ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-912-29.03.2021-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

 19.04.2021թ.
 







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1.   Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2.   Նախագծի 1-ին հոդվածի «26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «26-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի» եւ 7-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

3.   Նախագծի 1-ին հոդվածով «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի համաձայն՝ «Առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում,  ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը»:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետում սահմանված է կրեդիտային համակարգի հասկացությունը, այն է՝ «կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման եւ փոխանցման համակարգ.»:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 16-րդ կետում սահմանված է ակադեմիական կրեդիտի հասկացությունը՝ «ակադեմիական կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտվող պայմանական միավոր.», իսկ 17-րդ կետում սահմանված է կրեդիտային համակարգի հասկացությունը՝ «կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով չափման, հաշվառման եւ փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական եւ անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, քննությունների նախապատրաստումը, գնահատումը եւ այլն.»:

Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ «մանկավարժության կրեդիտ» հասկացությունը կամ այնպիսի չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի  կրեդիտները որակել որպես մանկավարժության: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ իրավական որոշակիության ապահովման նպատակով՝ առաջարկում ենք Օրենքում սահմանել «մանկավարժության կրեդիտ» հասկացությունը, կամ  կրթության պետական կառավարման լիազորված մարմնին տալ համապատասխան լիազորություն սահմանելու այն չափանիշները, որով կրեդիտները կարող են որակվել  մանկավարժության:

4.   Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 38-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4.1-ին մաս.

«4.1. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերում, անձը կարող է ուսումնական հաստատության համապատասխան ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել նաեւ, եթե մրցույթի պահին ընդգրկված է մանկավարժական  կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում, որն ավարտվում է ոչ ուշ քան 2022 թվականի հունվարի 1-ը:»:

Օրենքի 38-րդ հոդվածը վերաբերում է «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի անցումային դրույթներին: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 4.1-ին մասը վերաբերում է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասով նախատեսվող՝ մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձանց վերաբերյալ կարգավորմանը: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 38-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.1-ին մասի կարգավորումը նախատեսել որպես Նախագծի անցումային դրույթ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով Օրենքում լրացվող նոր կարգավորումների իրավական որոշակիության ապահովման համար անհրաժեշտ է Օրենքում սահմանել «մանկավարժության կրեդիտ» հասկացությունը:

Միաժամանակ՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես՝ 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 1.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «Առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում,  ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը»: Առաջարկվում է նաեւ 38-րդ հոդվածը լրացնել 4.1-ի մասով հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերում, անձը կարող է ուսումնական հաստատության համապատասխան ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել նաեւ, եթե մրցույթի պահին ընդգրկված է մանկավարժական  կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում, որն ավարտվում է ոչ ուշ քան 2022 թվականի հունվարի 1-ը»:

Ըստ Նախագծի հիմնավորման՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումները պայմանավորված են միջնակարգ կրթության ուսումնական հաստատությունների ուսուցչական կազմում նոր մասնագետներ ընդգրկելու, վերապատրաստման, ատեստավորման եւ տարակարգի շնորհման ընթացակարգերը բարելավելու, ինչպես նաեւ ուսուցչական անձնակազմը համալրելու անհրաժեշտությամբ:

 Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

 Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

16.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Ըստ Նախագծի հեղինակի՝ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջնակարգ կրթության ուսումնական հաստատությունների ուսուցչական կազմում նոր մասնագետներ ընդգրկելու ընթացակարգը բարելավելու հրատապությամբ, քանի որ գործող օրենքով սահմանված պայմանները բավականաչափ ճկուն չեն՝  ուսուցչի թափուր տեղը կամ ուսուցչական անձնակազմը համալրելու համար: 

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019-2020թթ. ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների քանակը 31018-ն է: Նրանցից 28 768 ուսուցիչ ունի բարձրագույն կրթություն, 362-ը՝ թերի բարձրագույն, 1 774-ը՝ միջին մասնագիտական, 114-ը՝ միջնակարգ: Մանկավարժական կրթություն ունեն 23 300-ը: Ուսուցիչների 58.6 %-ը տարիքով 45-ից բարձր են, ընդ որում՝ 60 տարեկանից բարձր ուսուցիչների տոկոսը 22.7% է կազմում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տվյալներով, 2020թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով: Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք: Արդյունքում, ուսուցչի բացակայության փաստով եւ առարկաների դասավանդման անհնարինությամբ պայմանավորված, խախտվում է երեխաների կրթության իրավունքը:

Նախագծի հեղինակն առաջարկում է մշակել միջնակարգ կրթության ուսումնական հաստատություններում ուսուցիչ աշխատելու իրավունք տալու եւ թափուր տեղը համալրելու ընթացակարգերի առավել արդյունավետ տարբերակներ, ինչով պայմանավորված՝ առաջարկում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 1.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ:

«1.1. Առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում, ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝  բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:»:

2.  Ըստ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ 

«1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:»: 

Հաշվի առնելով օրենքի վերը նշված հոդվածով ամրագրված ուսումնական հաստատության ուսուցչին վերագրվող համապատասխան որակավորում ունենալու հանգամանքը, կարծում ենք, հստակեցման կարիք ունի Նախագծով առաջարկվող լրացման բովանդակությունը. «...բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:»:

Նախագծով առաջարկվող լրացման իմաստից չի ենթադրվում, որ «տվյալ անձը» պետք է համապատասխանի օրենքի վերը նշված հոդվածով ամրագրված պահանջներին՝ մանկավարժական համապատասխան որակավորում ունենալու, մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունենալու առումով:

2.1   Հստակեցման կարիք ունի նաեւ Նախագծի 1-ին հոդվածում հիշատակվող «համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ» բառակապակցությունը: Մասնավորապես, պարզ չէ, թե ի՞նչ չափորոշիչներով են կուտակվելու կրեդիտները, որո՞նք են համարվում կրեդիտների առավելագույն եւ նվազագույն մակարդակները: 

Հստակեցման կարիք ունի նաեւ «առնվազն երեսուն կրեդիտ» շեմի ամրագրումը: Արդյո՞ք այդ մակարդակը բավարար է ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի սահմանված պահանջներին բավարարելու համար:

2.2   Նախագծով առաջարկվում է Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել նոր 4.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «4.1. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերում, անձը կարող է ուսումնական հաստատության համապատասխան ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել նաեւ,  եթե մրցույթի պահին ընդգրկված է մանկավարժական  կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում, որն ավարտվում է ոչ ուշ քան 2022 թվականի հունվարի 1-ը:»: 

Արդյո՞ք վերը նշված առավելագույն ժամկետը կբավարարի «անձին» կուտակել Նախագծով առաջարկվող առնվազն 30 կրեդիտների շեմը, եթե վերջինս «...մրցույթի պահին ընդգրկված է մանկավարժական  կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում ...»:

2.3   Օրենքի 26-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ «12. Ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»: Այս կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ չափաքանակը դեռեւս հաստատված չեն:

Ելնելով վերոգրյալից, կարծում ենք, Նախագծում անհրաժեշտ է նաեւ ներառել դրույթ, թե կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ի՞նչ ժամկետներում են հաստատվելու կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ չափաքանակը:

2.4    Ընդհանուր առմամբ, կարծում ենք, Նախագծով առաջարկվող լրացումների գաղափարի ներդրումը նպատակահարմար է սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում ուսուցչական կադրերի համալրման առումով, իսկ ինչ վերաբերում է մասնագետների ընտրության այլընտրանքային տարբերակին, որակյալ մրցակցությանը, կրթական ուսումնական հաստատություններում աշխատելու համար պահանջվող ընթացակարգի պարզեցմանը, ուսանելու մոտիվացիայի խթանմանն ու ուսուցիչների երիտասարդացմանը, ապա նման գաղափարը հասկանալի եւ ընդունելի կլինի առավելապես հանրապետության քաղաքային բնակավայրերի կրթական ուսումնական հաստատություններում: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

05.04.2021թ.