ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-892-09.03.2021-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

        ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                            ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 

29.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` նաեւ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` նաեւ Օրենսգիրք)  լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ նշելով Օրենսգրքի հերթական համարը՝ «ՀՕ-185»:

2.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում առանց հիմնավորման դուրս է մնում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի սեփականատիրոջ կողմից համայնքի բյուջե հողամասի կադաստրային արժեքը վճարելու ժամկետը: Օրենքի որոշակիությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի սեփականատիրոջ կողմից համայնքի բյուջե հողամասի կադաստրային արժեքը վճարելու ժամկետը հստակ նշել:

3.  Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքում լրացվող 9-րդ մասում «լճակների» բառից հետո լրացնել «կառուցման» բառը՝ ապահովելով նորմի միանշանակ ընկալումը: Նույն լրացումը կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքում լրացվող 10-րդ մասում նշված «շինությունների» բառից հետո:

4.  Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածների մասերի համարակալմանը:

5.  Նախագծի անցումային դրույթներին վերաբերող 5-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ  մասերը, կարծում ենք, կարող են խնդրահարույց լինել ժամանակի մեջ իրավական ակտի գործողության սահմանադրաիրավական բովանդակության եւ իրավական հստակության ապահովման տեսանկյունից: 

Նախագծի 5-րդ մասով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները՝ « (...) 2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում լրացվող 10-րդ մասի դրույթները տարածվում են նաեւ այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային նշանակությունը 2013 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով փոփոխման ժամանակ չի վճարվել հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր էր, քան մինչեւ փոփոխումը եւ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխումից հետո այդ ժամանակահատվածում կրկին չի փոփոխվել այլ նպատակային նշանակության:

 (...)

4. Սույն հոդվածի 3-րդ մասի  դրույթը տարածվում են նաեւ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա»:

Օրենսգրքի գործող կարգավորումներով քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող (նախատեսվող) հողամասերի փոփոխելու դեպքում, հողամասի սեփականատերը, կադաստրային արժեքի տարբերությունը չի վճարում: Այսինքն՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի բովանդակությունից բխում է, որ կադաստրային արժեքը չվճարելու արտոնություն նախատեսված է միայն, եթե հողամասի նպատակային նշանակությունը փոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար, իսկ գործող Օրենսգրքի որեւէ դրույթից չի բխում հողամասի նպատակային նշանակությունը կրկին փոխելու դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը չվճարելու պահանջ: Հետեւաբար՝ հասկանալի չէ, թե ինչու? (ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման) նշված հողամասերի նպատակային նշանակությունը կրկին փոխելու դեպքում կադաստրային արժեք չի գանձվել: Եթե նշված հողամասերի նպատակային նշանակությունը կրկին փոխելու դեպքում կադաստրային արժեք չի գանձվել գործող օրենսդրության ոչ որոշակի լինելու արդյունքում, ապա հասկանալի չէ՝ ինչու է համապատասխան վճարման պահանջը Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում տարածել նաեւ մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների, դրանք ծնող իրադարձությունների, գործողությունների կամ անգործության նկատմամբ:

Մասնավորապես, Նախագծով լրացվող 10-րդ մասով հողամասի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո այդ հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման եւ սպասարկման համար 10 տարվա ընթացքում փոփոխելու դեպքում փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի եւ մինչեւ  հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելը ունեցած հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերության համայնքային բյուջե մուծելու նոր պահանջ, որը տարածվում է նաեւ 2013 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սեփականատիրոջ նախաձեռնության հողամասի նպատակային նշանակության փոփոխման ժամանակ չվճարած կադաստրային արժեքի վրա: 

Նախագծի եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումների վերլուծությունից բխում է, որ 2013 թվականից սկսած համապատասխան շինություններ կառուցելու նպատակով տրամադրված հողամասերի նպատակային նշանակությունը 10 տարվա ընթացքում կրկին փոխելու դեպքում  դրա կադաստրային արժեքի եւ մինչեւ հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելը ունեցած հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը չի գանձվել, եւ Նախագծով նախատեսվում է այդ չգանձված գումարները վճարելու պահանջ տարածել 2013 թվականից ծագած հարաբերությունների վրա. այսինքն՝ Նախագծով նախատեսված կարգավորումները, որպես անձի համար բացասական ազդեցություն ունեցող կարգավորումներ, չեն տարածվում ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եւ դրանց գործողությունը տարածվում է անցյալի վրա:

Սահմանադրության՝ «Օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժը» վերտառությամբ 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: 

Հետադարձ ուժի արգելման սկզբունքը վերաբերելի է միմիայն այն դեպքերին, երբ օրենքի փոփոխման պատճառով անձը, ով գտնվում է արդեն իսկ օրենքով կարգավորված հարաբերությունների մեջ, ունի որոշակի իրավունքներ եւ պարտականություններ, իրավական վիճակը վատթարանում է, նա զրկվում է իրավունքներից կամ սահմանափակվում է այդ իրավահարաբերությունների ուժով նրա իրավունքի իրացումը: Ելնելով Օրենսգրքի 8-րդ հոդվածի ներկայիս կարգավորումների եւ Նախագծով նախատեսված կարգավորումների վերլուծությունից, կարող ենք նշել, որ 2013 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սեփականատիրոջ նախաձեռնության հողամասի նպատակային նշանակության փոփոխման ժամանակ չվճարած կադաստրային արժեք վճարելու պահանջն ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենում անձի՝ անցյալում ծագած հարաբերությունների նկատմամբ: Իսկ Օրենքի հետադարձ ուժի արգելքը տարածվում է ոչ միայն իրավական պատասխանատվություն սահմանող ակտերի վրա, այլեւ ընդհանրապես որեւէ կերպ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների վրա: Անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտ ասելով պետք է հասկանալ այն իրավական ակտերը, որոնք անձի համար ունեն որեւէ բացասական ազդեցություն, ուստի իրավական ակտն ընդունած մարմնին արգելվում է անձի համար որեւէ բացասական ազդեցություն ունեցող իրավական ակտի գործողությունը տարածել անցյալի վրա:

Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա։ Նման պարտավորություն է նաեւ ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով (ՍԴՈ–723, 15 հունվարի, 2008 թ.)։ Օրենքի դրույթների հետադարձ կիրառման առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելման սկզբունքը վերաբերելի է միմիայն այն դեպքերին, երբ օրենքի փոփոխման պատճառով անձի, ով գտնվում է արդեն իսկ օրենքով կարգավորված հարաբերությունների մեջ, ունի որոշակի իրավունքներ եւ պարտականություններ, իրավական վիճակը վատթարանում է, նա զրկվում է իրավունքներից կամ սահմանափակվում է այդ իրավահարաբերությունների ուժով նրա իրավունքի իրացումը (ՍԴՈ–1224, 7 հուլիսի, 2015 թ.)։ 

Օրինաստեղծ գործունեության խնդիրն է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների ու ազատությունների երաշխավորված եւ համալիր իրացումը` որպես իրավունքի գերակայության, իրավական պետության կայացման ու զարգացման անհրաժեշտ նախապայման։ Մասնավորապես, իրավակարգավորման ձեւերի ու միջոցների ընտրությունը, դրանցով անձանց իրավունքների գործադրման առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ հետապնդելը չեն կարող իրացվել  ի հաշիվ սահմանադրաիրավական որեւէ նորմի ու սկզբունքի անտեսման։

Իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ եւ անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների պահպանումը` նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով։ Դա առավել եւս կարեւոր է այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների խստացմանը (ՍԴՈ–1061, 14 դեկտեմբերի, 2012 թ.)։ 

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորել է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իրենց վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում։ Մասնավորապես, սահմանադրական դատարանը կարեւորում է իրավական դրույթների փոփոխության, լրացման համատեքստում օրենսդրական նորմերի հստակության ու որոշակիության ապահովումը (ՍԴՈ–1176, 2 դեկտեմբերի, 2014 թ.)։ 

Հետեւաբար Նախագծով նախատեսված կարգավորումները, որպես անձի համար բացասական ազդեցություն ունեցող կարգավորումներ, կաորղ են տարածվել Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի անցումային դրույթներին վերաբերող 5-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերը խնդրահարույց են անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի արգելքի տեսանկյունից՝ հիմք ընդունելով Սահմանադրության 73-րդ հոդվածը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

29.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

29.03.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է հստակեցնել հողամասի նպատակային նշանակության փոփոխման կարգի հետ կապված պահանջները: Մասնավորապես, ըստ Նախագծի հեղինակի հիմնավորման, դրա անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո այդ հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման եւ սպասարկման համար 10 տարվա ընթացքում փոփոխելու դեպքում փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի եւ մինչեւ հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելը ունեցած հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերության համայնքային բյուջե մուծելու նոր պահանջով:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

16.03.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայացված Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հողամասի նպատակային նշանակության փոփոխման ժամանակ հողամասի կադաստրային արժեքների տարբերությունների վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ:

Գործող իրավակարգավորումներով` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում, հողամասի սեփականատերը, կադաստրային արժեքի տարբերությունը չի վճարում եւ առկա չէ հետագայում հողամասը այլ շինությունների կամ տնտեսությունների համար օգտագործելու դեպքում կադաստրային արժեքի տարբերության վճարման պահանջ: 

Տվյալ իրավիճակը հողամասի սեփականատիրոջը հնարավորություն է տալիս հողամասի նպատակային նշանակությունը առանց կադաստրային արժեքների տարբերության վճարման փոփոխելուց հետո, որոշ ժամանակ անց, այդ թվում` առանց որեւէ շինության կառուցման կամ առանց նշված տնտեսությունները վարելու), կրկին դիմել հողամասի նպատակային նշանակության փոփոխման համար եւ փոփոխելուց հետո հողամասը չօգտագործել ըստ նպատակի, որի համար օրենքով նախատեսված է կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ կապված արտոնությունը:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կադաստրային արժեքի տարբերության վճարման պայման սահմանել այն դեպքերի համար, երբ առանց հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց հետո հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ նախատեսվում է կրկին փոխել հողամասի նպատակային նշանակությունը կամ շինությունները, առանց դրանց նպատակային նշանակության փոփոխման, թույտվությամբ օգտագործել նշված տնտեսությունների կարիքների կամ վարման հետ չկապված (օրինակ` որպես արհեստանոց, տարբեր տիպի արտադրամաս, սպանդանոց, ավտոպարկ եւ այլն):

2.  Ներկայացված Նախագիծը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն՝ անուղղակի ձեւով, քանի որ դրա ընդունումը եւ կիրառումը հնարավորություն կտա հավաքագրել համայնքային բյուջեների այն եկամուտները, որոնք գործող օրենքի պարագայում թերվճարվում են կամ ընդհանրապես չեն վճարվում:

3.  Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից  լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.03.2021