ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-727-10.09.2020-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ), որով առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքը լրացնել նոր` 15.1-ին հոդվածով` նախատեսելով բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը, այն է՝ սպառողական կրեդիտավորման տարեկան փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Նախագծի հիմնավորումներում նշվել է, որ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «բանկերը եւ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն սահմանել տարբեր տեսակի եւ չափի սպասարկման եւ այլ վճարներ, որոնք վճարելուց հետո կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը գերազանցի ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը»:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

01.10.2020թ.  
  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-727-10.09.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:  


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Սպառողական կրեդիտավորման մասին» (այսուհետ` Օրենք) օրենքը լրացվում է նոր՝ 15.1-ին հոդվածով, որի համաձայն՝ 

«Հոդված 15.1. Տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը

1. Բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

2. Կրեդիտավորման պայմանագրով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն շեմը գերազանցող տարեկան փաստացի տոկոսադրույք նախատեսվելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան առավելագույն չափը»:

Նախագծով նախատեսված վերոնշյալ կարգավորումը, կարծում ենք, արդարացված չէ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքի տեսանկյունից եւ տարբերակված մոտեցում է ցուցաբերում կրեդիտավորողների միջեւ հետեւյալ հիմնավորմամբ: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.1-ին հոդվածով սահմանաված իրավակարգավորումները նախատեսում են տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի սահմանափակում միայն բանկերի եւ օտարերկրյա բանկերի կողմից տրամադրված կրեդիտների համար: Մինչդեռ, հարկ է նկատել, որ կրեդիտավորող են համարվում նաեւ վարկային կազմակերպությունները կամ գրավատունը, որը տրամադրում է կրեդիտ: Հետեւաբար, կարծում ենք, նման կարգավորման դեպքում խտրական մոտեցում է դրսեւորվում բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի եւ վարկային կազմակերպության կամ գրավատան կողմից տրամադրվող կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափերի միջեւ: 

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

4. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել (այսուհետ նաեւ` Օրենք) ձեւակերպումը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Օրենքին այլեւս հղում չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

01.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

01.10.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-727-10.09.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

            Ազգային ժողովի պատգամավոր Ա. Աբովյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազ?ային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքը լրացնել 15.1 հոդվածով, որի 1-ին մասի համաձայն բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Հարկ ենք համարում նշել, որ համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, կրեդիտավորող են հանդիսանում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը, որը տրամադրում է կրեդիտ: Հետեւաբար, անհասկանալի է դառնում, թե Նախագծով առաջարկվող կարգավորումներն ինչու՞ է նախատեսվում տարածել միայն բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա (չնայած, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ խոսքը գնում է նաեւ վարկային կազմակերպությունների մասին):

2. Նախագծով առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում զսպել բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ որպես առավելագույն շեմ սահմանելով կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Նախագծով հետապնդվող նպատակը չափազանց կարեւոր է եւ հասկանալի: Սակայն, դրանով հանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող լուծումն ունի խոցելիության որոշակի աստիճան՝ այն առումով, որ փորձ է կատարվում պետության կողմից սահմանափակել մասնավոր տնտեսավարմամբ զբաղվող սուբյեկտների (այս դեպքում՝ կրեդիտ տրամադրողների) եկամուտներն ու ծախսերը: Ըստ էության, տվյալ խնդրի լուծման դասական տարբերակը մրցակցության ապահովումն է, որի դեպքում միայն յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ առանց պետության ներգործության կձգտի հնարավորինս մատչելի ու գրավիչ դարձնել իր կողմից մատուցվող ծառայությունները (այդ թվում՝ եկամուտների ու ծախսերի հնարավորինս նվազեցման ճանապարհով)՝ շուկայում մրցակցությանը դիմանալու եւ մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար:

3. Հարկ է նշել, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով սպառողների համար ապահովված է առավելագույն իրազեկվածություն տարեկան փաստացի տոկոսադրույքների վերաբերյալ: Մասնավորապես, 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն, կրեդիտավորման պայմանագիրը առնվազն ներառում է նշումներ տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի եւ տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ: Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «որեւէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր, որը կատարվում է կրեդիտավորողի գործունեության վայրում կամ կրեդիտավորողի կամ այլ ինտերնետային կայքում կամ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային կամ տպագիր միջոցներով կամ գովազդի, հայտարարության, առաջարկի կամ օֆերտայի տարածման այլ եղանակով, եւ որը պարունակում է տոկոսների չափի կամ կրեդիտի տրամադրման վերաբերյալ որեւէ այլ վճարի կամ ծախսի վերաբերյալ նշում, պետք է ներառի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ընդ որում՝ այն դեպքում, երբ հնարավոր չէ սպառողների համար ողջամիտ ձեւով հասու դարձնել տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ներկայացվում է դրա հաշվարկման օրինակը»: Ավելորդ չէ նաեւ նշել, որ 2020 թվականի հունիսի 3-ին ընդունված «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-288-Ն օրենքի 1-ին հոդվածով, որն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ին, սահմանվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` նշելով այդ տոկոսադրույքը: Հետեւաբար, փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ սպառողի իրազեկվածության բավարար դրույթներ արդեն իսկ ամրագրված են «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով՝ բացառելով սպառողներին մոլորեցնելու հնարավորությունները եւ նրանց տալով ընտրության հնարավորություն: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ներկայումս հանրապետությունում ձեւավորված սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ ֆինանսական կարիքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների պաշտպանության անհրաժեշտությունը՝ հետագայում ծանր ֆինանսական բեռի տակ չընկնելու տեսանկյունից, առաջարկվող լուծումը, միգուցե, կարող է ներկայանալ որպես ժամանակոր միջոց: Միաժամանակ, կարծում ենք, որպես լուծման տարբերակ, որի պարագայում պաշտպանված կլինեն ինչպես սպառողների, այնպես էլ կրեդիտավորղների շահերը, կարծում ենք, կարող է դառնալ կրեդիտավորողների կողմից կատարվող ծախսերի չափի սահմանափակումը կամ նորմավորումը (կարծում ենք, տվյալ խնդրի լուծման իրավական ապահովվածությունն առավելապես գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի տիրույթում):  Մասնավորապես, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը (Annual Percentage Rate կամ APR) սահմանվում է որպես սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախս՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, եւ հաշվարկված` հիմք ընդունելով  օրենքի 13-րդ հոդվածում նշված բանաձեւը: Իսկ նույն մասի 7-րդ կետի համաձայն սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը բոլոր տոկոսներն ու այլ վճարումներն են, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար: Հետեւաբար, կարծում ենք, որ «այլ վճարումների» սահմանափակման կամ դրանց առավելագույն շեմի սահմանման միջոցով կարելի է զգալիորեն կրճատել փաստացի եւ անվանական տոկոսադրույքների տարբերությունը:


Եզրահանգում

Նախագծով հետապնդվող խնդրի կարեւորությամբ հանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող լուծումը կարող է կարճաժամկետ հեռանկարում ապահովել առկա հիմնախնդիրների մասնակի լուծում: Երկարաժամկետ հատվածում խնդրի լուծումը պետք է դիտարկել ֆինանսաբանկային ոլորտում մրցակցության խորացման եւ պետական կարգավորման ուղղությամբ որոշակի քայլերի իրականացման համատեքստում։
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

28.09.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-727-10.09.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 


Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով սահմանափակում` բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող կրեդիտների համար, ինչի արդյունքում վարկառուները ստիպված չեն լինի վճարել անհամաչափ մեծ գումարներ ստացված վարկի դիմաց, քանի որ որոշ դեպքերում սպասարկման եւ այլ վճարները վճարելուց հետո փաստացի տոկոսադրույքը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Փաստացի տոկոսադրույքն, ի տարբերություն անվանական տոկոսադրույքի, ներառում է նաեւ բոլոր տեսակի միջնորդավճարներն ու սպասարկման ծախսերը։ Եվ փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է լինում, քան անվանականը։

Նախագծով առաջարկվող լրացման հետ կապված ուսումնասիրվել է որոշ երկրների փորձը: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում սպառողական վարկի պայմանագրի կնքման պահին սպառողական վարկի տարեկան տոկոսներով արտահայտված ընդհանուր արժեքը չի կարող գերազանցել տարեկան 365 տոկոսը կամ Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից հաշվարկված սպառողական վարկի կատեգորիային համապատասխան սպառողական վարկի տարեկան տոկոսներով արտահայտված ընդհանուր միջին շուկայական արժեքը1

Բելառուսի Հանրապետությունում Ազգային բանկը կարգավորում է վարկային հարաբերությունները եւ փողի շրջանառությունը, որոշում է հաշվարկների կարգը: Մասնավորապես, վարկային հարաբերությունների ոլորտում Ազգային բանկը սահմանում է Ազգային բանկի գործառնությունների վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ այլ տոկոսադրույքները: Կրեդիտավորողների կողմից կատարվող ծախսերի չափի նորմավորումը գտնվում է Բելառուսի Ազգային բանկի տիրույթում, իսկ օրենքով փաստացի տոկոսադրույքի նկատմամբ սահմանափակում նախատեսված չէ2 :

Լատվիայի Հանրապետությունում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդհանուր դրամավարկային քաղաքականությունը, ակտիվ եւ պասիվ գործառնությունների տոկոսադրույքները, ինչպես նաեւ որոշում է կայացնում դրամավարկային քաղաքականության գործնական իրականացումն ապահովելու համար3

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դաշնային պահուստային կառավարիչների խորհուրդը հայտարարում է բազային տոկոսադրույքը, որը սահմանվում է քսանհինգ խոշորագույն բանկերի մեծամասնության կողմից: Այն հաճախ օգտագործվում է որպես տեղեկատու տոկոսադրույք (որը կոչվում է նաեւ բազային տոկոսադրույք) վարկերի շատ տեսակների համար, ներառյալ փոքր բիզնեսի եւ քարտային վարկերի4 :

Դաշնային պահուստային համակարգը ուղղակի դեր չի խաղում բազային տոկոսադրույքը սահմանելիս, շատ բանկեր նախընտրում են սահմանել  իրենց բազային տոկոսադրույքները՝ հիմնվելով իրենց ֆեդերալ ֆոնդերի տոկոսադրույքի վրա:

Դաշնային պահուստային համակարգը վերահսկում է դրամավարկային քաղաքականությունը: Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհուրդը պատասխանատու է տոկոսադրույքի համար5

Եզրահանգում

            Ամփոփելով փորձաքննության արդյունքները, կարող ենք նշել, որ վարկերի  տոկոսադրույքների վերաբերյալ միասնական կարգավորման մոտեցում առկա չէ, եւ որոշ երկրներում վարկային տոկոսադրույքի կարգավորման հարցերը գտնվում են Կենտրոնական բանկի տիրույթում:

Նախագիծն ուղղված է սպառողական կրեդիտավորումից օգտվելու ցանկություն ունեցող սպառողների սոցիալական պաշտպանությանը: 

Նախագծով առաջարկվող լրացումը կնպաստի փաստացի տոկոսադրույքի աճի զսպմանը: Դա իր հերթին դրական կանդրադառնա վարկառուների սոցիալական վիճակի վրա՝ նվազեցնելով վարկի սպասարկման համար կատարվող վճարումները:

Նախագծի ընդունման դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը՝ բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող կրեդիտների համար, ինչը, կարող է որոշակի չափով դրական խթան հանդիսանալ հասարակության սոցիալապես խոցելի խավի համար, ովքեր ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ստիպված են լինում  վարկ վերցնել:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360)

04.10.2020թ.

--------------------------------------------------------------------------------
[1]Տե?ս http://docs.cntd.ru/document/499065397: 

[2] Տե?ս https://pravo.by/document/?guid=3871&p0=hk0000441: 

[3] Տե?ս http://www.pravo.lv/likumi/31_zobl.html: 

[4]Տե?ս https://www.federalreserve.gov/faqs/credit_12846.htm: 

[5]Տե?ս https://www.federalreserve.gov/monetarypolicy/fomc.htm: