ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Շաքե Իսայանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-780-06.11.2020-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով կատարվող փոփոխության եւ լրացման նպատակն է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, որի արդյունքում, Նախագծի հեղինակների կարծիքով, ակնկալվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների զգալի ավելացում, ինչն էլ ստեղծված պայմաններում կնպաստի հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորությունների եւ նպատակների պատշաճ իրագործմանը: Նախագծով առաջարկվում է նախատեսել դրոշմանիշային վճարի դրույքաչափերի սահմանման սանդղակ` ըստ հարկման բազայի:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

27.11.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-780-06.11.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Շաքե Իսայանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2.  Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ուղղել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) ընդունման տարեթիվը` «2015» թիվը փոխարինել «2016» թվով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքն ընդունվել է 2016 թվականին: 

3.  Առաջարկում ենք Նախագծում «դրամ» բառերից առաջ նշված «ՀՀ» հապավումները հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ» եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

 Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծում «մլն» ձեւակերպումը փոխարինել «միլիոն» բառով կամ համապատասխան միլիոնավոր թիվը նշել ամբողջությամբ՝ թվերով:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված աղյուսակի 3-րդ եւ 4-րդ տողերում նշված «300-ից» եւ «500-ից» թվերի չափերը հստակեցնել, քանի որ կարծում ենք տվյալ դեպքում խոսքը վերաբերում է  «300000-ից» եւ «500000-ից» չափերին:

4.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի համաձայն` «1.1 Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները յուքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար դրոշմանշային վճարը վճարում են 12000 ՀՀ դրամ գումարի չափով»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն` «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն` «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ 

«1. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակով՝ 

(...) 

3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար՝ օրացուցային տարին.»:

Օրենքի գործող 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները` 12 000 դրամ գումարի չափով»:

Այսպես՝ գործող վերոնշյալ իրավակարգավորումների մեկնաբանությունից բխում է, որ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի՝ օրացուցային ամսվա համար Օրենքով սահմանված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1000 դրամ գումարի չափով, ինչն օրացուցային տարվա համար կազմում է 12000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի՝ օրացուցային տարվա համար վճարում են 12000 դրամ: Հետեւաբար, Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով դրոշմանիշային վճար վճարողների նկատմամբ օրենսդիրը դրսեւորել է միասնական մոտեցում:

Մինչդեռ, Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի` դրոշմանիշային վճարի չափը որոշելով ըստ հարկման բազայի սահմանված սանդղակի, բացառությամբ՝ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների, ովքեր անկախ հարկման բազայի չափից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի՝ օրացուցային տարվա համար վճարելու են 12000 դրամի չափով դրոշմանիշային վճար:

Կարծում ենք, Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները տարբերակված մոտեցում են դրսեւորում Օրենքի 11-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դրոշմանիշային վճար վճարող սուբյեկտների  եւ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել Սահմանադրությամբ հռչակված խտրականության սկզբունքի խախտման, քանի որ նման տարբերակումը չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում եւ չի հետապնդում իրավաչափ նպատակ: 

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասում առաջարկում ենք «ժամանակահատվածի» բառը փոխարինել «ժամանակաշրջանի» բառով՝ հաշվի առնելով Օրենքում օգտագործվող համապատասխան ձեւակերպումը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասում առաջարկում ենք «յուքանչյուր» եւ «դրոշմանշային» բառերում շտկել տառասխալները:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված խտրականության արգելք սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

16.11.2020թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհարժեշտություն է առաջանում լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում` վճարման պարտականության կատարման չափի վերաբերյալ` հղում կատարել նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասին:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

16.11.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-780-06.11.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Շաքե Իսայանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված` ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի (բացառությամբ` ինքնազբաղված անձ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների), ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները, որն էլ, ըստ Նախագծի հեղինակների, կնպաստի տվյալ օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից ստանձնած պարտավորությունների եւ նպատակների պատշաճ իրագործմանը:

Գործող իրավակարգավորումների համաձայն` ներկայումս յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք եւ ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք եւ նույն պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, վճարում են դրոշմանշային վճար` 1000 դրամի չափով:

Նախագիծը, մեր կարծիքով, պարունակում է ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ, որոնք կայանում են հետեւյալում:

1. Գործող իրավակարգավորումների տեսանկյունից դրոշմանիշային վճարը շատ նման է հարկին (թեեւ այդպիսին չի համարվում եւ չի ներառվում ՀՀ-ում հաշվարկվող հարկային բեռի կազմում), իսկ առաջարկվող կարգավորումների առումով այն ամբողջությամբ վեր է ածվում հարկի` անմիջականորեն կախվածության մեջ դնելով համապատասխան անձանց հարկման բազաների հետ: Գործնականում դրոշմանիշային վճարը, եկամտային հարկին զուգահեռ, սույն Նախագծով վեր է ածվում նոր եկամտային հարկի, ինչն էլ տրամաբանորեն հանգեցնում է եկամտային հարկի հետ դրա միավորման գաղափարին եւ նպատակահարմարությանը: Մասնավորապես, նույն խնդրի լուծման առումով եւ հարկային հարաբերությունների հստակեցման տեսանկյունից (եթե ընդունում ենք, որ դրոշմանիշային վճարը պետք է ամբողջությամբ հարկի իմաստ եւ բովանդակություն ստանա), կարծում ենք, շատ ավելի նպատակահարմար կլինի վերադառնալ եկամտային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգին` դրան ավելացնելով դրոշմանիշային վճարի գանձման արդյունքում հավաքագրվելիք հարկային բեռը եւ չեղարկելով բուն դրոշմանիշային վճարը (արդյունքում` կվերանա նաեւ դրոշմանիշային վճարի այսպես ասած` «միջանկյալ կարգավիճակը», ըստ որի այն մասամբ հարկատեսակ է, մասամբ էլ` ապահովագրական վճար, սակայն գործնականում ոչ մեկն է, ոչ էլ` մյուսը): 

2. Ինչպես արդեն նշեցինք, Նախագծով դրոշմանիշային վճարի չափը առաջարկվում է կախվածության մեջ դնել հարկման բազայից, սակայն որեւէ կերպ չի հստակեցվում, թե ո՞ր հարկման բազայի մասին է խոսքը: Քանի որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին, որոնք հիմնականում եկամտային հարկ վճարողներ են, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է հենց եկամտային հարկի գծով հարկման բազայի մասին (ինչն էլ անհրաժեշտ է հստակ ամրագրել` ենթադրություններից զերծ մնալու համար), չնայած մյուս կողմից` ինչպես նոտարները, այնպես էլ ֆիզիկական անձինք որոշ դեպքերում նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողներ են հանդիսանում: Հարց է առաջանում` նման դեպքերում ո՞րն է լինելու այս դրոշմանիշի վճարման համար հաշվարկվող հարկման բազան:

Մյուս կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հարկման օբյեկտ», «վճարի օբյեկտ», «հարկման բազա», «վճարի բազա», «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունները հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում կիրառվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան հոդվածներում նշված իմաստով ու նշանակությամբ: Սակայն, քանի որ դրոշմանիշային վճարը ներկայումս չի հանդիսանում հարկ (հետեւաբար` այդ վճարի հետ կապված հարաբերություններն էլ չեն հանդիսանում հարկային հարաբերություններ), հետեւաբար` անհասկանալի է մնում, թե սույն Նախագծով «հարման բազան» եւ «հաշվետու ժամանակաշրջանը» ի՞նչ իմաստով է օգտագործվում, կամ ո՞ր օրենքով սահմանված հարկման բազայի եւ հաշվետու ժամանակաշրջանի մասին է գնում խոսքը: Այս կապակցութամբ անհրաժեշտ է հստակ սահմանել Նախագծում օգտագործվող «հարկման բազա» եւ «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունները, կամ էլ հղում տալ Հարկային օրենսգրքի այն հոդվածներին, որոնցով սահմանված են համապատասխան հասկացությունները: 

3. Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվող հարկման բազաների շեմերը, քանի որ անհասկանալի է մնում, թե 150.000 դրամը մտնում է առաջի՞ն սանդղակի մեջ, թե՞ երկրորդի (հստակ լինելու առումով պետք է օգտագործվեր «մինչեւ 150.000 ՀՀ դրամ ներառյալ» բառակապակցությունը, իսկ հաջորդ սանդղակը պետք է սկսվեր 150.001 դրամից, եւ այդպես շարունակ): 

Մյուս կողմից` «300-ից մինչեւ 500000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում» արտահայտության մեջ «300»-ը կարելի է հասկանալ ինչպես «երեք հարյուր դրամ», այնպես էլ «երեք հարյուր հազար դրամ» (ենթադրելով զուտ սանդղակի տրամաբանությունից): Նույնը վերաբերում է նաեւ «500-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում» արտահայտությանը: Այս կապակցությամբ առաջարկում ենք հարկման բազայի շեմերը սահմանել ոչ թե թվերով, այլ տառերով` հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից հստակեցման եւ լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

18.11.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-780-06.11.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային Ժողովի պատգամավորներ Շաքե Իսայանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Նախագծի ընդունումը պայմանավորված է հայտնի իրադարձությունների հետեւանքով զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների սպասվող կտրուկ աճի հետ:

2.  Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանշային վճարների համահարթ եղանակից անցում կատարել տարբերակված եղանակին, այն է ՝ պրոգրեսիվ համակարգի, ինչի արդյունքում զգալի չափով կարող է ավելանալ հավաքագրվող դրամական միջոցները:

3.  Որքանով բավարար կլինեն հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների ակնկալվող աճը վերոնշված խնդիրը լուծելու համար, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որեւէ հղում կատարված չէ: Դրա հետ մեկտեղ հարկ ենք համարում նշել, որ ապահովագրական ծառայությունների տեսակների տրամադրման համար որպես կանոն ապահովագրական ծառայություններ իրականացնող կազմակերպություններին պարտադիր վճարները վճարում են ամեն մի ապահովագրական տեսակի համար հաստատագրված գումարային չափով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, որ Նախագծի ընդունումը կունենա որոշակի դրական սոցիալական ազդեցություն, իսկ հետագայում, երբ վերջնական կամփոփվեն հիմնադրամի շահառուների թվաքանակը, ապահովագրական դեպքերը, որպես առավել արդյունավետ լուծում կարելի է սահմանել համահարթ այնպիսի պարտադիր դրոշմանշային վճար, ինչի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները կապահովեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անխափան գործունեությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-339)

20.11.2020թ