ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-841-20.01.2021-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8411 -20.01.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  1-ին հոդվածի 1-ին կետում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք)  անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2.  Նածագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 11-րդ հոդվածում՝ նախատեսելով յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը հատկացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Նշված կարգավորման իրավական մեխանիզմը բավարար չափով հստակ չէ: Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ որքանով է նպատակահարմար Օրենքով, որպես փոխհատուցման ենթակա գումար, սահմանել Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսը եւ միաժամանակ պարտավորեցնել փոխհատուցման ենթակա կոնկրետ գումարը փոխանցել այլ նպատակի (ոչ ծախսի) համար: Հիմք ընդունելով Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումն առ այն, որ պատգամավորների համար սահմանված փոխհատուցման ենթակա գումարը չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորի համար, առավել արդյունավետ լուծում կլիներ Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել եւ համապատասխան գումարը այլ օրենքով հատկացնել նշված խումբ անձանց համար:

Միաժամանակ նման կարգավորմամբ ոչ բավարար հիմնավորվածությամբ դուրս են մնում, օրինակ,  2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձինք:

3.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվում է 2-րդ մաս, որի համաձայն՝ «2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թվականի սեմպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում սահմանված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կարգավորման առարկան, այն է՝ «Սույն օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի, պարգեւատրման, դրամական օգնության կազմակերպման եւ վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ»: 

«Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում կատարվող լրացումն Օրենքի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է: Հետեւաբար, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նպատակահարմար չէ նախատեսել պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող գումարների վերաբերյալ իրավակարգավորում: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածում կատարվող լրացմանը, որը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի կարգավորման առարկային շրջանակից դուրս է: Մասնավորապես՝ ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 1-ին հոդվածի` «1. Սույն օրենքը կարգավորում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (այսուհետ` պատգամավոր) գործունեության իրականացման իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքները, ինչպես նաեւ պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ:Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով»: 

Բացի այդ անհրաժեշտ է փաստել, որ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» օրենքով:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասում սահմանված իրավակարգավորումը, կարծում ենք, խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Նշված իրավակարգավորման մեջ բացակայում է պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց հատկացվող գումարների տրամադրման կարգը, մասնավորապես հասկանալի չէ որ մարմնի կողմից, ինչ ժամկետներում է տրամադրվելու քննարկվող գումարները եւ ինչպես է բաշխվելու պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց միջեւ:

Հարկ ենք համարում նշել, որ իրավական դրույթը պետք է լինի բավականաչափ որոշակի, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

5. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «կետով» բառն առաջարկում ենք փոխարինել «մաս» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

6. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ հիմք ընդունելով մեջբերված դիտարկումները անհրաժեշտ է քննարկվող կարգավորումները խմբագրելիս հաշվի առնել դրանք նախատեսելիս օրենսդրի նպատակը, ինչպես նաեւ որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), 

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

10.02.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616),
 

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

10.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-841-20.01.2021-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8411 -20.01.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով:»: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նշյալ գումարները (որը տարեկան կազմում է 79.2 մլն. դրամ) յուրաքանչյուր տարի փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով:

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում, քանի որ այդ գումարներն ամեն տարի նախատեսվում են պետական բյուջեով, ուստի անհրաժեշտություն կառաջանա միայն կատարել բյուջետային համապատասխան ծախսերի վերաբաշխում: 

Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաեւ զոհված եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցումն իրականացվում է համապատասխան հիմնադրամի միջոցով եւ այդ նպատակով հավաքագրվող գումարների հաշվին, այն դեպքում` երբ Նախագծերի փաթեթով` 

- առաջարկվում է պատգամավորներին հասանելիք գումարները յուրաքանչյուր տարի փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը նման կարգի փոխհատուցումներ տալու լիազորություն չունի,

- չի սահմանվում թե առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձին որքա՞ն գումար պետք է վճարվի, 

- չի ահմանվում փոխհատուցման կարգը եւ ժամկետները,

- որեւէ կերպ չի հիմնավորվում, թե նշված գումարն ինչու՞ է նախատեսվում հատկացնել միայն առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց (որոնց պաշտոնական թիվը դեռեւս անհայտ է) եւ այլն:

Արդյուքնում, Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործող մեխանիզմին զուգահեռ կսահմանվի մեկ այլ մեխանիզմ, որը թերի է (չի պարունակում մի շարք հարցերի պատասխաններ), փոխհատուցման գումարի չափի առումով` խիստ փոքր է եւ անորոշ, մահացած եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց նկատմամբ` ոչ արդարացի մոտեցում պարունակող եւ ի վերջո` անարդյունավետ: 

3. Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդրի լուծման, այն է` Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա գումարները 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով, առաջարկում ենք այդ գումարները փոխանցել ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարությանը, այլ համապատասխան հիմնադրամին, իսկ այդ գործողությունը կատարելու նպատակով բավական կլինի միայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում եւ սահմանել, որ Ազգային ժողովի պատգամավորների համար դրոշմանիշային վճարի չափը կազմում է ամսական 50.000 դրամ: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը, ֆինանսատնտեսագիտական հիմնախնդրների տեսանկյունից, ամբողջությամբ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք է զգում: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

27.01.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-841-20.01.2020-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-8411 -20.01.2020-ԱՍ-011/0)    վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամարվող գումարներից, որը կազմում է յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամ, պետք է ուղղվի  այն անձանց, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետեւանքով ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն:

Նախագծերի փաթեթը սոցիալական եւ առողջապահական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն, սակայն, այն մեր կարծիքով ունի մի շարք բացթողումներ, մասնավորապես, պետք է սահմանվի այդ փոխհատուցման կարգը եւ ժամկետները, գումարի չափը, ինչպես նաեւ հիմնավորվի ինչու միայն 1-ին կարգ ձեռք բերած անձանց պետք է փոխհատուցվի, քանի որ կան այդ գործողություններից ոչ միայն 1-ին կարգ ձեռք բերած անձիք, այլ նաեւ 2-րդ կարգի հաշմանդամություն, եւ այլ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձիք:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք է զգում: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 

03.02.2021թ.