ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-825-28.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:  

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում են փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) կատարվում է միայն մեկ փոփոխություն եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը` նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ առաջարկում են նշել նաեւ օրենքի հերթական համարը, այն է` ՀՕ-248` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ նաեւ` Օրենսգիրք)» բառերը եւ կետադրական նշանները հանել` հիմք ընդունելով այն, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

3. Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 17-րդ գլուխը առաջարկում ենք ներառել չակերտներում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմագրությամբ շարադրվող գլխի համարը նշել «17»` «13»-ի փոխարեն` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: 

4. Օրենսգրքի 128-րդ հոդվածը վերաբերում է ձերբակալման հասկացությանը.

«1. Ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը եւ այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար: (...)»:

Օրենսգրքի «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածում բացակայում է «ձերբակալում» հասկացության սահմանումը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետում առկա է քննարկվող հասկացության սահմանումը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ` դրանով կատարվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ նշվում է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունում վերջին ժամանակահատվածում ձեւավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական եւ ազատ են արձակում կասկածյալներին, պատճառաբանելով որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը:

Նման երեւույթը կարող է հանգեցնել հանցավորության աճին եւ բացասական հետեւանքներ թողնել Հայաստանի Հանրապետության բնակչության եւ պետության համար: Վերը նշված խնդիրը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության նոր նախագծով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտություն կա այդ նախագծի համապատասխան գլուխը ուժի մեջ մտնի ավելի շուտ, քան նախատեսված էր: Առաջարկվող նախագծով ընդարձակվում են ձերբակալության հիմքերը եւ հստակեցվում ձերբակալության կարգը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 17-րդ գլխում չի նախատեսվում «ձերբակալում» հասկացության սահմանումը` հիմք ընդունելով վերոնշյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում համապատասխան գլուխը նախատեսելիս հաշվի է առնված ողջ օրենսգրքում առկա կարգավորումների տրամաբանությունը` առաջարկում ենք Օրենսգրքի 17-րդ գլխում նախատեսել քննարկվող հասկացության սահմանումը:

5. Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի 129-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` «5. Սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաեւ մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների եւ պարտականությունների ցանկը: Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն եւ վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը:

6. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:»:

Մինչդեռ, հարկ է նկատել, որ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում առկա է հետեւյալ կարգավորումը.

«4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է`

(...)

13) ձերբակալել հանցագործության համար կասկածվող անձին եւ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.(...)»:

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի 129-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի կարգավորումը նախատեսելիս հաշվի առնել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի այլ հատվածներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:

6. Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի 129-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաեւ մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների եւ պարտականությունների ցանկը:

Օրենսգրքի «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ» վերտառությամբ 8-րդ գլխի 62-րդ հոդվածի համաձայն` «1. Կասկածյալ է այն անձը`

1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով.

2) որի նկատմամբ մինչեւ մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:

2. Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

4. Կասկածը համարելով չհիմնավորված` քրեական հետապնդման մարմինը եւ դատարանը պարտավոր են կասկածյալին ազատել արգելանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նախքան սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետների լրանալը: (...)»:

Օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսվում են կասկածյալի իրավունքները եւ պարտականությունները: 

Օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով պաշտպանության կողմում ներառված է մեղադրյալը եւ բացակայում է կասկածյալը: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով չի սահմանվում «կասկածյալ» հասկացությունը եւ բացակայում են այդ սուբյեկտի կարգավիճակին, իրավունքներին եւ պարտականություններին վերաբերող կարգավորումները: Հիմք ընդունելով վերագրյալը եւ հաշվի առնելով Օրենսգրքում առկա սուբյեկտների շրջանակը` առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի ձերբակալմանը վերաբերող գլուխը գործող Օրենսգրքում ներառելիս հաշվի առնել Օրենսգրքում նախատեսված կարգավորումների համակարգը եւ դրա առանձնահատկությունները:

Քննարկվող առաջարկությունը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում առկա է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված անձի իրավունքներին, պարտականություններին, դրանց իրականացման պայմաններին ու երաշխիքներին վերաբերող 110-րդ հոդված, որը վերաբերում է` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալված անձի իրավունքեներին եւ պարտականություններին` մինչեւ ձերբակալման որոշումը ստանալու պահը եւ դրանից հետո: Հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորումը նույնությամբ ներառվել է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխում` որպես 130-րդ հոդված` հաշվի չառնելով նույնացվող կարգավիճակ ունեցող կասկածյալի համար Օրենսգրքում արդեն իսկ առկա կարգավորումները: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք ձերբակալված անձի իրավունքներին, պարտականություններին, դրանց իրականացման պայմաններին ու երաշխիքներին վերաբերող կարգավորումներ նախատեսելիս հաշվի առնել Օրենսգրքում առկա կարգավորումները եւ բացառել Օրենսգրքում ոչ որոշակի կարգավորումների նախատեսումը եւ հակսությունների առաջացումը: 

Նույն դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի «Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու եւ քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները» վերտառությամբ 133-րդ հոդվածին:

7. Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի 131-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «հետաքննիչ» եզրույթը: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է վերոնշյալ եզրույթը եւ կիրառվում է «հետաքննության մարմին» եզրույթը:

Օրենսգրքի 6-րդ հոդվածի 27-րդ կետով հետաքննության մարմինը սահմանվում է որպես Օրենսգրքով հետաքննության իրավասություն ունեցող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման պետ (այսուհետ` հետաքննության մարմնի պետ) եւ աշխատակիցներ: Հաշվի առնելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի 131-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը նախատեսելիս հաշվի առնել Օրենսգրքով սահմանված եւ կիրառվող եզրույթները` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը` «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի 132-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմանը:

8. Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխում նախատեսվում են «Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար» վերտառությամբ 131-րդ եւ «Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը» վերտառությամբ 132-րդ հոդվածներ, որոնց դեպքում ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի, ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

Օրենսգրքի ձերբակալման դեմ բողոքի քննության կարգին վերաբերող 289.4-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում եւ որոշում է կայացնում այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերի: Դատարանի կողմից բողոքը քննվում է միանձնյա, դռնփակ դատական նիստում:

2. Եթե բողոքը ներկայացվել է անձի անազատության մեջ գտնվելու ժամանակ` փաստացի արգելանքի վերցնելու պահից 60 ժամվա ընթացքում, ապա դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում եւ որոշում է կայացնում 24 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից 72-րդ ժամը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

(...)

4. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում եւ որոշում է կայացնում՝

1) անհապաղ, եթե բողոքում առերեւույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման.

2) տվյալ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում՝ դրա քննարկման հետ միաժամանակ: (...)»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխում 131-րդ եւ 132-րդ հոդվածները նախատեսելիս անհրաժեշտ է Օրենսգրքի ձերբակալման բողոքարկմանը վերաբերող կարգավորումներում հաշվի առնել նաեւ դրանց առանձնահատկությունները:

9. Նախագծի 1-ին հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրության շարադրվող 17-րդ գլխի 133.1-ին հոդվածի 4-րդ մասում նշվում է, որ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում, եթե քննիչի կամ դատախազի որոշմամբ անձն ազատ չի արձակվել, ձերբակալվածին ազատ է արձակում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը: Այդ դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը անձին հանձնում է ձերբակալվածին ազատելու մասին տեղեկանք, որի մեջ նշվում են անձին ազատելու հիմքը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն): Տեղեկանքի պատճենն ուղարկվում է քննիչին եւ հսկող դատախազին:

Հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորման մեջ բացակայում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի կողմից ձերբակալվածին ազատելու մասին տեղեկանքի պատճենը քննիչին եւ հսկող դատախազին ուղարկելու ժամկետը:

10. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-դ մասի համաձայն` օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն`

«1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

(...)

5. Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: (...)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`  «(...) 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

(...)

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: (...)»:

Հարկ է նկատել, որ Նախագիծը կազմված է միայն մեկ համարակալված հոդվածից, դրանում բացակայում է նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ են մտնելու ժամկետին վերաբերելի կարգավորումը: Միաժամանակ, կարծում ենք, նպատակահարմար է անցումային դրույթով նախատեսել նորմեր, որոնք հնարավարություն կտան կարգավորելու օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ որոշակի ժամկետով ձերբակալված եւ դեռեւս անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություներ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է որոշակիության սահմանադրական սկզբունքի  տեսանկյունից: 

Ինչպես նաեւ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

16.02.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

16.02.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-825-28.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
 

Նախագծով առաջարկվում է ընդարձակել ձերբակալության հիմքերը եւ հստակեցնել ձերբակալության կարգը, քանի որ, ըստ Նախագծի հեղինակների, Հայաստանի Հանրապետությունում վերջին ժամանակահատվածում ձեւավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական եւ ազատ են արձակում կասկածյալներին, պատճառաբանելով որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են ձերբակալման իրավական հիմքերը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան: 
 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

11.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-825-28.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 

              Սոցիալական փորձաքննության արդյունքները


Ըստ Նախագծի հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին ժամանակահատվածում դատարանները, գրեթե բոլոր գործերով, ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական եւ ազատ են արձակում կասկածյալներին՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը:

Նախագծով առաջարկվում է ընդլայնել ձերբակալության հիմքերը եւ հստակեցնել ձերբակալության կարգը:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
 

Եզրահանգում

Նախագիծը  սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

12.01.2021թ.