ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-834-30.12.2020-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): Նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետի «բ» ենթակետում փոփոխություն կատարել եւ ««ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» միջոցառմամբ նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության տարածքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված անձանց գործող՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց փոխարեն: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ վերը նշված փոխհատուցման շահառուների ընդլայնումը պայմանավորված է 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմական գործողություններով, ինչի հետեւանքով ավելացել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների թիվը կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքերը:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

21.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝  Պ-834-30.12.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական նփորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքների պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսված փոփոխությունը կարող է ընդլայնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, կարծում ենք, անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ հաշվարկներ: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքների պահանջներին:  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

21.01.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

21.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-834-30.12.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Համաձայն 2021 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 2021 թվականին շարունակվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառումը: Այդ միջոցառման արդյունքում փոխհատուցումից օգտվող շահառու են հանդիսանում նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Հաշվի առնելով 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերձած պատերազմական գործողությունները, որոնք էական ազդեցություն ունեցան Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական վիճակի վրա՝ նպաստելով միջոցառման շահառուների թվի եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի  կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների թվի ավելացմանը, Նախագծով առաջարկվում է ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական  բանկում ներդրած ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը:

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:», իսկ ընթացիկ տարվա պետական բյուջեում շահառուների թվի ավելացմանը համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ ինչպես Նախագծի հեղինակները, այնպես էլ պատկան մարմինները դեռեւս չեն տիրապետում խնդրո առարկայի գծով շահառուների թվաքանակի վերաբերյալ հավաստի տվյալներին, որի պարագայում անհնարին է դառնում նաեւ տվյալ Նախագծով 2021 թվականի պետական բյուջեում համապատասխան միջոցների ամրագրումը կամ էլ համապատասխան վերաբաշխման իրականացումը: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ նույնիսկ Նախագծի ընդունման դեպքում դրանով առաջարկվող միջոցառումը չի կարող իրականացվել` մինչեւ համապատասխան տվյալների ստացումը եւ բյուջետային վերաբաշխումների իրականացումը: 

3. Վերը նշվածի կապակցությամբ առաջարկում ենք առկախել տվյալ Նախագծի ընդունումը, կատարել նոր շահառուների հաշվառում, հաշվարկել նրանց տրվող փոխհատուցման գումարները եւ Նախագծով սահմանել նաեւ համապատասխան բյուջետային հատկացումները` հստակեցնելով տվյալ ընդլայնված ծրագրի ֆինանսավորման աղբյուրները:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

18.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-834-30.12.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի եւ Ն. Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերձած պատերազմական գործողությունների հետեւանքով սահմանամերձ համայնքներում հաշվառված բնակիչների սոցիալական վիճակի հնարավոր վատթարացման եւ սոցիալական աջակցության ծրագրերի ներդրման անհրաժեշտությունից:

Մասնավորապես, «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով շարունակվելու է «ՎՏԲ - Հայաստան բանկ»-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների`  որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման միջոցառումը: Փոխհատուցումից օգտվող շահառու են հանդիսանալու նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման արդյունքում` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Ներկայացված Նախագծով հեղինակներն առաջարկում են ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը: 

2.   Նախագծով առաջարկվող խնդրի լուծման կապակցությամբ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները.

2.1  Նախագծի ընդունումը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա պատերազմական գործողությունների հետեւանքով սահմանամերձ համայնքներում բնակիչների որոշակի կատեգորայի վրա, սակայն ինչպես Նախագծի հիմնավորման մեջ, այնպես էլ համապատասխան լիազոր մարմիններին դեռեւս անհայտ են տվյալ համայնքներում (նաեւ նոր սահմանամերձ դարձած) հաշվառված շահառուների հստակ թվաքանակը եւ վերջիններիս ավանդների փոխհատուցման չափը: 

2.2 Առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 2-րդ հոդվածով օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:»՝  հաշվի առնելով նոր շահառուների ճշգրիտ թվաքանակի եւ վերջիններիս փոխհատուցման գումարների չափի բացակայությունը: 

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

18.01.2021թ.