ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է
«« Ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախա գիծը (այսուհետ` նաեւ Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Պ-726-08.09.2020-ՊԻ-011/0 ), որով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում՝ նպատակ հետապնդելով բացառելու պատգամավորի թեկնածուի կողմից հայերենին տիրապետելու փաստը միայն նախկինում ստացված փաստաթղթերով հավաստելը:

Նախագիծը մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական , ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության : Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական խնդիրներ:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



30.09.2020թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-726-08.09.2020-ՊԻ-011/0 ) վերաբերյալ

Ազգային ժող ո վի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «« Ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախա գիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, այն է՝սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը :

2. Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, այն է՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի նաեւ 2-րդ հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելու անհրաժեշտությունը բացառելու նպատակով՝ առաջին իսկ կիրառումից հետո փակագծերում նախատեսել դրակրճատ տարբերակը՝ «(այսուհետ՝ Օրենք)» ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հեդվածի 4-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության «դիպլոմ)» բառից եւ կետադրական նշանից հետո լրացվում են «եւ ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը:» բառերը եւ կետադրական նշանը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «տեղեկանքը» բառից հետո լրացվում են «եւ ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը:» բառերը եւ կետադրական նշանը:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենսգրքում կատարվող լրացումների արդյունքում դրա՝ ընտրվելու իրավունքին վերաբերող 80-րդ եւ պատգամավորի թեկնածու առաջադրելուն վերաբերող 84-րդ հոդվածներում նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ) եւ ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը :»:

«2. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են`

8) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը եւ ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը.»:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենգրքում կատարվող լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

3.1. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ կատարվող լրացումների վերաբերյալ առկա են հետեւյալ դիտարկումները. «Սույն օրենքի նախագիծը բխում է նաեւ Լեզվի մասին ՀՀ օրենքից եւ ապահովվում է պեական ինստիտուտի նկատմամբ հանրային հարգանքը:

Դրանով իսկ կբացառվի դրույթների ձեւական իմաստը եւ նոր իրավաքաղաքական հարաբերություններում ձեւականից անցում կկատարվի բովանդակայինի: Հայաստանն ամենահին այբուբենն ունեցող ժողովուրդներից մեկն է եւ պետք է պահպանի էթնիկ լեզվամտածողությունը եւ այն փոխանցի հաջորդ սերունդներին:

Պահանջի կիրառումը սկսում ենք պետական բարձրագույն մարմնից, դրանով իսկ ուղերձ հղելով ժողովրդի լայն զանգվածներին, առ այն, որ այլեւս պետական կարեւորագույն խնդիրների նկատմամբ ձեւական մոտեցում չի լինելու: Հասարակության իրավագիտակցության զարգացման ուղղությամբ կարեւոր քայլ է:

(…)

Նախագծով առաջարկվում է 80-րդ եւ 84-րդ հոդվածները լրացնել ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը պարբերությամբ, որով իսկ կբացառվի հայերենին տիրապետելու փաստը միայն նախկինում ստացված փաստաթղթերով հավաստելը:

(…)

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող հոդվածի փոփոխման արդյունքում վերացվում են հայերենին ձեւական տիրապետելու հանգամանքը:»:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը վերնագրված է ««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» , հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք խմբագրել կից ներկայացված հիմնավորման վերնագիրը՝ շտկելով առկա անհամապատասխանությունը:

3.2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն)՝ օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով :(…)»:

Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր :

Սահմանադրության՝ որոշակիության սկզբունքին վերաբերող 79-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ »:

3.3. Սահմանադրության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթներին, լիազորություններին եւ ընտրական հանձնաժողովների համակարգին վերաբերող 194-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ :

(…)

4. Ընտրական հանձնաժողովների համակարգը, ընտրական հանձնաժողովների լիազորությունները, կազմավորման եւ գործունեության կարգը, գործունեության երաշխիքները սահմանվում են Ընտրական օրենսգրքով»:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածում նախատեսվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները եւ լիազորությունները, որոնք ներառվում են Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների կազմակերպման, ինչպես նաեւ դրանց օրինականության նկատմամբ վերահսկողությանիրականացման շրջանակներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քննարկվող նորմի կարգավորումների համաձայն նաեւ տրամադրվում են վկայականներ, ինչը եւս բխում է Սահմանադրությամբ նախատեսված մարմնի գործառույթներից եւ լիազորություններից:

3.4. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող լրացումների արդյունքում Օրենսգրքի 80-րդ եւ 84-րդ հոդվածներում նախատեսվող կարգավորումների ձեւակերպումից, կարծում ենք, բավարար չափով հստակ չի ընկալվում, թե ում կողմից պետք է անցկացվի հայերենի գրավոր՝ թեստային քննությունը, ինչ ընթացակարգով եւ ինչպիսի չափանիշներին համապատասխան: Նշվածի համատեքստում քննարկվող կարգավորումնեը խնդրահարույց են Սահմանադրության 75-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից: Մասնավորապես՝ կարգավորումները Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ դրույթները չեն նախատեսում բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ, ինչպես նաեւ չեն սահմանում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:

3.5. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող լրացումների արդյունքում Օրենսգրքի 80-րդ եւ 84-րդ հոդվածներում նախատեսվող կարգավորումների համաձայն թեստային քննությունն անցնելու մասին վկայագիր կարող է տրամադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ կարող ենք եզրակացնել, որ հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու համար համապատասխան քննության անցկացման լիազորությունը, ենթադրյալ, տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Սակայն այդ պարագայում հարկ է նկատել, որ Օրենսգրքի 51-րդ հոդվածով նախաեսված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների եւ լիազորությունների շարքում ներառված չէ նման լիազորություն, բացի այդ նման լիազորություն Օրենսգրքի 51-րդ հոդվածի եւ Կոնտրոնական ընտրական հանձնաժողովին վերաբերող դրա մյուս կարգավորումների շրջանակում չի կարող ներառվել՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ նախատեսված մարմնի՝ 194-րդ հոդվածով նախատեսված գործառույթները եւ լիազորությունները: Ուստի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նման լիազորոթյուն վերապահելը խնդրահարույց է Սահմանասրության 6-րդ եւ 194-րդ հոդվածների տեսանկյունից:

3.6. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ :

Հիմք ընդունելով մեջբերված դրույթները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող լրացումների արդյունքում Օրենսգրքի 80-րդ եւ 84-րդ հոդվածներում նախատեսվող կարգավորումների տեսքստում «ԿԸՀ» հապավումները փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառերով:

3.7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում կատարվող լրացման նման ձեւակերպման պարագայում խախտվում է նախադասության շարադասությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում կատարվող լրացման ձեւակերպումը: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «լրացնել» բառերից հետո նշված ողջ տեքստն իր մեջ ներառող չակերտները հանել, իսկ Նախագծի 2-րդ հոդվածի «տեղեկանքը» բառը երկու կողմից ներառել չակերտներում:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում կատարվող լրացման վերջում բացակայում է վերջակետ կետադրական նշանի անհրաժեշտությունը, ուստի առաջարկում ենք այն հանել: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում կատարվող լրացմանը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում կատարվող փոփոխության, որով հանվում է «տեղեկանքը» բառից հետո առկա «.» կետադրական նշանը, անհրաժեշտությունը բացակայում է, սակայն դրա առկայության դեպքում Նախագծի վերնագրում պետք է ներառվի նաեւ «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություներ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից : Ինչպես նաեւ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. ՄՆացականյան (հեռ.` 011-513-248)

30.09.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Մ. ՄՆացականյան (հեռ.` 011-513-248)

30 .09.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-726-08.09.2020-ՊԻ-011/0 ) վերաբերյալ

Ազգային ժ ողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «« Ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում :

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի Կենտրանական ընտրական հանձնաժողովի ԿԸՀ-ի կողմից հայերենի թեստային քննությունն անցնելու մասին վկայագրի տրամադրման մասին դրույթ:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.՝ 011-513-343)

23.09.2020թ




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-726-08.09.2020-ՊԻ-011/0 ) վերաբերյալ

Ազգային ժող ո վի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «« Ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախա գիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածուն հայերենին տիրապետելու հանգամանքը պետք է հավաստի նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր՝ թեստային քննությունն անցնելու մասին վկայագրով:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011-513-339 )

23.09.2020թ.