ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-866-15.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)  անվանումից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 

2.  Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում են մի քանի փոփոխություններ եւ լրացումներ:

3.  Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել (այսուհետ` Օրենք) բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Օրենքին այլեւս հղում չի կատարվում: 

4.  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Մինչդեռ հարկ է նկատել, որ նոր խմբագրությամբ շարադրվում է միայն Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը: Հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածի  մյուս կետերով կատարվող փոփոխությունը եւ լրացումները առաջարկում ենք Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ բացառելով դրանում լրացուցիչ համարով կետերի առկայությունը: 

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «1) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելուց հետո պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված չէ, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված.»:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 1.1)-ին կետով, որի համաձայն՝ «1.1) եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված, ապա պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում կողմերից որեւէ մեկի ներկայացրած դիմումի հիման վրա»:

Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբեյալ նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Քաղաքացիական օրենսգիրք) 466-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պայմանագրի փոփոխումը եւ լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

3. Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված»:

Քաղաքացիական օրենսգիրք 441-րդ հոդվածում սահմանված է պայմանագրի գործողությունը, որի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները:

Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչեւ դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետում սահմանված իրավակարգավորումը նախատեսում է պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելուց հետո պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հնարավորություն միայն այն դեպքում, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված չէ, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված: 

Մինչդեռ, հարկ է նկատել, որ եթե օրենքով կամ պայմանգրով բացակայում է պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունների դադարման պայմանը, ապա պայմանագիրը շարունակում է գործել մինչեւ դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը: Հետեւաբար, պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում օրենքով կամ պայմանագրով պայմանագրի վերսկսման պայմանի բացակայությունը չի ենթադրում պայմանագրի գործողության դադարեցում: 

Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետում սահմանված իրավակարգավորման արդյունքում եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված չէ, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված, եւ օրենքով կամ պայմանգրով բացակայում է պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունների դադարման պայմանը, այսինքն՝ պայմանագիրը շարունակում է գործել մինչեւ դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը, պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով պայմանգրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել: 

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող 1.1-ին կետով սահմանված իրավակարգավորումը նախատեսում է կողմերից մեկի դիմումի հիման վրա անորոշ ժամկետով գործող պայմանագրի հիման վրա իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հնարավորություն: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը կողմերից մեկի դիմումով ուժը կորցրած ճանաչելու հնարավորության նախատեսումը հաշվի չի առնում մյուս կողմի պատշաճ ծանուցված լինելու, համապատասխան պայմանների պահպանված լինելու հանգամանքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք նման կարգավորումները չեն բխում Քաղաքացիական օրենսգրքի տրամաբանությունից, քանի որ պայմանագիրը կարող է լուծվել, որի արդյունքում դադարում է պայմանգրի հիման վրա ձեռք բերված իրավունքը, կողմերի համաձայնությամբ, դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Հետաբար, կարծում ենք պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո օրենքով կամ պայմանգրով պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունների դադարման պայմանի բացակայության դեպքում գործողությունը շարունակող պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պետք է ուժը կորցրած ճանաչվի կողմերի համաձայնությամբ, ինչն ենթադրում է համատեղ դիմումի առկայություն, կամ դատարանի վճռով:

6. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետում «3-րդ մասի 2-րդ կետը լրացնել «գ.», «դ.» եւ «ե.» կետերով խմբագրությամբ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «3-րդ մասի 2-րդ կետում լրացնել «գ.», «դ.» եւ «ե.» ենթակետեր.» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

7. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում լրացվող «ե» ենթակետի համաձայն՝ «օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքում որոշակի իրադարձությունների վրա հասնելու պայմաններում պայմանագրի գործողության անհնարինությունը նախատեսող փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով,»:

Նշված կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախ՝ «պայմանագրի գործողության անհնարինություն» հասկացությունը սահմանված չէ օրենսդրությամբ:

Բացի այդ, կարծում ենք, նշված իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ որոնք են համարվում պայմանագրի գործողության անհնարինությունը նախատեսող փաստը հաստատող փաստաթղթերը: 

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանում է կողմերից որեւէ մեկի դիմումով պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության ընթացքում կարող է ուժը կորցրած ճանաչվել: Մինչդեռ, նշենք որ քննարկվող դեպքում հնարավոր են պայմանագրի գործողության անհնարինությանը հանգեցնող իրադարձությունների վիճարկման դեպքեր:

8. Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով Օրենքի 35-րդ հոդվածում լրացվող նոր 5-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

10.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

10.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-866-15.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչը պայմանավորված է ընթացակարգային կանոններով երաշխավորված նյութական իրավունքի իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի իրավունքի դադարման պետական գրանցումը եւ գրանցված իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու կարգը եւ պայմանները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

26.02.2021թ. 






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-866-15.02.2021-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայումս գույքի նկատմամբ իրավունքների ծագման եւ դրանց դադարման հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս մի անձի կամաարտահայտության արդյունքում ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Այսինքն, ընթացակարգային կանոնները գործնականում անհնար են դարձնում երաշխավորված նյութական իրավունքի իրացումը:

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում, ինչի արդյունքում պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել այդ իրավունքների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

Կարծում ենք, Նախագծի ընդունմամբ կապահովվի երաշխավորված նյութական իրավունքի իրացվելիությունը: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

26.02.2021թ.