ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-764-19.10.2020-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով նախատեսվում է ռազմական դրության ժամանակահատվածում ԵՏՄ անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկից Կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված ապրանքների ներմուծման համար սահմանել հարկային արտոնություն, այն է՝ ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ բնապահպանական հարկի վճարումից ազատում, եթե համապատասխան ապրանքներն անհատույց հանձնվում են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծով սահմանված կարգավորումներն ուղղված են ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց ապրանքներ մատակարարող անձանց համար առկա խոչընդոտների վերացմանը:

 Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում պարզվել են իրավական եւ ֆինանսատնտեսագիտական բնույթի խնդիրներ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:

Ստորեւ ներկայացվում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 
 

20.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-764-19.10.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը վերնագրել «Օրենքի կարգավորման առարկան» վերտառությամբ՝  հաշվի առնելով հոդվածի բովանդակությունը: 

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «որոշակի» բառը, քանի որ Նախագծով արտոնություններ են սահմանվում միայն ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ բնապահպանական հարկի մասով՝ ապահովելով նորմատիվ իրավական ակտի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը:

3. Նախագծի 4-րդ հոդվածը ձեւակերպված է հետեւյալ կերպ. 

«Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝  Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված՝  Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ՝ դրանք սույն օրենքով սահմանված կարգով Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝  տասնօրյա ժամկետում:»: 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 13-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգավորումները եւ 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածը վերնագրել «Եզրափակիչ մաս» վերտառությամբ՝ շարադրելով միայն ուժի մեջ մտնելու ժամկետը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծով սահմանել 5-րդ հոդված՝ «Անցումային դրույթներ» վերտառությամբ՝ շարադրելով նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ եւ հետադարձ ուժ տալու իրավակարգավորումները, ինչպես նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող? Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից? այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում»: 

Նշված դրույթից բխում է, որ հարկային արտոնություն կիրառելու պայմաններից է ոչ միայն ռազմական դրության ժամանակահատվածում համապատասխան ապրանքների ներմուծումը, այլ նաեւ ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը կամ Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումը: Հարկ ենք համարում նկատել, որ ռազմական դրության ժամանակահատվածում նշված մարմիններին մատակարարելու նպատակով ներմուծված ապրանքները կարող են փոխանցվել նշված մարմիններին նաեւ ռազմական դրության ավարտից հետո՝ կրկին ծառայելով հանրօգուտ նպատակի: Նախագծով սահմանված կարգավորման պայմաններում հարկային արտոնության կիրառումը նշված դեպքում բացառվում է: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «այդ ապրանքները» բառերից հետո նշված «ռազմական դրության ժամանակահատվածում» բառերը հանել կամ նախատեսել խնդրի լուծման այլ տարբերակ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)
 
 

20.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)
 
 

20.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-764-19.10.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝ 

1) ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը,

2) ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն դրոշմավորման պարտավորություն կրող անձինք ազատվում են այդ պարտավորությունից դրոշմավորման ենթակա ապրանքները Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

Նախագծի ընդունման նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով հարկային արտոնություն սահմանելն է, որն ուղղված է այդ ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց համար առկա խոչընդոտների վերացմանը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:»: 

Խնդիրը կայանում է նրանում, որ հարկերի վճարման հաշվետու ժամանակաշրջանը կարող է չհամընկնել տվյալ հոդվածով սահմանվող «ռազմական դրության ժամանակահատվածի» հետ, ինչն էլ առանձին դեպքերում վիճահարույց կդարձնի նշված հարկային արտոնությունից օգտվելու իրավունքը (օրինակ՝ եթե հարկ վճարողը Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքը ներմուծել է ս.թ. հոկտեմբերի 10-ին, ռազմական դրության ժամանակահատվածն ավարտվում է, օրինակ, հոկտեմբերի 25-ին, իսկ հարկի վճարման հաշվետու ժամանակաշրջանը վերջանում է հաջորդ ամսվա՝ նոյեմբերի 20-ին, ապա հարց է առաջանում. պետք է արդյո՞ք հարկ վճարողն օգտվի սույն Նախագծով սահմանվող հարկային արտոնությունից, թե՞ ոչ): Հետեւաբար, տվյալ անորոշության վերացման նպատակով անհրաժեշտ է Նախագծում հստակ ամրագրել հարկային պարտավորության առաջացման կամ վճարման այն պահը, որն էլ պետք է հիմք հանդիսանա հարկային արտոնությունից օգտվելու համար: 

2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ առաջարկությունները:

ա) Հաշվի առնելով վերը նշված նկատառումը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով (պարբերությամբ).

«Սույն մասի իմաստով հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքները համարվում են ներմուծված ռազմական դրության ժամանակահատվածում, եթե այդ ապրանքների գծով հարկային պարտավորությունները ծագում կամ հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարներն առաջանում են ռազմական դրության ժամանակահատվածում՝ անկախ հարկ վճարողի կողմից իրականացվող գործարքների դիմաց հատուցումների ստացման կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների գծով մատակարարներին կամ հարկային կամ մաքսային մարմիններին վճարումների կատարման պահից:»:

բ) Նախագծի բովանդակության հետ Նախագծի վերնագրի համապատասխանության ապահովման նպատակով Նախագծի վերնագրում «հարկային արտոնություններ սահմանելու» բառերն առաջարկում ենք փոխարինել «հարկային որոշ արտոնություններ կիրառելու» բառերով, քանի որ հարկերի վճարումից ազատումը, որպես հարկային արտոնության տեսակ, արդեն իսկ սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքով, իսկ տվյալ Նախագծում խոսքը գնում է ռազմական դրության ժամանակահատվածում այդ արտոնության կիրառման դեպքերի, պայմանների եւ մեխանիզմների սահմանման մասին: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակահատվածի եւ հարկերի գծով հաշվետու ժամանակաշրջանների համապատասխանեցման տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

20.10.2020թ.
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-764-19.10.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծվող ապրանքների մասով սահմանել հարկային արտոնություն:

Մասնավորապես՝ Նախագծով հարկ վճարողների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ)  բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) հանձնվում են պետությանը:            Նախագիծը միտված է պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց ազատելու հարկային եւ դրոշմավորման պարտավորություններից, ինչը պայմանավորված է ներկայիս ռազմական դրության իրավիճակով:

Նախագիծը, մեր կարծիքով, կնպաստի հարկ վճարողների համար ֆինանսական բեռի որոշակի թեթեւացման՝ ներկայումս ստեղծված ռազմական դրության ժամանակահատվածում: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ.? 011-513-360)

20.10.2020թ.