ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի եւ Լիլիթ Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-918-31.03.2021-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-9181 -31.03.2021-ԳԿ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-9182 -31.03.2021-ԳԿ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-9183 -31.03.2021-ԳԿ-011/0) օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

    ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                        ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱ Ն

21.04.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Առաջարկվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում «մաս» բառը փոխարինել «պարբերություն» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումն առ այն, որ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների եւ այն հանգամանքը, որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի պարբերությունները համարակալված չեն:

2.   Նախագծի 1-ին հոդվածում առկա է հետեւյալ ձեւակերպում. «բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ »: Առաջարկվում է մեջբերված ձեւակերպման մեջ «օբյեկտ» բառը փոխարինել «օբյեկտի՝» բառով ձեւակերպման տրամաբանական եւ հստակ լինելը ապահովելու նպատակով:

3.    Նախագծի 1-ին հոդվածում առկա է հետեւյալ ձեւակերպումը.

«լիազոր մարմինն աշխատանքներ իրականացնողին առաջարկում է`

1. տեղափոխել հուշարձանը, եթե դա հնարավոր է.

2. ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաեւ փոխհատուցել պատճառված վնասը (բաց թողնված օգուտը).

3. իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ.

4. ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը »

Մեջբերված ձեւակերպման համատեքստում «առաջարկում է» բառի կիրառումը ենթադրում է, որ թվարկված բոլոր պայմանները իմպերատիվ բնույթ չեն կրում եւ դրանց պահպանումը թողնվում է անձի հայեցողությանը, ինչի արդյունքում անձը ինքն է որոշում, օրինակ, ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, թե ոչ, մինչդեռ սա հակասում է Օրենքի եւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման նպատակին:

Միաժամանակ հստակ չէ հողը ձեռք բերելու եւ վնասը փոխհատուցելու պայմանը: Նախ՝ հասկանալի չէ, թե «վերջինս» բառը ում է վերաբերում, նաեւ պարզ չէ, թե ինչպես է այս պայմանը կիրառվելու, եթե հուշարձանի սեփականատերը (ոչ պետական) չի ցանկանում օտարել հողը աշխատանքներ իրականացնողին: Նման ձեւակերպումը կարող է խնդրահարույց լինել որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

4.   Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ Նախագիծը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից : «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ , քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես », հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածով Նախագծի ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետն արդեն իսկ հոսել է, անհրաժեշտ է ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանել, որը կհամապատասխանի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին: Միաժամանակ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ « Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր »: Այսինքն՝ եթե նախատեսվում է Նախագծին տալ հետադարձ ուժ, դրա մասին պետք է նշում կատարել Նախագծում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածներին:

5.   «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել նոր` «գ)» կետով» ձեւակերպման մեջ «կետով» բառը փոխարինել «ենթակետով» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

6.   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել նոր` «գ.» կետով» ձեւակերպման մեջ «կետով» բառը փոխարինել «ենթակետով» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

7.   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «պետական գրանցման օբյեկտը հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում »: Մեջբերված ձեւակերպումը շարադասության տեսանկյունից կապակցված չէ, ուստի առաջարկվում է խմբագրել այս ձեւակերպումը՝ միտքը ավելի հստակ արտահայտելով:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվում է «հուշարձանների պահպանման գոտու տարածք» եզրույթը, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ «հուշարձանների պահպանական գոտու տարածք» եզրույթը: Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները՝ առաջարկվում է Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ    
                          

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ. ՝ 011-513-248)

21.04.2021





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ   
                           

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ. ՝ 011-513-248)

21.04.2021






Ֆինանսատնտեսագ
իտական փորձաքննության արդյունքները

1. Փաթեթով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) եւ հարակից մի քանի օրենքներում, մասնավորապես` Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ. «Շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը եւ եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինն աշխատանքներ իրականացնողին առաջարկում է`

1. տեղափոխել հուշարձանը, եթե դա հնարավոր է.

2. ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաեւ փոխհատուցել պատճառված վնասը (բաց թողնված օգուտը).

3. իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ.

4. ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը»:

Առաջարկվում է նաեւ Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով. «Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջարկություններից որեւէ մեկի ընդունումն աշխատանքներ իրականացնողը պարտավոր է կասեցնել շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելը», ինչպես նաեւ մի շարք այլ օրենքներում կատարել տվյալ գաղափարից բխող փոփոխություններ եւ լրացումներ:

2. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, որն առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել, վերաբերում է միայն հուշարձանի կարգավիճակ ունեցող օբյեկտներին, այնինչ` նոր խմբագրությամբ տեքստում խոսք է գնում նաեւ այնպիսի օբյեկտների մասին, որոնք դեռեւս չունեն հուշարձանի կարգավիճակ, սակայն տվյալ դրույթի ուժով եւ անհայտ մարմնի կարծիքով այն որակվել է որպես հուշարձան եւ որոշակի գործողություններ են առաջարկվում կատարել դրանց հետ: Նշված երկրորդ` առանց փորձաքննության եւ հուշարձանի կարգավիճակի տրման հուշարձան համարելու մասով դրույթը, մեր կարծիքով, հակասում է Օրենքի 20-րդ հոդվածին, որը վերաբերում է հենց նորահայտ հուշարձանների պահպանության եւ անվթարության ապահովմանը: Մասնավորապես, ըստ այդ հոդվածի.

«Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պահպանվում է մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով :

Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու եւ ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաեւ գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Նշված հոդվածից ակնհայտ է նաեւ, որ Լիազորված մարմինը շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնողներին չի կարող (իրավունք չունի) առաջարկել Նախագծով ներկայացվող չորս առաջարկություններից երեքը, այն է` չի կարող առաջարկել տեղափոխել հուշարձանը (եթե դա հնարավոր է), ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաեւ փոխհատուցել պատճառված վնասը (բաց թողնված օգուտը) եւ իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ: Ինչ վերաբերում է չորրորդ առաջարկությանը (ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը), ապա դա էլ արդեն իսկ ամրագրված է  Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով:

բ) Նախագծի 2-րդ հոդածով առաջարկվող լրացման (ըստ որի. «Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջարկություններից որեւէ մեկի ընդունումն աշխատանքներ իրականացնողը պարտավոր է կասեցնել շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելը:») տեսքտի էությունից բխում է, որ աշխատանքներ իրականացնողը պարտավոր է ընդունել կատարված առաջարկություններից որեւէ մեկը, ինչն արդեն իսկ անհիմն եւ անբացատրելի նորմ է իրենից ներկայացնում (առաջարկությունը հենց նրա համար է առաջարկություն, որ այն կարող է ընդունվել, բայց կարող է նաեւ չընդունվել), իսկ այն առաջարկությունը, որն աշխատանքներ իրականացնողը պարտավոր է ընդունել, դա արդեն դառնում է աշխատանքներ իրականացնողի պարտականությունը, ինչն էլ արդեն նշեցինք, որ հակասում է Օրենքի 20-րդ հոդվածի դրույթներին:

Մյուս կողմից, եթե Նախագծի հեղինակներն ամեն դեպքում համարում են, որ առաջարկվող դրույթներն առաջարկություն են, այլ ոչ թե պարտադրանք, ապա անհրաժեշտ է գոնե սահմանել դրույթներ այն դեպքի համար, երբ աշխատանքներ իրականացնողը չի ընդունում ներկայացված առաջարկություններից որեւէ մեկը (ինչն էլ բացակայում է Նախագծում):

գ) Անհրաժեշտ է վերաշարադրել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածը (նաեւ Փ աթեթում ընդգրկված բոլոր նախագծերի մասով) , ըստ որի. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից», որն արդեն իսկ անցած ժամկետ է:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից ամբողջությամբ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք է զգում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                            

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱ Ն


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝
011-513-343 )                              

21.04.2021թ

                                                 



Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխության ընդունման արդյունքում կապահովվի պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ կբացառի վերջիններիս օտարումը:

         Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված բոլոր նախագծերն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2021 թվականի հունվարի 1-ից: Այս կապակցությամբ անհրաժեշտ է վերախմբագրել նախագծերի օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթները:

        Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում  

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

           

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                


Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

20.04.2021թ.