ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-830-29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-8301 -29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-8302 -29.12.2020-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Պ-8303 -29.12.2020-ՏՀ-011/0), «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-8304 -29.12.2020-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի խթանման համար համարժեք պայմաններ ստեղծելն է։ 

Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

19.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-830-29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8301 -29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8302 -29.12.2020-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8303 -29.12.2020-ՏՀ-011/0), «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8304 -29.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածում նախատեսել աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի վերաբերյալ նոր կարգավորումներ, որոնց շարքում նախատեսվում է նաեւ բաժնետիրական ընկերության իրավունքը՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում թողարկելու եւ տեղաբաշխելու աշխատակցի՝ հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսեր, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ։

Միաժամանակ Նախագծով նախատեսվում է բաժնետիրացման ծրագրի հասկացությունը, այն է՝ «Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրն Ընկերության ներքին իրավական ակտ է, որի համաձայն Ընկերությունն իր մեկ կամ ավելի վարձու աշխատողներին (այդ թվում՝ խորհրդի անդամներին) տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել հատուցումներ՝ Ընկերության կամ նրա մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսերով, օպցիոններով կամ սեփական կապիտալի այլ գործիքներով)»։

Նախագծով նախատեսվում է նաեւ Ընկերության բաժնետիրացման ծրագրով մի շարք հարցերի կարգավորում, օրինակ՝ աշխատակիցների բաժնետոմսերի շրջանառության սահմանափակման ժամկետ նախատեսելու հնարավորություն, աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների ընթացքում եւ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում Ընկերության կողմից աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը ձեռք բերելու գնի կամ այդ գինը որոշելու կարգի սահմանում: Միաժամանակ հարկ է նկատել, որ գործող կարգավորումներով նշված հարցերի մի մասի կարգավորումը վերապահված է Ընկերության կանոնադրությանը:

Վերոշարադրյալի հիման վրա՝ հարկ ենք համարում նշել, որ Նախագծով նախատեսված չէ, թե Ընկերության որ մարմնի կողմից պետք է հաստատվի բաժնետիրացման ծրագիրը: Եթե նման իրավասություն պետք է վերապահել Ընդհանուր ժողովին, ապա անհրաժեշտ է այդ իրավասության մասին նշում կատարել Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում: Հարկ է հավելել, որ Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ժողովն իրավունք չունի քննարկել եւ որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք սույն օրենքով չեն սահմանվել որպես նրա իրավասություն»:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսված է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջեւ վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսը կարող է տրամադրվել անվճար կամ դրա դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել: Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների ընթացքում Ընկերությունը կարող է ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով»:

Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը. «Օրենքի 41-րդ հոդվածի 4-ին մասում «պակաս» բառից հետո լրացնել «կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով» բառերը»:

Այսպիսով, Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով Ընկերությանն իրավունք է տրվում առանց որոշակի նախապայմանների սահմանման աշխատանքային հարաբերությունների ընթացքում ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով: Առաջարկում ենք հստակեցնել նշված իրավադրույթը: Մասնավորապես՝ պարզ չէ, թե արդյոք Ընկերության կողմից աշխատակցի բաժնետոմսը ձեռք բերելու կամահայտնությանը պետք է համապատասխանի աշխատակցի պարտականությունը՝ վաճառելու այն: Միաժամանակ կարծում ենք, հասկանալի չէ բաժնետիրացման ծրագրով հետգնման գնի սահմանման հնարավորության տրամադրումը առանց գնային որեւէ սահմանափակման: Օրինակ, կարող էր նախատեսվել, որ Ընկերությունն աշխատանքային հարաբերությունների ընթացքում կարող է ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսն առնվազն շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից:

Միաժամանակ առաջարկում ենք 41-րդ հոդվածի 4-րդ մասով եւս նախատեսել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանվելիք հետգնման գնի նվազագույն սահմանաչափ, այն է՝ անվանական արժեքից ոչ պակաս չափ, որը կարող է որոշակի երաշխիք լինել աշխատակիցների համար բաժնետիրացման ծրագրով նախատեսվելիք կարգավորումների համատեքստում:

3.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության մեջ կիրառված է «մայր կազմակերպություն» հասկացությունը, որը, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել: Հիմք ընդունելով Օրենքի 7-րդ հոդվածի կարգավորումները՝ առաջարկում ենք «մայր կազմակերպություն» հասկացության փոխարեն կիրառել «հիմնական ընկերություն» հասկացությունը:

4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետի համաձայն՝ խորհրդի անդամների աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը վերապահված է Ընդհանուր ժողովին: Բացի այդ, Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ժողովի որոշմամբ խորհրդի անդամների համար կարող է սահմանվել պարգեւավճար եւ (կամ) փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգեւավճարի եւ (կամ) փոխհատուցման չափը եւ վճարման կարգը սահմանվում են ժողովի որոշմամբ»: Մինչդեռ Նախագծով նախատեսված փոփոխության արդյունքում խորհրդի անդամներին տրվող հատուցումները՝ լրավճարը, պարգեւատրումը կամ այլ տեսակի խրախուսանքը, (հիմք՝ Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդված), որոնք հանդիսանում են լրացուցիչ աշխատավարձ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդված), կարող են տրամադրվել ընկերության կապիտալի գործիքներով՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վկայակոչված իրավադրույթներում կատարել նշում բաժնետիրացման ծրագրով նախատեսված դեպքերի համար:

5. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «4-ին» թիվը փոխարինել «4-րդ» թվով:

6. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի վերնագրերին:

7. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ նշելով նաեւ օրենսգրքի հերթական համարը, այն է՝ ՀՕ-124-Ն: Միաժամանակ առաջարկում ենք «սեպտեմբերի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով՝ օրենսգրքի ընդուման ամիսը ճիշտ նշելու նպատակով:

8. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ նշելով նաեւ օրենսգրքի հերթական համարը, այն է՝ ՀՕ-165-Ն:

9. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրեսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 69-րդ կետ, մինչդեռ օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասն ավարտվում է 71-րդ կետով: Հետեւաբար կետերի տրամաբանական հաջորդականությունն ապահովելու նպատակով ՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հ ո դվածում նշված «69» թվերը փոխարինել «72» թվերով:

10. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 1-ին հոդվածում լրացնել նոր՝ 4-րդ մաս՝ «4. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումների վրա»: Նշվածի կապակցությամբ նշենք, որ համապատասխան օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման առարկայի շրջանակի բովանդակությունից արդեն իսկ բխում է, որ նշված օրենքի դրույթները չեն տարածվում աշխատակիցնրի բաժնետիրացման ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումների վրա, ուստի դրա մասին լրացուցիչ նշելու անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է: Փոխարենը՝ տվյալ նախագծով կարող է սահմանվել, որ սույն օրենքի շրջանակներում կիրառված «աշխատավարձ» հասկացության մեջ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումները չեն ներառվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

19.01.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

19.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-830-29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8301 -29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8302 -29.12.2020-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8303 -29.12.2020-ՏՀ-011/0), «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8304 -29.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթի հիմնական նպատակը բաժնետիրական ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի խթանման համար անհրաժեշտ օրենսդրաիրավական հիմքերի եւ պայմանների ձեւավորումն է: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացությունը, այդ ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումը (լրավճարը, պարգեւատրումը կամ այլ տեսակի խրախուսանքը) կատարել նաեւ արժեթղթերով, աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ստացվող հատուցումը, որպես արժեթղթերից ստացվող եկամտի տեսակ, դասել եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների շարքին՝ որոշակի սահմանափակումների զուգակցմամբ, ինչպես նաեւ շահութահարկի հարկման բազան որոշելու նպատակով հաշվարկվող համախառն եկամուտներից չնվազեցնել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում կատարվող հատուցումների այն մասը, որը գերազանցում է այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված տվյալ աշխատակցի աշխատավարձի հանրագումարի հարյուր տոկոսը:

2. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է, որ. «Աշխատակցի բաժնետոմսը կարող է տրամադրվել անվճար կամ դրա դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել»: Առավել հստակություն ապահովելու համար առաջարկում ենք տվյալ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Աշխատակցի բաժնետոմսը տրամադրվում է անվճար կամ դրա անվանական արժեքից ցածր գումարով»:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով տրվում է «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացության մեկնաբանությունը, ըստ որի` այն բաժնետիրական ընկերության ներքին իրավական ակտ է, որի համաձայն բաժնետիրական ընկերությունն իր մեկ կամ ավելի վարձու աշխատողներին (այդ թվում՝ խորհրդի անդամներին) տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել հատուցումներ՝ բաժնետիրական ընկերության կամ նրա մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսերով, օպցիոններով կամ սեփական կապիտալի այլ գործիքներով): Նույն ձեւակերպումն առկա է նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում: Քանի որ «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացությունն օգտագործվում է նաեւ Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում, ապա կարծում ենք, առավել տրամաբանական կլինի, եթե դրա սահմանումը տրվի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, իսկ արդեն Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերով հղումը տրվի այդ հասկացության վրա: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը վերաբերում է միայն բաժնետիրական ընկերություններին: Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածում, որով նախատեսվում է տալ «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացության մեկնաբանությունը, սահմանվում է, որ տվյալ հոդվածի հասկացությունները միայն հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով ունեն նշված իմաստն ու նշանակությունը: Մինչդեռ, Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացությունն օգտագործվում է առանց դրա սահմանման:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, իսկ դրա ընդունումը կնպաստի կորպորատիվ կառավարման համակարգի եւ աշխատակիցների բաժնետիրացման մեխանիզմների զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի զարգացմանն, ինչը չափազանց կարեւոր է: Միաժամանակ, կարծում ենք, որ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերից բացի կարեւոր նշանակություն ունեն նաեւ մի շարք այլ պայմաններ եւ, առաջին հերթին, արժեթղթերի շուկայի կայացվածության աստիճանը: Հետեւաբար, Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդրի լուծումը, կարծում ենք, պետք է դիտարկել այդ համատեքստում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

08.01.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-830-29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8301 -29.12.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8302 -29.12.2020-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8303 -29.12.2020-ՏՀ-011/0), «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8304 -29.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործմանը, ներդրմանը եւ սկզբունքների կիրառմանը՝ արդյունքում ակնկալելով աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի զարգացում, որն իր հերթին, մասնավորապես, կապահովի աշխատակիցների եւ բաժնետերերի ու այլ ներդրողների շահերի հավասարակշռումը, նյութական եւ ոչ նյութական խթանների համատեղումը, գործարար հեղինակության ամրապնդումը:

Հարկ է նշել նաեւ, որ կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործումը կարեւոր նախապայման է տնտեսական ժողովրդավարության ձեւավորման, սոցիալական համերաշխության, սոցիալական պատասխանատվության եւ արդարության սկզբունքների իրականացման համար:

Եզրահանգում

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունումը եւ գործնականում կիրառումը կունենան դրական սոցիալական ազդեցություն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

12.01.2021թ.