՝ խուզարկուների միության մարմնին վերաբերող կարգավորումներ անհրաժեշտ է սահմանել Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասում (օրինակ՝ Խուզարկուների միության մարմիններն են՝ (...)): Միաժամանակ առաջարկում ենք նույն մասի 3-րդ եւ 6-րդ մասերը շարադրել մեկ մասի շրջանակներում: Հասկանալի չէ նաեւ նույն հոդվածի 7-րդ մասում կիրառված «նախագահի տեղակալների կառուցվածքը» եզրույթը:

23.   Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից պարզ չէ, թե որ դեպքերում կարող են այլ անձինք դիմել Խուզարկուների միության կարգապահական հարցերի հանձնաժողով, դիմում ներկայացնելու ժամկետը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:

24.   Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է դրույթ, որը վերաբերում է Խուզարկուների միության մարմինների որոշումները դատական կարգով բողոքարկելուն, մինչդեռ որեւէ դրույթով սահմանված չէ Խուզարկուների միության մարմինների կողմից որոշումներ կայացնելու իրավասությունը, հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ կարող է որոշումներ կայացվել:

25.    Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասը Նախագծի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ որոշակի անձանց շրջանակի, ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր է սահմանում: Նշված դրույթը պետք է սահմանել անցումային դրույթներում, այլ ոչ թե եզրափակիչ մասում: Նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որի համաձայն՝ եզրափակիչ մասում  սահմանվում է ակտն ուժի մեջ մտնելու ժամկետը եւ ժամանավոր ակտի կամ դրույթի գործողության ժամկետը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում եւս նախատեսված է օրենքով սահմանված պատասխանատվություն օրենքին չհամապատասխանող խուզարկուական գործունեություն իրականացնելու համար, մինչդեռ Նախագծում եւ գործող օրենսդրակայն ակտերում բացակայում են պատասխանատվությանը վերաբերող կարգավորումները:

26.    Նախագծի «Գլուխ 1.», «Գլուխ 2.» եւ «Գլուխ 3.» ձեւակերպումներից առաջարկում ենք հանել միջակետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը՝ «Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»:

27.    Նախագծի երկրորդ գլխի վերնագրի եւ հոդվածների միջեւ առկա է անհամապատասխանություն: Օրինակ՝ 13-րդ հոդվածը սահմանում  է խուզարկուների միության կառուցվածքը եւ մարմինները, մինչդեռ երկրորդ գլուխը վերնագրված է «Խուզարկության գործունեության կազմակերպումը» վերտառությամբ: Հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հասկացությունը՝ նշենք, որ խուզարկության գործունեության մեջ չի կարող ներառվել խուզարկուների միության վերաբերյալ դրույթներ: Առաջարկում ենք ապահովել երկրորդ գլխի վերնագրի եւ նրա հոդվածների համապատասխանությունը:

Միաժամանակ նշենք, որ մի շարք երկրների օրենսդրության մեջ առկա մասնավոր խուզարկուին վերաբերող կարգավորումները նախքան փոխառելը, անհրաժեշտ է ապահովել նշված ինստիտուտի իմպլեմենտացումը? համապատասխանեցնելով կարգավորումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Սահմանադրության 39-րդ եւ 75-րդ հոդվածների պահանջներին:

Միաժամանակ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, Քաղաքացիական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

30.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 


Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

30.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում խուզարկուական գործունեության իրականացման իրավական հիմքերը եւ կարգավորել դրա հետ կապված հարաբերությունները:

1. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած կամ փաստացի գործունեություն իրականացնող բոլոր տեսակի իրավաբանական անձանց արգելվում է իրենց ֆիրմային անվանումներում, սպասարկման նշաններում, ապրանքային նշաններում կամ իրենց բնութագրող ցանկացած այլ կերպով օգտագործել «խուզարկու» բառը եւ այն ներառող բոլոր այլ բառերը, արտահայտություններն ու բառակապակցությունները, դրանց բոլոր հոլովաձեւերը, դրանց օտարալեզու թարգմանությունները կամ դրանց համարժեք միջազգային կամ հանրաճանաչ այլ բառերը՝ բացառությամբ այն իրավաբանական անձանց, որոնք պատկանում են խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ունեցող ֆիզիկական անձին:»: Այս մասում վերաշարադրման կարիք ունի «ֆիզիկական անձին պատկանող իրավաբանական անձ» ձեւակերպումը, որն իրավական եւ տնտեսագիտական տեսանկյունից կոռեկտ չէ: Մասնավորապես, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, իրավաբանական անձը կարող է ունենալ հիմնադիրներ (մասնակիցներ): Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող ձեւակերպումները համապատասխանեցնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ եթե տվյալ ձեւակերպման տակ նկատի է առնվում սեփականության իրավունքը, ապա անհրաժեշտ է հստակեցնել դրանով պայմանավորված բոլոր այն դեպքերը, որոնց առկայության պարագայում կգործի «խուզարկու» բառի օգտագործման սահմանափակումը: Ի դեպ, կարծում ենք, որ իրավաբանական անձի՝ խուզարկուական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ունեցող ֆիզիկական անձին «պատկանելը» դեռեւս երաշխիք չէ տվյալ իրավաբանական անձի խուզարկուական գործունեության ուղղվածության եւ, դրանով իսկ, անվանման կամ Նախագծով նախատեսված այլ տեղերում խուզարկու բառի կիրառման սահմանափակման համար:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Խուզարկուների միության խորհուրդը կազմավորումից հետո ընդունում է խուզարկուի կողմից մատուցվող ծառայությունների միջին գնացուցակը հաստատելու մասին իրավական ակտ, որով սահմանված գները ուղենիշային են խուզարկուի ծառայությունների ողջամիտ գինը որոշելիս՝ դատական ծախսերի բաշխման գործընթացում, ինչպես նաեւ կարող են հիմք ընդունվել հարկային մարմնի կողմից՝ խուզարկուի կողմից ծառայությունների անհատույց մատուցման դեպքում այդ ծառայությունների մասով հարկման բազան որոշելիս, եթե հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ սահմանված է հարկման բազան որոշելու պահանջ:»: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածի, պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված գնով: Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կամ կարգավորված գները (տարիֆները, վարձաչափերը, դրույքները եւ այլն):  Այն դեպքերում, երբ հատուցելի պայմանագրում գին նախատեսված չէ եւ չի կարող որոշվել պայմանագրի պայմանների հիման վրա, պայմանագրի կատարումը պետք է վճարվի այն գնով, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար:»:  Կարծում ենք, Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ձեւակերպումները համահունչ չեն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածին եւ, այդ առումով, առաջարկվում է համապատասխանություն ապահովել՝ հնարավոր հակասություններից ու տարընթերցումներից խուսափելու համար: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական այլ հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ   
  

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

22.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Հայաստանի Հանրապետությունում մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու կարգը սահմանող, այդպիսի գործունեությունը թույլատրող կամ արգելող իրավանորմերը բացակայում են, ինչը մի կողմից առանց իրավական կարգավորման է թողնում այդպիսի գործունեությունը եւ հանգեցնում է փաստացի իրականացվող այդպիսի գործունեության բացարձակ ազատությանը՝ այլ անձանց իրավունքների ու ազատությունների խախտման ակնհայտ վտանգ պարունակելով, մյուս կողմից՝ խոչընդոտ է հանդիսանում մասնավոր խուզարկուական կանոնակարգված գործունեության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացվող մասնավոր խուզարկուական գործունեության իրավական կարգավորման անհրաժեշտությամբ:

 Նախագծով առաջարկվում է՝

- օրենքով թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելը՝ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսեւորումները,

-  ներդնել մասնավոր խուզարկուների արտոնագրման համակարգ՝ բացառելով խուզարկուական գործունեության իրականացումն այնպիսի անձանց կողմից, ովքեր չեն բավարարում օրենքով սահմանված նվազագույն պահանջներին,

-  սահմանել խուզարկուների իրավունքները եւ պարտականությունները,

- ստեղծել խուզարկուների մասնագիտական միավորում, որը կկազմակերպի եւ կկանոնակարգի խուզարկուական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով այդ գործունեության զարգացմանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը  սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

29.04.2021թ.