ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Հովիկ Աղազարյանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաեւ` Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Պ-743-22.09.2020-ԱՍ-011/0), որով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք)  2-րդ հոդվածի 1-ին մասում՝ նպատակ հետապնդելով կենսագործել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքները, ապահովել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների կենսաթոշակային իրավունքների իրացման պայմանների իրավաչափությունը ու սոցիալական արդարությունը, ինչպես նաեւ հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային իրավահարաբերությունների կիրարկման հարաբերությունները: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

13.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-743-22.09.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Հովիկ Աղազարյանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք)՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանելով «կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած» բառերը եւ լրացնելով նոր՝ 7.2-րդ կետ՝ «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում» բովանդակությամբ՝ ըստ էության այն հիմնավորմամբ, որ անհրաժեշտ է ապահովել իրավահավասարություն եւ բացառել խտրականությունը:

Նախագծից բխում է, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում՝ անկախ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամկետից, կունենա Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք՝ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձանց հետ հավասար հիմունքներով:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում նկատել, որ Օրենքի 2-րդ հոդվածի դրույթների ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Օրենքով նախատեսված կենսաթոշակի իրավունքի հիմքում, որպես կանոն, դրված է պաշտոնավարման որոշակի ժամանակահատվածը, որը սահմանվում է առնվազն հինգ կամ տասը տարի ժամկետով կամ մեկ սահմանադրական ժամկետով: Այսինքն՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակ իրավունք տրամադրելիս չափանիշ է ոչ միայն պետական պաշտոն զբաղեցրած լինելու փաստը, այլ նաեւ պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքի համար որպես չափանիշ պաշտոնավարման ժամանակահատվածի սահմանումն ինքնանպատակ չէ: Որպեսզի պետական պաշտոն զբաղեցրած անձն արժանանա Օրենքով այդ պաշտոնին համապատասխանող բարձր կենսաթոշակի իրավունքին, պետք է որոշակի ծավալի աշխատանքային, մասնագիտական, ծառայողական ներդրում կատարած լինի համապատասխան ոլորտում: Նշվածն էլ, որպես օբյեկտիվ հիմք, հնարավորություն կտա սահմանելու ընդհանուր կենսաթոշակի իրավունքից տարբերվող կենսաթոշակի իրավունք: Ընդ որում, պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության քաղաքականությունը մշակելիս պետությունն ինքն է որոշում, թե ինչ չափանիշներով պարզել ու սահմանել այդ պաշտոնը զբաղեցնելու տարիներին համապատասխան անձի կատարած ներդրման ծավալը: Ինչպես նկատում ենք Օրենքի 2-րդ հոդվածում սահմանված դրույթների վերլուծությունից, որպես այդպիսի չափանիշ, պատգամավորների համար ընտրված է պաշտոնավարման որոշակի ժամկետը՝ մեկ սահմանադրական ժամկետ՝ Ազգային ժողովի պատգամավորի համար, հինգ տարի՝ Գերագույն խորհրդի պատգամավորի համար: Հետեւաբար, եթե պատգամավորի պաշտոնավարման որոշակի ժամկետի չափանիշն պատգամավորների որոշակի շրջանակի համար առհասարակ հանվի Օրենքից, ապա դա կարող է հանգեցնել պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության ոլորտում իրավահավասարության եւ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքների խախտմանը:

Միաժամանակ, կարծում ենք, որ լրացուցիչ քննարկման առարկա կարող է դառնալ Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնավարման ժամկետի կրճատման հարցը, եթե բավարար չափով կհիմնավորվի, որ առավել նվազ ժամկետի նախատեսումը կապահովի պատգամավորի պաշտոնում կատարած աշխատանքային եւ մասնագիտական ներդրման այն նվազագույն ծավալի առկայությունը, որը բավարար կլինի Օրենքով պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքին արժանանալու: Այլ պայմաններում, նույն բարձր կենսաթոշակի իրավունքին կհավակնեն ինչպես այն անձինք, ովքեր պատգամավորի պաշտոնում պաշտոնավարել են, օրինակ, մեկ տարի կամ վեց ամիս, այնպես էլ այն անձինք, ովքեր պաշտոնավարել են հինգ տարի՝ նույն ոլորտում ունենալով մասնագիտական եւ աշխատանքային տարբեր ծավալի ներդրում:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծով կատարվող փոփոխության եւ լրացման արդյունքում օրենքում նախատեսվող կարգավորումների անհրաժեշտության վերաբերյալ նշվում է հետեւյալը.

«(…) Գերագույն խորհրդի գործունեության ժամանակ չի գործել ՀՀ սահմանադրությունը (այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին), հետեւաբար ՀՀ ԳԽ պատգամավորների նկատմամբ «սահմանադրական ժամկետ» իրավանորմը կիրառելի չէ: Մյուս կողմից, ՀՀ ԳԽ պատգամավորները ՀՀ սահմանադրության ուժով իրավունք ունեն կենսաթոշակային իրավունքից օգտվել նրանց կենսաթոշակային իրավունքը հասնելու օրվանից: Սակայն գործող օրենսդրությամբ ՀՀ ԳԽ պատգամավորներին թույլատրվում է կենսաթոշակ ստանալ ՀՀ ԳԽ պատգամավորի 5 տարվա ստաժի դեպքում, ինչը, մեր կարծիքով,արդար չէ:

(…)

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իրացնել ՀՀ սահմանադրությամբ սահմանված երկրի սոցիալական պետության դրույթը, իրավահավասարության ու խտրականության բացառման սկզբունքները:»:

Նշվածի համատեքստում հարկ ենք համարում նշել, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1937 թվականի սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն ընտրում են Հայկական ՍՍՀ քաղաքացիներն ըստ ընտրական օկրուգների, չորս տարի ժամանակով, հետեւյալ նորմերով` մեկ դեպուտատ 8 հազար բնակչից, իսկ Հայաստանի Հանրապետության 1978 թվականի սահմանադրության 79-րդ եւ 80-րդ հոդվածների համաձայն՝ Պատգամավորների խորհուրդները` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդները կազմում են պետական իշխանության ներկայացուցչական մարմինների միասնական սիստեմ, Պատգամավորների խորհուրդների, լիազորությունների ժամկետը հինգ տարի է, Պատգամավորների ընտրությունները նշանակվում են ոչ ուշ, քան պետական իշխանության համապատասխան մարմինների լիազորությունների ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ:

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ունեցել է 12 գումարում՝

I գումարում   -1938-1947թթ.                VII գումարում -1967-1971թթ.

II գումարում -1947-1951թթ.                 VIII գումարում -1971-1975թթ.

III գումարում -1951-1955թթ.               IX գումարում -1975-1980թթ.

IV գումարում -1955-1959 թթ.               X գումարում -1980-1985թթ.

V գումարում- 1959-1963թթ.                XI գումարում -1985-1990թթ.

VIգումարում -1963-1967թթ.                XII գումարում -1990-1995թթ.:

Այսպիսով՝ 12 գումարման Գերագույն խորհուրդներից առաջին ութի լիազորությունների ժամկետը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1937 թվականի սահմանադրության 21-րդ հոդվածի ուժով եղել է չորս տարի: Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնավարման ժամկետի կրճատման հարցը անհրաժեշտ է դիտարկել նաեւ նշված հանգամանքը հիմք ընդունելով: Մասնավորապես՝ կարծում ենք, ընդունելի տարբերակ է բարձր կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար բավարար ծավալի աշխատանքային, մասնագիտական, ծառայողական ներդրում համարել մեկ գումարման Գերագույն խորհրդում պատգամավորի պաշտոնում պաշտոնավարելը, որը մինչեւ 1978 թվականի Սահմանադրության ընդունումը համարվել է չորս տարին:

Անդրադառնալով Նախագծի հիմնավորման մեջ նշված ակնկալվող արդյունքին, այն է՝ ապահովել իրավահավասարություն եւ բացառել խտրականությունը՝ հարկ է նկատել, որ կենսաթոշակային ապահովության տեսանկյունից 5 տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած եւ լրիվ 5 տարի չաշխատած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած պատգամավորների միջեւ առկա օրենսդրական տարբերակումը չի կարող դիտվել խտրականության բացառման սահմանադրական սկզբունքի խախտում, քանզի 5 տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած եւ լրիվ 5 տարի չաշխատած պատգամավորների կարգավիճակն, ըստ էության, նույնը չի կարող լինել՝ կախված վերջիններիս գործունեության ծավալից եւ պաշտոնավարման ժամկետից: Բացի այդ, խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարվում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից (տե՛ս Սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ՍԴՈ-881 որոշումը):

2. Նախագծի 1-ին հոդվածում «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածով եւս հղում է կատարվում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքին՝ նշելով «Օրենք» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքի համար պաշտոնավարման որոշակի ժամանակատվածի պահանջն առհասարակ հանելը (ոչ կրճատելը) կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավահավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքների խախտման: 

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի ընդհանուր տրամաբանությանը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248)

13.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248)

13.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-743-22.09.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ
   
 

Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Հովիկ Աղազարյանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձանց կողմից կենսաթոշակի նշանակման համար սահմանված հինգ տարվա պահանջը եւ սահմանել, որ տվյալ օրենքի համաձայն կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձանց՝  65 տարին լրանալու դեպքում: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների առումով հարկ է նշել, որ ըստ Նախագծի 2-րդ հոդվածի՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը», եւ եթե տվյալ օրենքը (ընդունվելուց հետո) ուժի մեջ մտնի ընթացիկ տարում եւ նշանակվի կենսաթոշակ, ապա պետական բյուջեից լրացուցիչ (թեեւ) ոչ շատ ֆինանսական միջոցներ կպահանջվեն: Ուստի, թեեւ տվյալ Նախագիծը ֆինանսական հիմնախնդիրներ չի պարունակում (չնայած ֆորմալ առումով կարելի է շտկել օրենքն ուժի մեջ մտցնելու դրույթը), սակայն անհիմն տարբերակված մոտեցում կամրագրվի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ հետագա գումարման Ազգային ժողովների պատգամավորների միջեւ, քանի որ վերջիններիս համար նույնպես սահմանված է հինգ տարվա (մեկ սահմանադրական ժամկետ) պաշտոնավարման պայման: 

2. Առաջարկում ենք Նախագիծը լրամշակել նշված անհավասարության վերացման եւ բոլոր պատգամավորների համար միասնական մոտեցում ձեւավորելու, ինչպես նաեւ օրենքը 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելու տեսանկյունից:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից, կարծում ենք, ունի լրամշակման կարիք:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

01.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-743-22.09.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ
   
 

Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Հովիկ Աղազարյանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով, հեղինակների կողմից խնդիր է դրվել ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների կենսագործումը, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների կենսաթոշակային իրավունքների իրացման պայմանների իրավաչափության ու սոցիալական արդարության ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային իրավահարաբերությունների կիրարկման հարաբերությունների հստակեցումը:

Խնդիրն այն է, որ. «...գործող պետական կենսաթոշակային եւ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությամբ, ՀՀ անկախությունը եւ Հայաստանի երրորդ հանրապետության պաշտոնական մեկնարկը հռչակած խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, որոնք օբյեկտիվ պատճառներով լրիվ 5 տարի չեն աշխատել Գերագույն խորհրդում, զրկվել են պատգամավորների համար նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից:»:

Նախագծի հեղինակների կարծիքով, ժամանակին Գերագույն խորհրդի պատգամավորները վարել են տարբեր պաշտոններ այլ կառույցներում, եւ Խորհրդարանը չի եղել արհեստավարժ, պատգամավորներն իրենց լիազորություններն իրացրել են՝ օգտվելով համեստ գործառութային վճարներից եւ ճանապարհածախսից, որոնք համարժեք չէին ոչ կառույցի կոչմանն ու կարեւորությանը, ոչ էլ աշխատանքի այն իրական ծավալներին, որ կատարվում էր նորանկախ երկրի օրենսդրությունը նոր իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ, կարծում ենք, ներկայացված չեն բավարար հիմքեր՝ մեկ սահմանադրական ժամկետ չպաշտոնավարած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, քանի որ եթե Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը չի պաշտոնավարել մեկ սահմանադրական ժամկետ, ապա այդ պաշտոնավարումը փաստացի կարող է լինել ինչպես մեկ ամիս, այնպես էլ հինգ տարուց մի քանի օր պակաս տեւողությամբ: 

Այսինքն, ստացվում է, որ Նախագծի հեղինակներն առաջարկում են արտոնյալ պայմաններով անձանց կենսաթոշակ նշանակել միայն այն հիմքով, որ նրանք հանդիսացել են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ անկախ նրանց պատգամավորական ստաժից: Այս դեպքում, կարծում ենք, համոզիչ չէ նաեւ Նախագծի հեղինակների այն փաստարկը, որ. «...Գերագույն խորհրդի գործունեության ժամանակ չի գործել ՀՀ սահմանադրությունը (այն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին), հետեւաբար ՀՀ ԳԽ պատգամավորների նկատմամբ «սահմանադրական ժամկետ» իրավանորմը կիրառելի չէ:», քանի որ այդ պատգամավորների նկատմամբ կիրառվում է ոչ թե «սահմանադրական ժամկետ»-ի, այլ 5 տարվա պատգամավորական ստաժի չափանիշը: 


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ որոշակի անհավասար պայմաններ կառաջանան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով համանման սոցիալական երաշխիքներից չօգտվող այլ պաշտոնատար անձանց միջեւ, օրինակ` առնվազն մեկ սահմանադրական ժամկետից պակաս ժամանակահատվածով Ազգային ժողովի պատգամավորների մասով: Հետեւաբար, «Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների կենսագործման» նպատակով ներկայացված սույն Նախագիծը, ընդունման դեպքում, կարող է խտրական մոտեցումներ ամրագրել գործող օրենսդրության մեջ: 


Եզրահանգում

Նախագիծը, կարծում ենք, բավարար չափով հիմնավորված չէ, եւ դրա ընդունումը կհանգեցնի նոր խնդրի` կապված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամաբ անհիմն տարբերակված՝ խտրական մոտեցման ամրագրման հետ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

04.10.2020թ