ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0), «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8601 -09.02.2021-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8602 -09.02.2021-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8603 -09.02.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հաշմանդամությունը սահմանվում է հետեւյալ կերպ՝ «առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ միջավայրային արգելքների (այդ թվում` վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երեւույթ»: 

Հարկ ենք համարում մեջբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի  (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի, որի համաձայն՝ «Սույն Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիակատար եւ արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով»:

Տվյալ նորմի բովանդակությունից բխում է, որ ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ նյարդային հիվանդությունները տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով լիակատար եւ արդյունավետ մասնակցելուն: Սակայն տվյալ գործոնը չի դիտարկում՝ իբրեւ պարտադիր առկա պայման: Ուստի՝ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսված սահմանումը, կարծում ենք, վերախմբագրման կարիք ունի մտքի հստակեցման եւ «միջավայրային արգելքների փոխազդեցությունը» Կոնվենցիայի տրամաբանությամբ ձեւակերպելու տեսանկյունից: 

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նախատեսված է հետեւյալը՝ «համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների եւ մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույնս մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը` անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը»:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում մեջբերել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը, որտեղ «համընդհանուր ձեւավորում» հասկացությունը սահմանված է հետեւյալ կերպ՝ «ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների ձեւավորում, որը դրանք առավելագույնս գործածելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց դրանց հարմարվելու կամ հատուկ ձեւավորման անհրաժեշտության: «Համընդհանուր ձեւավորում»-ն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար նախատեսված օժանդակող պարագաները դրանց անհրաժեշտության դեպքում»:

Հարկ ենք համարում նկատել, որ Կոնվենցիայում համընդհանուր ձեւավորման հասկացությունն իր մեջ ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար նախատեսված օժանդակող պարագաները վերջիններիս անհրաժեշտության պարագայում: Մինչդեռ Նախագծում կիրառվող «չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը» ձեւակերպումը, կարծում ենք, կարող է տարընթերցումների տեղիք տալ հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների՝ «համընդհանուր դիզայնի» հասկացության մեջ ընդգրկված չլինելու տեսանկյունից: Նշվածով պայմանավորված, կարծում ենք, որ տվյալ դրույթը քննարկվող հատվածով վերախմբագրման կարիք ունի: 

3. Նախագծի մի շարք հոդվածներում (օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 14-րդ կետեր,) կիրառված է «եւ (կամ)», «եւ/կամ» ձեւակերպումները: Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ/կամ», եւ (կամ)  գրելաձեւերը կիրառելի չեն: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի համապատասխան հոդվածները:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում կիրառված «եւ (կամ)» ձեւակերպմանը:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում ուղղել վրիպակը՝ հանել երկրորդ «ըստ» բառը:

5. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «կառավարություն» ձեւակերպումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ» եւ 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», ինպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված ձեւակերպումները, առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում կիրառել «կառավարություն» ձեւակերպումը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ», «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծում կիրառված «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «կառավարություն» ձեւակերպումներին:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում, առաջարկում ենք «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին, Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքին, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «դ» ենթակետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին,  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ մասերում նշված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին: 

7. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» բառերը փոխարինել «Ազգային ժողով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», ինպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված ձեւակերպումները:

8. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

9. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին հաջորդում է 5-րդ կետը: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի հաջորդական համարակալումը:

10. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալումը սկսվում է 4-րդ մասից, առաջարկում ենք ապահովել մասերի համարակալման հաջորդականությունը:

11. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի կետերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի» եւ 7-րդ մասի՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:

12. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք  նշել օրենսգրքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը»:

13. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29.3-րդ գլխի 216.6-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասի համաձայն՝ «Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն (նրա կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ եւ անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են) եւ հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում»:

Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝ 

1)  «նրա կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ եւ անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են» ձեւակերպման պարագայում անհասկանալի է թե ու՞մ կանոնադրությամբ պետք է նշված պայմանը նախատեսված լինի: Հետեւաբար առաջարկում ենք օրենքի կանխատեսելիությունն ու որոշակիությունն ապահովելու միտումներով վերախմբագրել նորմը քննարկվող հատվածով:

2)  Նկատենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշում չկա այն մասին՝ ինչով է պայմանավորված, ինչ նպատակի է ծառայում եւ ինչ օբյեկտիվ հիմքով հասարակական կազմակերպության անդամների առնչությամբ սահմանափակման, այն է՝ պարզ մեծամասնության՝ հաշմանդամություն ունեցող անձինք լինելը, նախատեսելը: Տվյալ հարցի հստակեցումը պայմանավորված է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքի պահանջի պահպանման անհրաժեշտությամբ: Նշվածով պայմանավորված՝ կարծում ենք, տվյալ իրավակարգավորումը նշված հատվածով լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 

14. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առկա է երկու «Հոդված 3.»: Հետեւաբար առաջարկում ենք պահպանել համարակալման հաջորդականությունը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության, համաչափության սկզբունքներին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծում նախատեսված է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթեւ, միջին, ծանր, խորը: 

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում նկատել, որ մի շարք օրենքներում, օրինակ՝ «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կիրառվում են հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերը: Հետեւաբար Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարող է առաջանալ տվյալ օրենքներում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0), «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8601 -09.02.2021-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8602 -09.02.2021-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8603 -09.02.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, այս ոլորտում կառավարության եւ լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները:

Սահմանվում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ դեղորայքը անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու դրույթներ, որոնք սահմանված են նաեւ գործող օրենքում: Բացի այդ, սահմանվում են նաեւ դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եւ հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման ապահովման վերաբերյալ եւ այլն: 

Առաջարկվող կարգավորման նպատակներից մեկն էլ հաշմանդամության սահմանման մոդելից ֆունկցիոնալության գնահատման մոդելին անցումն է, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Ըստ այդմ, նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթեւ, միջին, ծանր, խորը: 

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

ա) Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է. «իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից»: Խնդիրը կայանում է նրանում, որ նման անորոշ ձեւակերպումը կարող է տարընթերցումների տեղիք տալ եւ հանգեցնել անցանկալի արդյունքերի, հատկապես` ստվերային տնտեսությանը բնորոշ երեւույթների մասով: Հետեւաբար, անհրաժեշտ է հնարավորինս հստակեցնել մեջբերված արտահայտությունը, կամ էլ, գոնե, այն առնվազն ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ` «իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հատկացրած միջոցներից»:

բ) Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներ, սահմանվում են նաեւ «հավասարությունը տղամարդկանց եւ կանանց միջեւ» եւ «հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատության նկատմամբ հարգանքը», որոնք, մեր կարծիքով, տվյալ օրենքի կարգավորման տիրույթից չեն, ուստի առաջարկում ենք դրանք հանել (առավել եւս, որ հետագա տեքստում այդ սկզբունքներն ըստ էության «բացված» կամ մանրամասնեցված չեն):

Բացի այդ, տվյալ հոդվածով սահմանվող սկզբունքների շարքում, ըստ մեզ, բացակայում է տվյալ ոլորտում պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը երաշխավորող եւ հիմնարար նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը, այն է` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարիքների եւ դրանց ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համաչափության սկզբունքը: Առաջարկում ենք այս հոդվածում ավելացնել նշված սկզբունքը, քանի որ օրենքով սահմանելով միջազգային իրավունքին եւ չափանիշներին համապատասխան իրավունքներ, սակայն չապահովելով համապատասխան ֆինանսական միջոցներ, արդյունքում կստացվի ոչ թե այդ իրավունքների գործնական իրացում, այլ տվյալ գործընթացի իմիտացիա (այսինքն` ունենալով երաշխավորված իրավունքներ, հաշմանդամները չեն կարող լիարժեք օգտվել իրենց իրավունքներից` ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարարության պատճառով): Հասկանալի է նաեւ, որ ՀՀ պետական բյուջեի հնարավորությունների, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի համավարակով եւ պատերազմական գործողություններով պայմանավորված անհնար է ներկայումս ապահովել բոլոր հաշմանդամների լիարժեք սպասարկումն ու նրանց իրավունքերի լիակատար իրականացումը, սակայն հարկ է նաեւ նկատի ունենալ, որ նշված սկզբունքի անտեսումն անորոշ ժամկետով ուղղակի կարող է հետաձգել այս կարեւոր նպատակի իրականացումը: Հետեւաբար, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի, կարիքների եւ դրանց ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համաչափության սկզբունքի օրենսդրորեն ամրագրումը թույլ կտա ոչ միայն պարտադրել համալիր եւ տարեկան ծրագրերում նախատեսել համապատասխան ժամանակացույցեր, այլեւ օրենսդրին հնարավորություն կտա մշտապես ուշադրության կենտրոնում եւ խորհրդարանական վերահսկողության տակ պահել տվյալ խնդիրը: 

գ) Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանվում է, որ  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է. «հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու եւ դրանց գնային արժեքը որոշելու կարգը»: Խնդիրը կայանում է նրանում, որ «գնային արժեք», որպես մասնագիտական հասկացություն, գոյություն չունի, քանի որ ինքը` գինը, ապրանքի (ծառայության) արժեքի դրամական արտահայտությունն է: Այս կապակցությամբ առաջարկում ենք մեջբերված տեքստում «գնային արժեքը որոշելու» բառերը փոխարինել «ֆինանսավորման» բառով: Նշենք նաեւ, որ եթե այս արտահայտության տակ նկատի է ունեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար գնման ենթակա աջակցող միջոցների գների որոշումը, ապա հարկ է փաստել, որ պետությունը չի կարող որոշել մասնավոր արտադրողների արտադրանքի գները, իսկ այդ նպատակով էլ պետությունը որոշում է ոչ թե տվյալ աջակցող միջոցների գները, այլ դրանց գնման նվազագույն կամ առավելագույն գները, ինչն էլ կատարվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում, ուստի տվյալ օրենքի կարգավորման առարկա չի կարող հանդիսանալ:

դ) Նախագծի 15-րդ հոդվածով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների իրականացման, ապահովման, խթանման եւ արտոնությունների հետ կապված մի շարք դրույթներ, ինչպես նաեւ սույն Նախագծում օգտագործվում են նոր հասկացություններ (հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա խմբերի փոխարեն սահմանվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման թեթեւ, միջին, ծանր եւ խորը աստիճանները, կրթության ոլորտում սահմանվում է արտոնությունների ավելի լայն շրջանակ, քան գործող օրենքներում է ամրագրված եւ այլն): Այսքանով հանդերձ, Նախագծի համապատասխան դրույթները եւ մասերը թղթակցված չեն հարակից մյուս օրենքերի հետ, ինչն էլ անհրաժեշտ է կատարել` համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ հարակից մյուս բոլոր օրենքներում: 

Բացի մյուս օրենքների հետ նշված թղթակցության ապահովումից, անհրաժեշտ է ապահովել նաեւ հաշմանդամների իրավունքների իրացման գերակայությունների եւ առաջնահերթությունների ճիշտ սահմանումը: Օրինակ, «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված է, որ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի:», մյուս կողմից` նմանատիպ արտոնություն սահմանվում է նաեւ սույն Նախագծով, ուստի անհայտ է մնում, թե ո՞ր օրենքով սահմանված արտոնությունից պետք է օգտվի հաշմանդամ ճանաչված անձը, եթե նա միաժամանակ բավարարում է այս երկու օրենքերով սահմանված պահանջներին եւ այլն:

3.  Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս` «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ դիտոություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

22.02.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-860-09.02.2021-ԱՍ-011/0), «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8601 -09.02.2021-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8602 -09.02.2021-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8603 -09.02.2021-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքականությունը եւ օրենսդրությունը համապատասխանեցվում է 2006թ. դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա) եւ բխում է պետության որդեգրած քաղաքականությունից, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար եւ մատչելի պայմանների ապահովմանը եւ նրանց սոցիալական ներառմանը: 

Ներկայացված փաթեթով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, այս ոլորտում կառավարության եւ լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները: 

Նախագծերի փաթեթով սահմանվել են դրույթներ՝

-  հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ դեղորայքը անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու,

-  հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու, 

-  հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման ապահովման մատչելի եւ հավասար պայմաններ ապահովելու: 

-  ունիվերսալ դիզայնի սկզբունքների մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում խելամիտ հարմարեցումների:

Սույն Նախագծերի փաթեթով պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար ստանձնում է երաշխավորություն` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
2.1  Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «6)» կետում «4-րդ կետի «բ» ենթակետում» բառերը փոխարինել «3-րդ կետի «բ» ենթակետում» բառերով:

2.2  Վերախմբագրման եւ հստակեցման կարիք ունի Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «՝ որպես մարդկային բազմազանության մաս ընդունելը,» բառակապակցությունը:

2.3  Անհրաժեշտ է դիտարկել այն անձանց վերավորակավորման խնդիրը, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել մասնագիտություն ստանալուց հետո: Մասնավորապես, այս խնդիրն ակտուալ է այն առումով, որ ներկայումս կան բազմաթիվ անձինք, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել ուսումնառության ընթացքում (պատերազմական գործողություններով պայմանավորված): Նման իրավիճակում, իրենց կողմից ընտրված մասնագիտությամբ աշխատանքի անցնելը, որոշ դեպքերում, կարող է լինել անհնարին կամ ոչ նպատակահարմար, ինչի պարագայում անհրաժեշտութուն է առաջանում պետության կողմից աջակցություն ցուցաբերելու նրանց վերավորակավորման հարցում:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
3.1  Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները եւ գործիքները,», ինչպես նաեւ 7-րդ հոդվածի 2-րդ մասում «2. Անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշվում է ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան:» խոսք է գնում «չափորոշիչների» մասին, մինչդեռ Նախագծով ամրագրված չեն այդ չափորոշիչները, ինչպես նաեւ նշված չեն դրանք սահմանող մարմինները: Կարծում ենք, դրանց սահմանումը կարեւոր նշանակություն ունի ինչպես անձի ֆունկցիոնալության գնահատման մասին ամբողջական պատկերացում կազմելու, այնպես էլ Նախագծի ընդունման դեպքում դրա գործողությունը լիարզժեք ապահովելու համար:

Եզրահանգում 

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումն, անշուշտ, կապահովվի հետապնդվող խնդիրների լուծումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծման, նրանց համար հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների, ինչպես նաեւ hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում՝ վերը նշված թերությունների վերացման առումով:  
  
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  
  

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

16.02.2021