ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-740-18.09.2020-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ «Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

         ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

                      ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

            ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

            13.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-740-18.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից եւս հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2.    Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 61-րդ հոդվածի 16-րդ մասի առաջին նախադասության մեջ առաջարկում ենք «տրվում է փոխհատուցում» ձեւակերպումը փոխարինել «վճարվում է դրամական հատուցում» ձեւակերպմամբ՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով եւ  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես՝ 170-րդ հոդված հոդվածով սահմանված համապատասխան ձեւակերպումները: Սույն առաջարկը նույն հիմնավորմամբ վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ նոր լրացվող 161-ին մասում նշված «տրվում է փոխհատուցում» ձեւակերպմանը: 

3.    Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 61-րդ հոդվածում լրացնել նոր՝ 161-ին մաս, որը նախատեսում է հետեւյալը.

««161. Անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից` զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված կարգով:»:

Վերլուծելով նոր լրացվող կարգավորման բովանդակությունը՝ հարկ է նկատել, որ այն ըստ էության ենթադրում է հետադարձ ուժի կիրառման հնարավորության ամրագրում: Ուստի, առաջարկում ենք նոր լրացվող 161-ին մասով սահմանված դրույթը Նախագծում նախատեսել որպես անցումային դրույթ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

13.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

13.10.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-740-18.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է անմիջական օրենսդրական ամրագրում նախատեսել զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու հանրային այլ ծառայողների համար՝ չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու հավասար հնարավորություն ստեղծելու նպատակով, ինչը բխում է նաեւ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումներից: 

Ընդհանուր առմամբ Նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ վերացնել զինծառայողների եւ հանրային մյուս ծառայողների կողմից չօգտագործված արձակուրդների փոխհատուցման առումով ներկայումս առկա խտրական մոտեցումը: Սակայն, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող կարգավորումը, ըստ որի՝ «161. Անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից` զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված կարգով:», կարծում ենք, որոշ իմաստով խնդրահարույց է: 

Խնդիրը կայանում է նրանում, որ սույն օրենքը պետք է ուժի մեջ մտնի  դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն առաջարկվող լրացման էությունից բխում է, որ այն պետք է ունենա հետադարձ ուժ եւ տարածվի նաեւ մինչեւ սույն օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների վրա, քանի որ բերված լրացման մեջ հստակ շեշտադրվում է անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից փոխհատուցում տրամադրելու պարտավորության ամրագրումը, ինչն էլ հսկայական ֆինանսական բեռ կարող է դառնալ պետական բյուջեի համար:

2. Վերը նշվածի կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել Նախագծով ամրագրվող դրույթների հետադարձ ուժ ունենալու հանգամանքը, իսկ կարգավորումները նույնը թողնելու պարագայում առնվազն նախատեսել որոշակի ժամանակացույց՝ ըստ զինվորական ծառայությունից արձակման տարեթվի, համապատասխան փոխհատուցումները տրամադրելու համար՝ պետական բյուջեի համար չնախատեսված ֆինանսական բեռը մի քանի տարիների վրա հնարավորինս համաչափ բաշխելու նպատակով:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

29.09.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-740-18.09.2020-ՊԱ-011/0)  վերաբերյալ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիալական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն, մասնավորապես, այն զինծառայողները, ովքեր կարձակվեն զինվորական ծառայությունից, կստանան զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի դիմաց փոխհատուցում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 

05.10.2020թ.