ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-886-03.03.2021-ՊԻ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

24.03.2021թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները


Ուսումնասիրելով Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը), կարծում ենք, առկա չեն  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.      Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) կատարվում են մեկից ավելի լրացումներ եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝  նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

2.      Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ նշելով Օրենսգրքի հերթական համարը՝ «ՀՕ-110-Ն»:

3.      Նախագծի 1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: 

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող՝ նոր 22.1-ին գլխի 203.1-203.3-րդ հոդվածների համարներին:

4.      Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 22.1-ին գլխի վերնագիրը  առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

Միաժամանակ առաջարկում ենք «Գլուխ» բառը գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին) եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում գլուխների գրելաձեւը:

5.      Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 8-րդ կետի «հատուման գործերի վարույթը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հատուցման գործերը» բառերով՝ թույլ տրված վրիպակն ուղղելու եւ Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման տրամաբանությունը պահպանելու նպատակով:

6.      Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվում է 22.1-ին գլուխ: Հիմք ընդունելով Օրենսգրքի 202-րդ հոդվածում հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերի հաջորդականությունը, ինչպես նաեւ Օրենսգրքի հատուկ հայցային վարույթներին վերաբերող ենթաբաժնի գլուխների հաջորդականությունը՝ առաջարկում ենք պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերին վերաբերող գլուխը համարակալել«27.2»:

7.      Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող՝ նոր 22.1-ին գլխի 203.2-րդ եւ 203.3-րդ հոդվածների վերնագրերի վերջում դրված կետադրական նշաններն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

8.      Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը քննում է հատուկ հայցային վարույթի կարգով գործեր ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 22.1 -ին գլխի 203.2-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «հատուցման» բառերից հետո նշել «գործերի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը չի պարունակում Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

24.03.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

24.03.2021թ.



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում» առաջարկվող լրացումը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ նպատակահարմար չեն գտնում դիմել դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես, պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառած վնասի դեպքերում, քանի որ սույն գործերը վարույթ ընդունելուց հետո, գնահատողական գործընթացը տեւում է ամիսներ, նույնիսկ՝ տարիներ, ստիպելով անձին տեւական ժամանակ մնալ խախտված իրավունքի հոգեբանական ազդեցության ներքո: 

Նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառած վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար՝ ապահովելով խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությունը խելամիտ ժամկետներում եւ արժանապատիվ պայմաններում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

17.03.2021թ.
 

                 

     Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Մինչդեռ, հեղինակի կարծիքով, գործող օրենքով նախատեսված ժամկետները չեն նպաստում խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությանը:

Նախագծով առաջարկվում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

15.03.2021?.