ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-779-05.11.2020-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան (այսուհետ նաեւ` Կոնվենցիա) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում` միջազգային համագործակցության հետագա ամրապնդման եւ պետության ինքնիշխանությունը հարգելու եւ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա քրեական արդարադատության բնագավառում փոխօգնության ընդլայնման, ինչպես նաեւ պատժի կատարման նպատակներին առավել արդյունավետ հասնելու նպատակով: 

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի ՍԴՈ-1555 որոշմամբ արձանագրվել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

20.11.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատությունից  զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-779-05.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Oրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «2019թ.» ձեւակերպումը փոխարինել «2019 թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

19.11.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ առաջանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում եւ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Մասնավորապես`

1. «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակող պետությունից Պատիժը կատարող պետություն դատապարտյալի ինքնուրույն տեղափոխման կարգը կարգավորվում է այդ Պայմանավորվող պետությունների օրենսդրությամբ»: Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դատապարտյալի ինքուրույն տեղափոխման ընթացակարգ նախատեսված չէ:

2. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում Պատիժ նշանակող պետության տարածքը լքելու պարտականությունը չկատարելու դեպքում դատապարտյալը կարող է վտարվել Պատիժ նշանակող պետությունից` նրա օրենսդրությամբ սահմանված կարգով»: Նշված դրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված չէ պետության տարածքը լքելու պարտականությունը չկատարելու դեպքում դատապարտյալի վտարումը` որպես արտաքսման հիմք: Թեեւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը չի պարտադրում ներպետական օրենսդրությամբ սահմանել դատապարտյալին պետության տարածքից վտարելու հիմք, սակայն, կարծում ենք, նպատակահարմար է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարել` նախատեսելով պետության տարածքը լքելու պարտականությունը չկատարելու դեպքում դատապարտյալի վտարման հնարավորությունը:

3. Կոնվենցիայի 9-րդ հոդվածում սահմանված է դատարանի որոշումների (դատավճիռների) ճանաչման որոշակի ընթացակարգ: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4998-րդ հոդվածում սահմանվում է օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում, որի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում:

2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների` Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են`

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը` սույն օրենսգրքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը:

4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում:

Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը եւ գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան` միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով»:

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատապարտյալն իր նկատմամբ նշանակված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը եւ (կամ) կիրառվող քրեաիրավական բնույթի միջոցը կրում է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշումը (դատավճիռը) ճանաչելու եւ կատարելու մասին Պատիժը կատարող պետության դատարանի որոշման հիման վրա:

Պատիժը կատարող պետության դատարանը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ելնելով դատարանի որոշումից (դատավճռից), սահմանում է ազատությունից զրկելու հետ չկապված նույնպիսի պատիժ եւ (կամ) քրեաիրավական բնույթի նույնպիսի միջոց, ինչպիսին նշանակված է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշմամբ (դատավճռով)»:

Կարծում ենք, անհրաժեշտույթուն է առաջանում լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում` նախատեսելով օտարերկրյա պետության դատարանի որոշման (դատավճռի) ճանաչման ընթացակարգ, ինչը ենթադրում է ոչ միայն նույն իրավաբանական հետեւանքների առաջացումը, որը կառաջացներ Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, այլ նաեւ դատարանի լիազորություններ, որոնք հնարավորություն կտան դատարաններին օտատերկրյա պետության դատարանի որոշման (դատավճռի) ճանաչման հիման վրա նշանակել պատիժ կամ քրեաիրավական բնույթի միջոցներ: 

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

19.11.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (Կ-779-05.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:

Կոնվենցիայի նպատակն է ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցությունը եւ ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում փոխադարձ օգնությունը:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու Պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը, պատժի կատարումը փոխանցելու կարգը, պատժի կատարումը փոխանցելու հետեւանքներ սահմանող դրույթները՝ պատժի նշանակման եւ պատժի կատարման պետությունների համար, ինչպես նաեւ դատական վճռի վերանայման, ներման եւ համաներման հետ կապված իրավահարաբերությունները:

Կոնվենցիայում առկա է դրույթ (Հոդված 12, ըստ որի` պատժի փոխանցումը կատարելու հետ կապված ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են իրենց տարածքների սահմաններում` իրենց օրենսդրությանը համապատասխան), որը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման, այդ թվում՝ ծախսերի ավելացման, միաժամանակ` Կոնվենցիայում եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ   
  

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

14.11.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատությունից  զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (Կ-779-05.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որի նպատակն է ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցությունը եւ ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում փոխադարձ օգնությունը: 

Կոնվենցիան ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու Պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը, պատժի կատարումը փոխանցելու կարգը, պատժի կատարումը փոխանցելու հետեւանքներ սահմանող դրույթները՝ պատժի նշանակման եւ պատժի կատարման պետությունների համար, ինչպես նաեւ դատական վճռի վերանայման, ներման եւ համաներման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

14.11.2020թ.