ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-906-23.03.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-9061 -23.03.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության  զանգվածային լրատվության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-9062 -23.03.2021-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-9063 -23.03.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)  մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

        ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                           ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

13.04.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրացվում է նոր՝ 226.3-րդ հոդված.

«Հոդված 226.3. Կեղծանուն աղբյուրով կեղծ տեղեկություններ հրապարակելը

1. Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ՝ անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը կատարվել է՝

1) շահադիտական նպատակներով,

2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ

3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,

4) հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ մեկից երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը չորս տարի ժամկետով կամ առանց դրա:»:

1.1. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 226.3-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1-ին մասում նակարագրված արարքը որակյալ դարձնող հատկանիշները միմյանցից առանձնացված են ստորակետերով, սակայն 226.3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի միջեւ կիրառվում է «կամ» շաղկապը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն.

«1. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

2. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

3. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

4. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:

5. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «եւ» կամ «ու», ինչպես նաեւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «եւ» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

6. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, եւ այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «եւ» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, ապա այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից: (...):»:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում արարքը որակյալ դարձնող հանգամանքների թվարկման ձեւն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 226.3-րդ հոդվածի 2-րդ մասում առանձնացված կետերով բաժանված պայմանների միջեւ չկիրառել «կամ» շաղկապը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 226.4-րդ հոդվածի 2-րդ մասում առանձնացված կետերով բաժանված պայմանների միջեւ կիրառվող «կամ» շաղկապին:

1.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 226.3-րդ հոդվածի 4-րդ մասում որպես պատիժ նախատեսվում է ազատազրկումը՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը չորս տարի ժամկետով կամ առանց դրա:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, եւ մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 226.3-րդ հոդվածի 4-րդ մասում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախատեսվում է որպես լրացուցիչ պատիժ, ուստի դրա առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 226.4-րդ հոդվածի 4-րդ մասում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակի առավելագույն ժամկետին:

2. «Հայաստանի Հանրապետության  զանգվածային լրատվության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

«Հայաստանի Հանրապետության  զանգվածային լրատվության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

3. «Հայաստանի Հանրապետության  զանգվածային լրատվության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 5-րդ կետով.

«5) կեղծանուն աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ բջջային հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն»:

Հարկ է նկատել, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը վերաբերում է այդ օրենքում կիրառվող հիմնական հասկացություններին.

«Հոդված 3.        Հիմնական հասկացությունները

Ստորեւ բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ նշանակությամբ.

1) զանգվածային լրատվություն (այսուհետ` լրատվություն)` անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածում, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու եւ տարածելու տեղեկություններ ու գաղափարներ: (...)»:

«Կեղծանուն աղբյուր» հասկացությունը միայն սահմանվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում, սակայն նույն օրենքում քննարկվող եզրույթը այլեւս չի կիրառվում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Կեղծանուն աղբյուր» հասկացությունը չնախատեսել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում՝ միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա սահմանումը անհրաժեշտ է քրեական օրենքի առավել բարձր որոշակիության աստիճանը ապահովելու նպատակով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին, «Զանգվածային լրատվության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

13.04.2021 թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

13.04.2021 թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կեղծանուն աղբյուրով կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

05.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության եւ անձի արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ:

2. Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ կեղծանուն աղբյուրի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու եւ համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով անձին վիրավորելու կամ զրպարտելու համար:

Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ կետով, այն է՝ «5) կեղծանուն աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ բջջային հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն»:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում ու դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կքրեականացվի զանգվածային լրատվության միջոցներում բացված կեղծ օգտանունների միջոցով ակնհայտ կեղծ տեղեկությունների հրապարակումը, անձանց վիրավորելը կամ զրպարտելը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

01.04.2021թ.