ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-907-23.03.2021-ՏՀ-011/0),  «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-9071 -23.03.2021-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-9072 -23.03.2021-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                           ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

06.04.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը փոխարինել «Կառավարություն» բառով՝ հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

2.  Նախագծով նախատեսված են մի շարք կարգավորումներ եւ հասկացություններ, որոնք միանշանակ չեն ընկալվում եւ բավարար չափով որոշակի չեն, մասնավորապես,

1)Նախագծի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 8-րդ հոդվածի 2.4-րդ կետում նշված կարգավորումն առ այն, որ ՊՄԳ ստորաբաժանումը մասնակցում է հնարավոր ՊՄԳ ծրագրերի առաջմղմանը. մասնավորապես, պարզ չէ՝ ո՞րն է ՊՄԳ ծրագրի առաջմղումը, ի՞նչ եղանակով կարող է առաջ մղվել ՊՄԳ ծրագիրը: 

2)Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող 24.4-րդ կետով սահմանված է հայտի հասկացությունը: Այն սահմանված է որպես հրավերի հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ: Նշված ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ եւ միանշանակ չի ընկալվում: Համանման ոչ որոշակի հասկացություններ են կիրառված նաեւ Նախագծի 14.2-րդ մասում, մասնավորապես, «տեխնիկական փորձառություն» հասկացությունը տվյալ հոդվածի շրջանակներում միանշանակ չի ընկալվում:

3)Ոչ որոշակի կարգավորում է նախատեսված նաեւ Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող 14.8-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ «Առաջարկ ներկայացնելու հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որի չափը կամ դրա հաշվարկման կարգը սահմանվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտարարությամբ»: Նշված ձեւակերպումից պարզ չէ վճարի տեսակը, դրույքաչափը, գանձող մարմինը, ինչպես նաեւ՝ ո՞ր դեպքերում կարող է չգանձվել նշված վճարը (լրացվող 14.8-րդ հոդվածում նշված վճարի գանձումը նախատեսված է որպես հայեցողական լիազորություն):

3. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 10-րդ հոդվածի վերնագիրը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «ՊՄԳ ծրագրերի վերհանումը եւ պատրաստումը», մինչդեռ Օրենքի 10-րդ հոդվածի 1-4-րդ կետերը վերաբերում են ՊՄԳ ծրագրերի պատրաստմանը, իսկ 5-12-րդ կետերը  վերաբերում են մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատմանը, ուստի հասկանալի չէ համապատասխան հոդվածի վերնագրումը՝ որպես ՊՄԳ ծրագրերի վերհանում: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները՝ անհրաժեշտ է հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի բովանդակությունը:

4. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը շարադրված է հետեւյալ կերպ՝ «(...) Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված չափանիշին առաջարկի համապատասխանության գնահատումն իրականացվում է նույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետով նախատեսված չափանիշին համապատասխանությունը՝ Կառավարության կողմից հաստատված` հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան»: Տվյալ ձեւակերպման մեջ հղում կատարելով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված չափանիշներին՝  միաժամանակ նշվում է նույն չափանիշի բովանդակությունը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրացվող 5-րդ կետով սահմանված չափանիշը, որին հղում է կատարվում, հաջորդիվ բացահայտում է հղում կատարված չափանիշի բովանդակությունը, կարծում ենք՝ «Կառավարության կողմից հաստատված` հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան» ձեւակերպումն ավելորդ է: 

5. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման ընթացքում իրավասու մարմնին կամ լիազոր մարմնին իրավասություն է վերապահված մասնավոր նախաձեռնողից պահանջել վերջինիս եւ մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, ինչպես նաեւ ծրագրի առաջարկում իր նախաձեռնությամբ կատարել փոփոխություններ եւ լրացումներ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 9-րդ հոդվածով հնարավոր ծրագրի գնահատումը վերապահված է միայն իրավասու մարմնին, հետեւաբար՝ հասկանալի չէ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման ընթացքում նաեւ լիազոր մարմնին հավելյալ տեղեկություններ պահանջելու իրավասության վերապահումը:

6. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 9-րդ մաս, որով սահմանավում է հետեւյալը.

    «9. ՊՄԳ ընթացակարգով կարող է նախատեսվել մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման առնչությամբ իրավասու մարմնի կողմից կատարվող ծախսերի՝ մինչեւ գնահատման իրականացումը հատուցելու կարգ, ինչպես նաեւ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի իրականացման դեպքում մասնավոր նախաձեռնողի կողմից դրան մասնակցելու պարտավորության ապահովման միջոցների կիրառման կարգ:»:

7. Հարկ է նկատել, որ Նախագծով Օրենքում կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում Օրենքում չեն նախատեսվում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի իրականացմանը մասնավոր նախաձեռնողի կողմից մասնակցելու պարտավորության ապահովման միջոցների վերաբերյալ կարգավորումներ, որոնց կիրառման կարգին հղում է կատարվում Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասում:

8. Նախագծով ՊՄԳ ընթացակարգին է թողնվում կարգավորումների բավականին լայն շրջանակ, որոնց մի մասի սահմանումը ենթաօրենսդրական ակտի շրջանակներում, կարծում ենք, նպատակահարմար չէ, եւ անհրաժեշտ է նախատեսել Օրենքով՝ որպես սահմանափակումներ նախատեսող կամ իրավունք, կամ պարտականություն նախատեսող դրույթներ: Սույն դիտարկումը վերաբերում է, օրինակ, հետեւյալ կարգավորումներին՝ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր՝ 13-րդ մասով նախատեսված հանրային եւ մասնավոր գործընկերների միջեւ ռիսկերի բաշխման առանձնահատկություններին վերաբերող դրույթին, Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց շրջանակը սահմանելուն վերաբերող դրույթին, Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.5-րդ հոդվածի ըստ հաջորդականության 7-րդ մասում նախատեսված գնահատող հանձնաժողովի լիազորություններին վերաբերող դրույթին եւ այլն:

Համանման կարգավորումներ նախատեսված են նաեւ Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող 14.2-րդ մասով, որով նախատեսված կարգավորմամբ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին որեւէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տվյալ պարագայում պարզ չէ՝ ի՞նչն է խանգարում պայմանավորված  համապատասխան սահմանափակումների նախատեսումն օրենքի շրջանակներում:

9. Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող 14.12 հոդվածով սահմանված ուղիղ բանակցությանը վերաբերող կարգավորումները հստակ եւ միանշանակ չեն: Մասնավորապես, հասկանալի չէ տվյալ հոդվածով առանց մրցույթին վերաբերող կարգավորումների նախատեսումն այն պարագայում, երբ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված կարգավորմամբ ակնկալվում է «մրցույթ» բառից հրաժարում եւ կարգավորումներն այսուհետ մրցույթի փոխարեն նախատեսվում են մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին:

10. Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող 14.5-րդ հոդվածի մասերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

11. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.5-րդ հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունների համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի, եւ 7-րդ՝  օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով, մասերի պահանջներին:

12. Նախագծի 15-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի՝ անցումային դրույթներին վերաբերող  30-րդ հոդվածը, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերով իրականացվող կամ դրանց հիման վրա իրականացվելիք ՊՄԳ ծրագրերի նկատմամբ: Այդ ծրագրերի իրականացման կարգը եւ դրանց նկատմամբ կիրառելի պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. ՊՄԳ ընթացակարգի եւ ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի վերաբերյալ սահմանված կարգավորումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրացուցային օրվա ընթացքում:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերի համաձայն՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը, օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի, հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Օրենքի 30-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս նախատաեսել նաեւ հոդվածի հերթական համարը եւ վերնագիրը:

Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Նախագծում նախատեսված չեն անցումային դրույթներին վերաբերող կարգավորումներ, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է հետեւյալը՝ «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում որպես անցումային դրույթ սահմանել դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 15-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում արդեն իսկ ընդունված եւ ուժի մեջ մտած իրավական ակտի, այն է՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի իրագործված անցումային դրույթը, մասնավորապես՝ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը՝  «Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 7-րդ կետերով, 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 10-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ հոդվածի, 24-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 15-րդ եւ 16-րդ հոդվածներով նախատեսվող կարգավորումները:

13. «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Գնումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասում նոր լրացվող 4-րդ կետի տեքստում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

14. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ առաջարկում ենք նշել նաեւ օրենքի հերթական համարը՝ ՀՕ-110-Ն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ ժամանակի սղությունը՝ հարկ է նկատել Նախագծերի փաթեթը ամբողջական փորձաքննության չի ենթարկվել:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:

Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),

06.04.2021 թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),

06.04.2021 թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Փաթեթով առաջարկվում է հստակեցնել պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի պատրաստման, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերի կազմակերպման ու իրականացման, որակավորման չափանիշների սահմանման եւ արդյունքների գնահատման իրավակարգավորումները: 

2. Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Փաթեթի ընդունումը կնպաստի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

06.04.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) նպատակ է հետապնդում կարգավորելու գործող Պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) համակարգը՝ ինստիտուցիոնալ (անկախության) եւ կիրառելիության առումով:

Հաշվի առնելով ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը եւ դրանց կազմակերպման եւ կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ եւ աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտությունը՝ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է «Գնումների մասին» օրենքի եւ ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության ընթացակարգերի ուսումնասիրություն: 

Արդյունքում՝ ներկայացվել են ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող  պայմանները: Մասնավորապես, «Գնումների մասին» օրենքում անհրաժեշտ է հստակեցնել ՊՄԳ գործընթացի համար գնման առարկայի սահմանումը, գնման առարկայի համար բյուջեով նախատեսված կամ սահմանված նախահաշվային արժեքի առկայությունը, ՊՄԳ ծրագրերի պատվիրատու լինելու միայն պետական կառավարման մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների հանգամանքը եւ մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը: 

Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական արդյունավետ շրջանակ, ինչը մեծ նշանակություն կունենա օտարերկրյա գործընկերների ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման եւ փոխադարձ պարտավորությունների եւ ռիսկերի արդյունավետ բաշխման համար:

2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

2.04.2021