ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»   օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-896-11.03.2021-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:


   

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

       ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                          ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ

31.03.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փորձաքննության արդյունքները

Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածում լրացնել նոր 3.1 մաս` «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` «Ռազմարդյունաբերական համալիր») պահանջներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերական ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Սույն մասով նախատեսված ուսումնական ծրագրի մանրամասները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:»:

Վերը նշվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

Համաձայն «Բարձրագույն եւ  հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգը ներառում է`

բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.

լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ համապատասխան հետբուհական ու լրացուցիչ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունները.», իսկ նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետեւյալ տեսակները.

1) համալսարան.

2) ինստիտուտ.

3) ակադեմիա

4) կոնսերվատորիա եւ այլն:

Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների գործունեության կարգը սահմանվում է սույն եւ այլ օրենքներով:»:

            Այսպիսով,  «Բարձրագույն եւ  հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 7-րդ եւ 12-րդ հոդվածները հստակ սահմանում են բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակները, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված Հավելված 1-ով սահմանվում է, որ ռազմարդյունաբերական համալիրը եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններն իրականացնում են համատեղ ուսումնական ծրագիր:  Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ  ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերական ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին: Սակայն այս պարագայում պարզ չէ Նախագծի 1-ին հոդվածում առկա «ռազմարդյունաբերական ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառություն» եզրույթը: Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերական ոլորտի պետական լիազոր մարմնին, ապա այդ մարմնի գործառույթները սահմանվում են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածով: Համաձայն` «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի` 

«1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետ` պետական լիազոր մարմին)`

հանդես է գալիս որպես պետական պատվիրատու.

մասնակցում է զինված ուժերի եւ այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը.

մշակում է`

ա. ռազմական կարիքների համար գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի ծրագիրը,

բ.   ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, որը ներառում է ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը եւ միջոցառումները,

գ.    ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման կարգը,

դ.  ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազային կարգավիճակ տալու կարգը եւ այդ կազմակերպությունների ցանկը,

ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ  ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը, …»:

            Այսպիսով, ելնելով վերոգրյալից կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով  նախատեսված իրավակարգավորումը շարադրել նոր խմբագրությամբ` ապահովելով տվյալ իրավանորմի որոշակիությունը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի  4-րդ մասի  «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ եւ 3.1-ին մասերով» բառերով:

Այս պարագայում առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող փոփոխությունը կատարել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի  4-րդ մասի երկրորդ նախադասությունում, նույն հոդվածի 6-րդ մասում, ինչպես նաեւ  նույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ա-ենթակետում, 3-րդ մասի 1-ին կետի բ-ենթակետում եւ 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում: 

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող իրավակարգավորման մանրամասները համաձայն նույն մասի սահմանվում են Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Հավելված 1-ով: Սակայն անհրաժեշտ է փաստել, որ նշված Հավելված 1-ում բացակայում է Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման պայմանները եւ  ժամկետները, ինչպես նաեւ  անդրադարձ կատարված չէ քաղաքացուն ուսումնառության հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու առվելագույն ժամկետին եւ  կրթության ձեւին: Համաձայն` «Կրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, այն է` «Սովորողների կարողություններին եւ պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա եւ դրսեկության (ընտանեկան եւ ինքնակրթության)  ձեւերով:»: 

Մինչդեռ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «1) Հայաստանի Հանրապետության հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում  տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը.»:

Վերը նշված հավելվածում անդրադարձ կատարված չէ նաեւ ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններում  կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների ուսման վարձի վճարման կարգին: Այս առումով էլ անհրաժեշտ է փաստել, որ «Բարձարգույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերը սահմանում են` « 5) պետության պահանջներից ելնելով` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ֆինանսավորում.

6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին եւ ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում` լրիվ կամ մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).»:

Այսպիսով, ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Հավելված 1-ում սահմանել  եւ ներդնել անհրաժեշտ  իրավական  մեխանիզմներ, որոնք  կկարգավորեն վերը նշված խնդիրները: 

4. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից եւ 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում մասերի համարները տեքստից առանձնացնել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը` «7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:…»

6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Հավելված 1-ի վերնագրում «ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ» բառը փոխարինել «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ» բառով` վերացնելով վրիպակը, նույնը վերաբերելի է Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասին եւ Հավելված 1-ին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»,  «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Կրթության մասին» եւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքների պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 


Կատարող` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (108)

31.03.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 


Կատարող` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (108)

31.03.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել զինվորական ծառայությունից տարկետման իրավունք այն ուսանողների համար, որոնք բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում ռազմաարդյունաբերական համալիրի հետ կկնքեն պայմանագիր՝ որոշակի պայմաններով ուսման շարունակման եւ աշխատանքի համար:   

Նախագծով առաջարկվող մոտեցումները, Նախագծի հեղինակի կարծիքով, միտված են ռազմարդյունաբերական համալիրում եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բուհերում համատեղ ուսումնական ծրագրի իրականացմանը, որը նպատակ ունի նշված ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների գիտական պոտենցիալն օգտագործել ռազմաարդյունաբերական համալիրում՝ նպաստելով Զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների եւ նորագույն գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառմանը եւ, մյուս կողմից, ստեղծել հարթակ երիտասարդ գիտնականների գիտական նոր ձեռքբերումների եւ շարունակական զարգացման համար:

Նախագծի գործադրմամբ՝ զինապարտ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի շարունակել բարձրագույն կրթությունն այնպիսի ձեւաչափով, որը մի կողմից կխրախուսի ուսանողներին զբաղվել գիտությամբ, մյուս կողմից՝ Զինված ուժերին հնարավորություն կտա օգտագործել համապատասխան գիտական պոտենցիալը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի դրույթների հստակեցման նպատակով հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

Նախագծի հավելվածի «Ծրագրի նկարագիրը» բաժնի՝

1. չորրորդ պարբերության «մասնակցում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարող են մասնակցել» բառակապակցությամբ, քանի որ տվյալ մասնակցությունը կրում է կամավոր բնույթ, իսկ «մասնակցում են» բառն իմպերատիվ պարտադրանք է ենթադրում,

2. վեցերորդ պարբերության մեջ անհրաժեշտ է հստակեցնել, թե ո՞ր լիազոր մարմնի մասին է գնում խոսքը՝ կրթության, թե՞ պաշտպանության բնագավառի,

3. իններորդ մասում նշվում է, որ. «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ավարտին ատենախոսությունը պաշտպանած քաղաքացիներն իրավունք ունեն միակողմանի խզել պայմանագիրը Ռազմաարդյունաբերական համալիրի հետ:», ընդ որում՝ չի նշվում, թե այդ քայլն իրավական ի՞նչ հետեւանքներ պետք է առաջացնի: Եթե նշված հետեւանքները չնախատեսվեն, ապա ակնհայտ է, որ Նախագծով առաջարկվող մեխանիզմը կարող է զինվորական ծառայությունից խուսափելու կոռուպցիոն մեխանիզմի վերածվել: Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակ սահմանել պատասխանատվության այն միջոցները, որոնք պարտադիր պետք է վրա հասնեն տարկետման իրավունքից օգտվելու եւ վերջում պայմանագիրը միակողմանի խզելու արդյունքում:

Բացի այդ, նույն պարբերության մեջ նշվում է նաեւ, որ. «Քաղաքացին հնարավորություն է ստանում հետագայում շարունակել գիտական գործունեությունը Ռազմաարդյունաբերական համալիրում՝ կնքելով նոր աշխատանքային պայմանագիր՝ նոր պայմաններով:», սակայն չի հստակեցվում, թե ի՞նչ ժամկետ է ենթադրվում «հետագայում» բառի տակ (այսինքն, անհրաժեշտ է հստակեցնել, թե պայմանագիրը խզելուց քանի տարվա ընթացքում կարող է քաղաքացին կրկին դիմել եւ շարունակել աշխատանքը Ռազմարդյունաբերական համալիրում):

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում, սակայն հստակեցման եւ որոշակիացման առումով այն անհրաժեշտ է խմբագրել:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

22.03.2021թ.
 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորություն տալ ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքվում է քաղաքացիական բնույթի պայմանագիր:

2. Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի քաղաքացիներին շարունակել բարձրագույն կրթությունն եւ զբաղվել գիտությամբ, իսկ Զինված ուժերին՝ օգտագործել համապատասխան գիտական ներուժը:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                 
 

Կատարող՝   Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

26.03.2021թ.