ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-840-19.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

 Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի ողջ տեքստում հոդվածներին կատարված հղումների գրառման ձեւից առաջարկում ենք հանել՝ դասական թվականների գրության ձեւի մեջ չկիրառվող, հոդվածների համարներից հետո նշված «.» կետադրական նշանը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «9.1.-րդ» թիվը փոխարինել «9.1-ին» թվով:

2. Նախագծի 5-րդ հոդվածով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում (այսուհետ` Օրենք) լրացվող 19.1-ին հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետում «փոխել է» տերմինը առաջարկում ենք փոխարինել «փոխարինել է» տերմինով:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.2-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է հետեւյալը՝ «Էթիկայի հանձնաժողովի պահանջած տեղեկությունները, նյութերը, փաստաթղթերը եւ եզրակացությունները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց կողմից պետք է ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում»:

Հարկ ենք համարում ուշադրությունը հրավիրել մեջբերված դրույթում կիրառվող «եզրակացությունները» տերմինի վրա, քանի որ անհասկանալի է՝ ինչ եզրակացություններ պետք է ուղարկվեն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից Էթիկայի հանձնաժողովին: Հետեւաբար առաջարկում ենք նշված հատվածով որոշակիացնել քննարկվող կարգավորումը:

4. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 13-րդ մասում «Հանրային ծառայության մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.4-րդ հոդվածի 1-ին մասում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

5.  Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք: Դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը,

2) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը,

3) այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը»:

Հարկ է նկատել, որ մեջբերված նորմում  նշվում է, որ Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք, սակայն քննարկվող հոդվածում բացակայում է դիմումի վերաբերելիության ոլորտը կարգավորող նորմը:

6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը»:

Կարծում ենք` դիմումում առկա ձեւական սխալներ շտկելու ընթացակարգն ունի որոշակիացման կարիք, մանսվորապես՝ հասկանալի չէ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարի կողմից մատնացույց անելու ձեւը, դրա որոշակիության եւ հասանելիության աստիճանը դիմողի համար, բացակայում են սխալները շտկելու եւ շտկված տարբերակ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կարգավորումները, բացի այդ, տարբերակված չեն ձեւական սխալների շտկումը քարտուղարի կողմից իրականացնելու դեպքերը:

Միաժամանակ քննարկվող կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածում բացակայում է դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի սպառիչ ցանկին վերաբերող կարգավորումը, ուստի անհասկանալի է, թե ինչ ցանկի մասին է խոսքը եւ ինչպես պետք է քարտուղարը գնահատի դրա ամբողջականությունը:

7. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե՝

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը,

2) նույն պատգամավորի վերաբերյալ, նույն հիմքով եւ նույն փաստական հանգամանքներով առկա է Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշում,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովում արդեն իրականացվում է հարցի քննարկում,

4) եթե դիմումում նշված դեպքից անցել է ավելի քան երեք ամիս»:

Նշենք, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր ձեւակերպումներ, մասնավորապես՝ «նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի», «դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովում արդեն իրականացվում է հարցի քննարկում»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝  առաջարկում ենք միասնականացնել Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում առկա ձեւակերպումները:

8. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննարկումը, եթե՝

1) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով վերջնական դատական ակտ կայացնելը (…)»:

Մեջբերվածի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել` այն դեպքում, երբ անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով վերջնական դատական ակտ կայացնելը, ապա ինչու՞ է հարցի քննարկումը կասեցնելը վերապահվում Էթիկայի հանձնաժողովի հայեցողությանը: Կարծում ենք` նշված պարագայում հարցի քննության կասեցումը պետք է դիտարկել ոչ թե հայեցողության շրջանականերում, այլ` սահմանել` իբրեւ հարցի քննարկումը կասեցնելու պարտականություն:

9. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 15-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ «օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշման ընդունման անհրաժեշտությունը վերանում է»:

Առաջարկում ենք հստակեցնել եւ որոշակիացնել «օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացություն տալու մասին որոշման ընդունման անհրաժեշտությունը վերանում է» կարգավորումը: Մասնավորապես՝ հստակեցման կարիք ունեն եզրակացություն տալու մասին որոշման անհրաժեշտությունը վերանալու հարցի որոշման չափանիշները: 

10. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.3-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր հերթական նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո անավարտ հարցերի քննարկումը տեղափոխվում է հաջորդ հերթական նստաշրջանի Էթիկայի հանձնաժողով»:

Հարկ ենք համարում մեջբերել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 107-րդ հոդվածը, որի համաձայն` «Առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ»:

Սահմանադրության մեջբերված դրույթի բովանդակությունից բխում է, որ Ազգային ժողովի որոշմամբ Էթիկայի հանձնաժողովը կարող է ստեղծվել միայն ժամանակավոր հիմունքներով: Հետեւաբար Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո անավարտ հարցերի քննարկումը հաջորդ հերթական նստաշրջանի Էթիկայի հանձնաժողով տեղափոխելը չի բխում Սահմանադրության 107-րդ հոդվածի տրամաբանությունից: Նշվածով պայմանավորված` առաջարկում ենք նստաշրջանի ավարտը ներառել հարցի քննարկման կարճման հիմքերի շարքում:

11. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հանձնաժողովի» բառը առաջարկում ենք փոխարինել «Էթիկայի հանձնաժողովի» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ Օրենքում Էթիկայի հարցով հանձնաժողովի համար, որպես կրճատ անվանում, իրավական ակտում դրա առաջին իսկ կիրառումից հետո սահմանվել է «Էթիկայի հանձնաժողովը»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 19.4-րդ հոդվածի տեքստում կիրառվող «հանձնաժողով» բառերին՝ իր բոլոր հոլովաձեւերով:

12. Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ դիմումում բարձրացված հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը, որպես վերջնական ակտ, իրավասու է ընդունելու միայն եզրակացություն. սույն եզրահանգումը բխում է Սահմանադրության 107-րդ հոդվածի կարգավորումից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով առաջարկվող կարգավորումներում Էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող վերջնական ակտի մասին նշում կատարելիս կիրառել միայն «եզրակացություն» եզրույթը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 107-րդ հոդվածի տեսանկյունից:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 

15.02.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 

15.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-840-19.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ  

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորում յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում: Նախագծով ներկայացված  է հանձնաժողովի ստեղծման եւ կազմավորման սկզբունքները, դիմումի համար ներկայացվող պահանջները եւ դրա մերժման հիմքերը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       


Կատարող՝  Ն. Առաքելյան  (հեռ.՝ 011-513-217)

26.01.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-840-19.01.2021-ՊԻ-011/0)  վերաբերյալ

«Իմ քայլ» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական  փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. «Ազգային ժողովի կանոնանակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում են պատգամավորի պարտականությունները, որտեղ առանցքային դեր ունի պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը՝ Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության բարձրացման եւ պահպահման տեսանկյունից: 

Գործող իրավակարգավորումներով պատգամավորական էթիկայի քննարկման եւ դրա վերաբերյալ Ազգային ժողովի եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով կարող է ձեւավորվել միայն կոնկրետ հարցով մինչեւ երկու ամիս ժամկետով՝ խմբակցության առաջարկությամբ Ազգային ժողովի որոշմամբ: 

Հարկ է նշել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում դեռեւս էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել, չնայած որ պարբերաբար տեղի են ունեցել պատգամավորական էթիկայի կանոնների առնվազն առերեւույթ խախտումներ: Էթիկայի հանձնաժողովի բացակայությունը պայմանավորված է էթիակայի հանձնաժողով նախաձեռնելու կարգավորումների սահմանափակող եւ քաղաքականացված բնույթով, ընդ որում առկա չեն անհրաժեշտ կարգավորումները՝ կապված հարցի քննարկման սկսվելու, ընթացքի եւ ավարտի առումով: 

Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով մանրամասն կկարգավորվեն էթիկայի հանձնաժողովի ստեղծման եւ կազմավորման սկզբունքները, ինչի արդյունքում էթիկայի հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները կունենան հավասար անդամներ, իսկ էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած նախագահները:

Կարծում ենք, Նախագծի ընդունմամբ կձեւավորվի պատգամավորական էթիկայի նոր միջավայր եւ քաղաքական նոր մշակույթ, ինչպես նաեւ կբարձրանա Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահությունը:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,  ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                 


Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

12.02.2021թ.