ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի եւ Եղիշե Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-911-26.03.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                             ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

15.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 209-րդ հոդվածին հղում է կատարվում հետեւյալ կերպ. «Օրենքի 209-րդ հոդվածը (…)»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող ակտում հղում կատարելիս հիշատակվում է նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը, Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը, իսկ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը: Վերոնշյալ կարգավորումները հիմք ընդունելով՝ առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածում «Օրենքի» բառը փոխարինել Օրենսգրքի լրիվ անվանմամբ:

2.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 209-րդ հոդվածում առաջարկվում է «Սույն հոդվածի կիրառության իմաստով՝» բովանդակությամբ պարբերությունը համարակալել՝  հաշվի առնելով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, համաձայն որի՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների(…)»:

3.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 209-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերը տեքստից բաժանվում են փակագծով, մինչդեռ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…)Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»: Առաջարկվում է Նախագծում ենթակետերը համարակալել Օրենքի դրույթներին համապատասխան:

4.   Նախագծի 2-րդ հոդվածը շարադրված է հետեւյալ կերպ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022թ հունվարի 1-ից:»: Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: Հետեւաբար առաջարկվում է «2022» թվից հետո նշված «թ» տառը փոխարինել «թվական» բառով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

15.04.2021






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

15.04.2021







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել փոփոխություն` շարադրելով հոդված 209-ը նոր խմբագրությամբ: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է շահույթի եւ իրացումից հասույթի 8-ապատիկ գործակիցը սահմանել 4-ապատիկի չափով՝ բացառությամբ այն ընկերությունների, որոնք կցուցակվեն բորսայում՝ ապահովելով ավելի բարձր հաշվետվողականության եւ թափանցիկության չափանիշներ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

12.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Հեղինակների կողմից ներկայացված նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ վերաշարադրելով  209 հոդվածը՝ նոր խմբագրությամբ: 

Ըստ Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «2. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ բնօգտագործման վճարի տեսակ է ռոյալթին, որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների եւ դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար, սույն բաժնին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:»:

Օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռոյալթիի դրույքաչափը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով՝  R = 4 + [Շ/(Հx8)]x100 (որտեղ R – ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով): Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 209-րդ հոդվածը վերաշարադրել հետեւյալ տեսքով՝

«R = 4 + [Շ/(Հx4)]x100,  բացառությամբ բորսայում ցուցակված ընկերությունների, որոնց համար դրույքաչափը որոշվում է R = 4 + [Շ/(Հx8)]x100 բանաձեւով»:

Ըստ Նախագծի հիմնավորման՝ ռոյալթիի դրույքաչափերը ընկերությունների մոտ կազմել են 4 %-ից մինչեւ 9.48 %, իսկ ռոյալթիի հաշվարկված մեծությունը կազմել է ավելի քան 35 մլրդ դրամ 2019թ (2020թ՝ 43.7 մլրդ դրամ): Հարկ է հիշատակել, որ բնօգտագործման վճարների ամբողջական գնահատում մետաղական հանածոների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների համար Հայաստանում չի կատարվել արդեն բավական երկար ժամանակ, մինչդեռ, ինչպես նշում են Նախագծի հեղինակները, մի շարք երկրներում այս դրույքաչափերը վերանայվում են տնտեսական ցիկլերին զուգընթաց:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է շահույթի եւ իրացումից հասույթի 8-ապատիկ գործակիցը սահմանել 4-ապատիկի չափով՝ բացառությամբ այն ընկերությունների, որոնք կցուցակվեն բորսայում? ապահովելով ավելի բարձր հաշվետվողականության եւ թափանցիկության չափանիշներ: 

Արդյունքում, ըստ Նախագծի հեղինակների, կխթանվի կապիտալի շուկայի զարգացումը, կենսաթոշակային եւ այլ ներդրումային հիմնադրամների միջոցները ՀՀ-ում ներդնելու փաստացի հնարավորությունը եւ ներքին ռեսուրսների մոբիլիզացումը:

2.  Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

05.04.2021