ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆիա Հովսեփյանի եւ Աննա Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-902-22.03.2021-ՏՏԳԲ-011/0), «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9021 -22.03.2021-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

09.04.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ կարծում ենք առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1.  «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ ներկայացված առաջարկի հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

09.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

09.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական հիմքեր ստեղծել սահմանամերձ համայնքների բնակիչների համար սոցիալական աջակցության միջոցառումների իրականացման, նրանց առօրյա խնդիրների կարգավորման, սոցիալական դրության բարելավմանը միտված գործողությունների իրականացման, սահմանամերձ համայնքների հողային ֆոնդի օգտագործման արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ տարբեր պատճառներով չմշակվող վարելահողերի եւ մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավելու նպատակով: Դրան հասնելու համար առաջարկվում է սահմանել, որ պետությունը պարտավոր է երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա գնել սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը՝ կառավարության կողմից սահմանած կարգին համապատասխան:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

29.03.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Պատգամավորների կողմից ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ` Նախագծերի փաթեթ) առաջարկվում է ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների համար իրականացնել սոցիալական աջակցության միջոցառումներ, նպատակ ունենալով կարգավորել նրանց առօրյա խնդիրները, իրականացնել սոցիալական դրության բարելավմանը միտված գործողություններ, բարձրացնել սահմանամերձ համայնքների հողային ֆոնդի, գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ տարբեր պատճառներով չմշակվող վարելահողերի եւ մյուս հողատեսքերի օգտագործման արդյունավետությունը: 

2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում եւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի սահմանամերձ համայնքների թվաքանակն ավելացել է, ինչով պայմանավորված տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, որի արդյունքում համայնքում նրանց ընտանիքների հետագա աշխատանքի հեռանկարները դարձել են խիստ անորոշ:

Հաշվի առնելով ներկայիս ծանր սոցիալական վիճակը՝ պետության միջամտության եւ սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության նոր հնարավորությունների ընձեռնման հարցը դարձել է հրամայական: Մասնավորապես, սահմանամերձ վարչական տարածքներում բնակչության եկամտի հիմնական աղբյուրը բուսաբուծությունն է, իսկ դրանով պայմանավորված՝ աճեցված բուսաբուծական արտադրանքի իրացման խնդիրը:

Հեղինակներն առաջարկում են «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը լրացնել նոր՝ 3.1 կետով՝ «Հոդված 3.1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:

Երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսակները, դրանց որակական չափանիշները, երաշխավորված գնման պայմանագրի օրինակելի ձեւը, ինչպես նաեւ երաշխավորված գնման ենթակա արտադրանքի միավորի գինը, յուրաքանչյուր տարվա համար՝ մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի՝ պետության կողմից երաշխավորված գնման դրույթ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:

2.  Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումն, անկասկած, կարող է ունենալ սոցիալական դրական էֆեկտ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական աջակցության երաշխավորված հնարավորություններ ընձեռելու եւ սոցիալական խնդիրները թեթեւացնելու տեսանկյունից: Մասնավորապես, կարող է բարելավվել սահմանամերձ համայնքների տնտեսական եւ ֆինանսական պայմանները, խթանվել զբաղվածությունը, հնարավորություն կարող է ստեղծվել գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ չմշակվող վարելահողերն արտադրության մեջ ներգրավելու համար եւ այլն:

Սակայն, մեր կարծիքով, նման սոցիալական դրական էֆեկտ ապահովելու համար, նախ եւ առաջ, պետք է ապահովել սահմանամերձ համայնքների բնակչության անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ մի շարք համայքներ գտնվում են անմիջապես պետական սահմանի հարեւանությամբ, եւ երկրորդ՝ անհրաժեշտություն կա պետության կողմից սահմանամերձ համայնքների բնակիչներին վարկերի գծով պետական օժանդակության՝ մեծացնելու գյուղատնտեսությամբ զբաղվելու շահագրգռվածությունը եւ մեղմելու  արտագաղթը:

3.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

25.03.2021