ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-744-23.09.2020-ՏՀ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ): Նախագծով նախատեսվում է հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչով աշխատող փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան դրույքաչափի նկատմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կիրառել 0.5 գործակից, ինչի արդյունքում նշված փոխադրամիջոցների համար  կարճաժամկետ հատվածում կսահմանվի գույքահարկի գանձում 50 տոկոսի չափով: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծով նախատեսված լրացմամբ կկրճատվի շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը, նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու եւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

14.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-744-23.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հշատակելիս անհրաժեշտ է նշել նաեւ Օրենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…):»:

2.    Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի  244-րդ հոդվածում լրացնել նոր՝ 9-րդ մաս, համաձայն որի՝

«9. Հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 0.5 գործակից»:

Վերոնշյալի կապակցությամբ հարկ է նկատել հետեւյալը.

 Օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝ 

«1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետեւյալ փոխադրամիջոցները.

1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.

2) ջրային փոխադրամիջոցը (շարժիչով աշխատող).

3) մոտոցիկլետը.

4) ձյունագնացը.

5) մոտոամենագնացը (քվադրոցիկլը):»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Նախագծով նախատեսված լրացման նպատակն արտոնյալ պայմանների ստեղծումն է փոխադրամիջոց համարվող հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար: 

Հետեւաբար, հաշվի առնելով վերոնշյալը եւ Հարկային օրենսգրքի 172-րդ հոդսվածի 1-ին մասի 2-րդ կետում կիրառված հասկացությունը, այն է՝ «հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներ», առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 244-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասում նշված «փոխադրամիջոցների» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցների» բառերով: 

3.    Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված դրույթները միավորել եւ շարադրել մեկ հոդվածում, որպես եզրափակիչ մաս, ղեկավարվելով՝  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով: Մասնավորապես՝ առաջարկվում է հետեւյալ ձեւակերպումը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

4.    Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ  Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու գործընթացում, հետեւաբար հասկանալի չէ նշված արտոնության համար ժամանակավոր գործողություն սահմանելու նպատակահարմարությունը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

14.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

14.10.2020
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-744-23.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը որոշել` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 0.5 գործակից: Այլ կերպ՝ նշված փոխադրամիջոցների համար նախատեսվում է գույքահարկը գանձել 50 տոկոսի չափով, որի նպատակը նշված մեքենաների օգտագործման խթանումն է: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նշված փոխադրամիջոցների համար արդեն իսկ սահմանված են որոշակի հարկային արտոնություններ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով. ազատվում են բնապահպանական հարկից: Բացի այդ, 2019 թվականին ընդունված 07.06.19 ՀՕ-63-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հուլիսի 1-ից եւ գործելու է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների (որոնց մեջ են մտնում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները) ներմուծումը եւ (կամ) օտարումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Հետեւաբար, հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային համար գույքահարկի գծով հարկային արտոնության տրամադրումն, ի թիվս արդեն իսկ գործող աջակցության գործիքների, որոշակիորեն կարող է նպաստել նման տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ու շահագործմանը: Միաժամանակ,  հաշվի առնելով հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների բավականաչափ բարձր գինը, հանրապետությունում դրանց սպասարկման դեռեւս ոչ մատչելի պայմանները, պետական խթանման գործիքների սահմանափակ կիրառումը եւ մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, կարծում ենք, որ գույքահարկի 50 տոկոսով նվազեցումը էական խթան չի կարող դառնալ Նախագծով հետապնդվող խնդրի լուծման համար։ Ուստի, առաջարկվում է դիտարկել նման ավտոտրոնասպորտային միջոցներն ամբողջությամբ գույքահարկից ազատելու հնարավորությունը։

2. Նախագծով նախատեսվող հարկային արտոնությունն առաջարկվում է տրամադրել 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Կարծում ենք, նման մոտեցումը բավականաչափ խնդրահարույց է, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների պոտենցիալ սեփականատերերի մոտ կարող է առաջացնել ոչ դրական սպասումներ՝ հանգեցնելով տրամադրվող հարկային արտոնության խթանիչ նշանակության նվազեցմանը։ Այս առումով, առաջարկում ենք Նախագծի գործողության ժամկետ չսահմանել՝ 3 տարի հետո կրկին դրան անդրադառնալու եւ անցած ժամանակահատվածում հարկային արտոնության գործողության արդյունքում արձանագրված սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական էֆեկտի գնահատմամբ դրա հետագա շարունակության անհրաժեշտության քննարկման պայմանով։

3. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները (այսուհետ` համայնքի բյուջեի կորուստներ) պետության կողմից փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով»: Հետեւաբար, Նախագծի ընդունման անհրաժեշտության դիտարկման պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ տրամադրվող հարկային արտոնության արդյունքում տեղական բյուջեներին այդ մասով եւ չափով պետական բյուջեից փոխհատուցման հնարավորությունը։ Այսինքն, համայնքային բյուջեների հաշվին տրամադրվող այս արտոնության գումարները, ըստ գործող իրավակարգավորումների, պետք է փոխհատուցվի պետական բյուջեի միջոցների հաշվին, հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է հատուկ ամրագրել այդ փոխհատուցման չտրամադրման վերաբերյալ դրույթ:

4. Հարկային օրենսգրքում կիրառվող հասկացությունների միանմանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «փոխադրամիջոցներ» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցներ» բառակապակցությամբ։


Եզրահանգում

Նախագծի ընդունումը կարող է մասնակիորեն նպաստել հետապնդվող խնդրի լուծմանը՝ կատարված դիտողությունները հաշվի առնելու պայմանով:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

06.10.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-744-23.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայացված Նախագծով հեղինակների կողմից առաջարկվում է կարճաժամկետ հատվածում գույքահարկի գծով արտոնյալ պայմաններ սահմանել էլեկտրամոբիլների սեփականատերերի համար, մասնավորապես` էլեկտրականությամբ սնուցվող փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան դրույքաչափի նկատմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կիրառել 0.5 գործակից:

Նման նախաձեռնությունը, անշուշտ, որոշակի սոցիալական դրական ազդակներ է պարունակում, ինչը, կարծում ենք, կարող է դրական խթան հանդիսանալ էլեկտամոբիլների ներմուծման եւ հետագայում դրանց ձեռքբերման տեսանկյունից:

Նախագծի 1-ին հոդված առաջարկվում է գույքահարկի տարեկան դրույքաչափի նկատմամբ 0.5 գործակից կիրառել, մինչդեռ, եթե Նախագծի հեղինակները ներկայացված նախաձեռնության հիմնավորման մեջ շեշտը դնում են շրջակա միջավայր արտանետվող վնասակար նյութերի կրճատման գաղափարի վրա եւ Նախագծի հիմնավորման մեջ աղյուսակներում բերում էլեկտրական սնուցմամբ շարժիչներով ավտոմոբիլների առավելությունները բենզինով, դիզելային վառելիքով եւ բնական սեղմված գազով աշխատող մեքենաների նկատմամբ, ապա առաջարկվող իրավակարգավորումները, մեր կարծիքով, որոշակի խմբագրման կարիք ունեն: 

Հարկ է նկատել, որ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը եւ առավելապես 2019 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների  ընդհանուր քանակի մեջ (ոչ պաշտոնական տվյալներով մոտավորապես 350 հազար միավոր) շատ փոքր թիվ են կազմել հիբրիդային եւ զուտ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող մեքենաները: Մյուս կողմից, նկատենք, որ ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների ընդհանուր ծավալում գերակշռող են (մոտ 80%) երկրորդային շուկայից ներմուծված, այդ թվում՝ նաեւ վթարված մեքենաները, իսկ այդ ծավալի մեջ էլ առկա են տեխնիկական չափորոշիչներին չհամապատասխանող էլեկտամոբիլները եւ հիբրիդները (մոտ 5%): Հիբրիդային համակարգը, ունենալով բազմաթիվ տեսակներ, առավել արդյունավետ եւ երկարաժամկետ հեռանկարում իրեն դրսեւորում է առավել դրական, քան զուտ էլեկտրական սնուցմամբ ավտոմոբիլները: Սակայն, հաշվի առնելով մինչ այժմ ներմուծված հիբրիդային ավտոմեքենաների մեծամասամբ հին լինելու հանգամանքը, կարծում ենք, Նախագծի 1-ին հոդվածում ճիշտ կլինի ներառել նոր եւ (կամ) տեխնիկական արդի չափանիշներին համապատասխանող հիբրիդային ավտոմեքենաները:

Այս կապակցությամբ նշենք, որ եթե խոսքը գնում է հիմնականում արտանետվող թունավոր գազերի կրճատման մասին, կարծում ենք, Նախագծով առաջարկվող լրացումը պետք է առավելապես վերաբերի նոր եւ տեխնիկական բնութագրիչներին համապատասխանող հիբրիդային եւ զուտ էլեկտրական սնուցմամբ ավտոտրանսպորտային միջոցներին:

Ինչ վերաբերում է Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով Օրենքի գործողության ժամկետին, կարծում ենք, պետք է հաշվի առնել նաեւ մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, եթե ներկայացվող Նախագծով փորձ է արվում խթանել էլեկտրամոբիլների ներմուծումը` դրանց նկատմամբ կիրառելով գույքահարկի դրույքաչափի 0.5 գործակից եւ գործողության ժամկետը սահմանել երեք տարի, ապա պետք է հաշվի առնել նաեւ այդ մեքենաների համեմատաբար բարձր արժեքը, դրանց հետագա շահագործման համար անհրաժեշտ սնուցման ինքնավար կայանների ստեղծման դժվարությունները եւ պետության կողմից սուբսիդավորման համակարգի առկայությունը` որպես խրախուսման գործիք:

Մասնավորապես, մի շարք երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում (վերջերս՝ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում եւ Ուկրաինայում) խրախուսվում է էլեկտրամոբիլների ձեռքբերումը (պետությունը սուբսիդավորում է դրանց արժեքի մինչեւ 50 տոկոսը), զարգացած է ինքնավար էլեկտրասնուցման համակարգը, գործում է ներմուծման եւ գրանցման պահից սկսած մինչեւ տասը տարի գույքահարկի տարեկան զրո գործակից: Իսկ տվյալ ժամակահատվածի ավարտից հետո գույքահարկի տարեկան հաշվարկը կատարվում է տրանսպորտային միջոցի քաշին համապատասխան (օրինակ` Գերմանիայում մինչեւ 2000կգ կշռող տրանսպորտային միջոցի համար սահմանված է 5625 եվրո, 2000-3000կգ` 6000 եվրո, 3000-3500կգ-6400 եվրո եւ այլն, որը գործում է ավտոմեքենայի ձեռք բերումից 10 տարի հետո):

2.  Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք.

ա) Նախագծի 1-ին հոդվածում «Հիբրիդային եւ էլեկտրականությամբ» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված լրիվ կամ մասամբ էլեկտրականությամբ» բառերով:

բ) Հանել Նախագծի 3-րդ հոդվածը, որով տվյալ հարկային արտոնության համար սահմանվում է երեք տարի ժամկետ, ինչն էլ, կարծում ենք, շատ քիչ է հարկային արտոնությունը իրականում «գործողության մեջ դնելու» համար:

գ) Սահմանել կոնկրետ ժամկետներ՝ ՀՀ ամբողջ տարածքում էլեկտրամոբիլների լիցքավորման, վերանորոգման եւ համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորման առումով:


Եզրահանգում

Նախագծի ընդունման դեպքում այն կարող է ունենալ սոցիալական դրական ազդեցություն բնակչության համար՝ օդի աղտոտվածության մակարդակի եւ գույքահարկի դրույքաչափերի նվազեցման տեսքով, սակայն այդ ազդեցությունը կարող է էլ ավելի մեծացվել վերը նշված առաջարկությունների ընդունման եւ կենսագործման պարագայում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235)

04.10.2020թ.