ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-876-24.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արման Խաչատրյանի եւ Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված եւ փաստացի բնակվող անձանց համար ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու հնարավորություն: Սակայն, հարկ է նկատել, որ նման կարգավորման պարագայում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված եւ փաստացի բնակվող անձանց ձեռք բերած հրազենը կարող է կիրառվել եւ օգտագործվել թե՛ սահմանին կամ սահմանամերձ տարածքներում` արտաքին թշնամուց պաշտպանվելու նպատակով, թե՛ ներքին շրջանակներում կամ միջանձնային հարաբերություններում: Այսինքն` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված եւ փաստացի բնակվող անձանց ձեռք բերած հրազենը միայն արտաքին թշնամուց պաշտպանվելու նպատակով կիրառելուն կամ միայն սահմանամերձ համայնքում օգտագործելուն վերաբերող կարգավորումները բացակայում են: Ուստի, հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության անհրաժեշտությունից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց անվտանգությունից բխում է նշված անձանց համար ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու, կիրառելու, բնակության վայրը փոխելու դեպքում տվյալ զենքը վերադարձնելու, սահմանամերձ համայնքում փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու ընթացակարգի հետ կապված լրացուցիչ իրավական կարգավորումներ:

Միաժամանակ, կարծում ենք, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված եւ փաստացի բնակվող անձանց կողմից ակոսափող որսորդական հրազեն առաջին անգամ ձեռք բերելու դեպքում նպատակահարմար կլինի սահմանել կարգավորումներ Ոստիկաությունում զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցկացնելու վերաբերյալ, ինչպես նախատեսված է, օրինակ` «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ պարբերությամբ: 

2. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանամերձ համայնքների բնակիչները ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելով կարող են ապահովել իրենց անվտանգությունը, ինչպես նաեւ որսորդությամբ զբաղվել: Հարկ է նկատել, որ «Զենքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ «Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաեւ որսորդությամբ եւ սպորտով զբաղվելու համար:»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  ակոսափող հրազենը նախատեսված է որպես որսորդական զենք, այսինքն՝ այն կարող է տրամադրվել կոնկրետ նպատակով, այն է՝ որսորդությամբ զբաղվելու, իսկ որսորդությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը: Հետեւաբար, առանց օրենքով սահմանված ընթացակարգի, անձը չի կարող զբաղվել որսորդությամբ: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որսորդական զենքը տրամադրվում է որսորդությամբ զբաղվելու նպատակով, առաջարկում ենք Նախագծով որսորդական զենք տրամադրելու փոխարեն նախատեսել ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու իրավասություն:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ նշելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: 

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «եւ» շաղկապից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել  Նախագծով նախատեսվող կարգավորումներին առնչվող լրացուցիչ իրավական մեխանիզմներ եւ կարգավորումներ, ինչպես նաեւ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:  
  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), 

Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

18.03.2021 թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), 

Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

18.03.2021 թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-876-24.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Զենքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները, որը վերաբերում է սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների կողմից ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռքբերմանը, պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվող նոր սահմաններով եւ սահմանամերձ համայնքների թվի կտրուկ աճով: Ըստ Նախագծի հեղինակների հիմնավորման, ստեղծված իրավիճակում Նախագծի ընդունումը կնպաստի սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենա բնակիչների բարոյահոգեբանական վիճակի վրա՝ ստեղծելով լրացուցիչ անվտանգության եւ վստահության երաշխիքներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

03.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-876-24.02.2021-ՊԱ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.    Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում հաշվառված եւ մշտապես բնակվող քաղաքացիներին առանց հինգ տարի նվազագույն ժամկետով ոլորակափող որսորդական հրազեն ունենալու պահանջի, հնարավորություն տալ ձեռք բերել ակոսափող որսորդական հրազեն:

2.    Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.    Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

10.03.2021թ.