ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Խ-725-08.09.2020-ԱՍ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ), որով առաջարկվում է լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում՝ նպատակ հետապնդելով հստակեցնել աշխատանքային ստաժի հաստատման համար պահանջվող փաստաթղթերի շրջանակը:  Նախագծի հիմնավորումներում նշվել է, որ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վարչարարություն իրականացող մարմինների կողմից «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի մեկնաբանմամբ` ի վնաս աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների: Մասնավորապես՝ նշվել է, որ «պետական մարմիններն անտեսում են այն կարեւոր հանգամանքը, որ Օրենքը չի պահանջում լրացուցիչ փաստաթղթեր` աշխատանքային գրքույկից զատ, աշխատանքային ստաժը հաստատելու համար: Այն սահմանում է, որ այն դեպքում, երբ 1992-2013թթ. համար չներկայացվի աշխատանքային գրքույկ, ապա բավարար կլինի նաեւ աշխատանքային գործունեությունը հավաստող սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը»:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 
 
 
 
 
 
 

29.09.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
  

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-725-08.09.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 
 

Փորձաքննության արդյունքները


Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծ) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 1-ին հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)  32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունից հետո լրացվում է նոր նախադասություն` «Աշխատանքային ստաժը հաստատող սույն մասով սահմանված փաստաթղթերից որեւէ մեկի առկայության դեպքում այլ փաստաթուղթ չի կարող պահանջվել, իսկ ներկայացված փաստաթղթում առկա տեղեկատվությունը գնահատվում է հավաստիության կանխավարկածով»:

Վերոնշյալ լրացման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` «Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի»:

Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ հավելվածի 9-րդ կետի համաձայն` «Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` աշխատանքային գրքույկը եւ պարտադիր սոցիալական ապահովության (մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը»:

Որոշումից բխում է, որ մինչեւ 1992 թվականը աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, որի առկայությունը բավարար է աշխատանքային ստաժը հաստատելու համար: Իսկ 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն է աշխատանքային գրքույկը եւ պարտադիր սոցիալական ապահովության  վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Հետեւաբար, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատելու համար անհրաժեշտ է աշխատանքային գրքույկի եւ պարտադիր սոցիալական ապահովության  վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի միաժամանակյա առկայությունը:

Որոշմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության նման մեկնաբանման դեպքում, օրենսդրական մակարդակում ամրագրվում է, որ որոշակի ժամանակահատվածի դեպքում հիմնական փաստաթուղթը, որը հավաստում է աշխատանքային ստաժի առկայությունը եւ իր նպատակային նշանակությամբ կարող է ծառայել այդ նպատակին, եթե համապատասխան գործընթացով չի ապացուցվել դրա ոչ հավաստիությունը, համարվում է ոչ բավարար, այսինք` ոչ վստահելի եւ ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: Մինչդեռ որոշակի ժամանակահատվածով պայմանավորված փաստաթուղթը չի կարող համարվել ոչ հավաստի, դրա ոչ հավաստիությունը կարող է հաստատվել միայն համապատասխան գործընթացի արդյունքում:

Նման մեկնաբանումը, կարծում ենք, հետեւանք է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության ոչ բավարար չափով որոշակի ձեւակերպման: Մասնավորապես, Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Այսպիսով, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության ոչ որոշակի ձեւակերպման արդյունքում առկա մեկնաբանությունը հանգեցնում է անձանց հիմնական իրավունք հանդիսացող պատշաճ վարչարարության իրավունքի իրացմանը: 

Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն եւ իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

2. Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար»:

Հիմք ընդունելով այն, որ որոշակի ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատելու համար հիմնական փաստաթուղթ է համարվում աշխատանքային գրքույքը, կոնկրետ վարչարարության շրջանակում որոշակի ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատելիս լրացուցիչ փաստաթղթեր պահանջելը խնդրահարույց է նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածի տեսանկյունից:

Սահմանադրության 29-րդ հոդվածը նախատեսում է խտրականության արգելքը` «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը, կարծում ենք, որ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը պետք է մեկնաբանվի հետեւյալ կերպ` մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթը, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթ է նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի: Արդյունքում ստացվում է, որ 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատելու համար կարող է ներկայացվել նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերը: Ուստի, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերից մեկի առկայությունը բավարար է աշխատանքային ստաժը հաստատելու համար:

Միաժամանակ արաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի կարգավորմամբ, այն է` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, կարող ենք փաստել, որ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը նախատեսվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակահատվածում պայմանավորված քաղաքական եւ տնտեսական հանգամանքներով աշխատանքային գրքույկների վարման ընթացքում թույլ են տրվել խախտումներ, որոնք նաեւ ողջ ծավալով չեն վերահսկվել պետության կողմից: Սակայն կենսաթոշակի իրավունքի իրացման նպատակով հնարավորություն է նախատեսվել իրացնել այն նաեւ այլ փաստաթղթերի միջոցով, բացառայությամբ օրենքով սահմանած դեպքի, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ պատշաճ ընթացակարգով կապացուցվի այդ փաստաթղթերի ոչ հավաստիությունը:

Հետեւաբար, կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում կատարվող լրացման անհրաժեշտությունը բացակայում է` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը` «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»: Միաժամանակ, առաջարկում ենք վերաշարադրել Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը` համապատասխանեցնելով այն որոշակիության սահմանադրական սկզբունքին:

2.    Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ, իսկ Նախագծի 1-ին հոդվածում օրենքի անվանումից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:
 
 


Եզրահանգում



Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)
 
 
 
 

29.09.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին



Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)
 
 
 
 

29.09.2020թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
  

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-725-08.09.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները


Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծով առաջարկվող լրացումը պայմանավորված է օրենքում արտահայտված իրավունքի միատեսակ կիրառման, ինչպես նաեւ օրենսդրական տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված որոշ դրույթներ, որոնք տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս եւ առաջացնում անհարգի բարդություններ, ինչպես նաեւ կպարզեցվեն մի շարք վարչարարական ընթացակարգեր: Նախագծի ընդունումը կնպաստի նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մարմինների կողմից քաղաքացիներին միատեսակ մոտեցում ցուցաբերելուն:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

23.09.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
  

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-725-08.09.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները


Նախագծով առաջարկվող լրացումը հնարավորություն կընձեռի լիարժեք ապահովել քաղաքացիների կենսաթոշակի իրավունքի իրականացումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 
 

Եզրահանգում


Նախագծի ընդունումը կնպաստի պետական կենսաթոշակային ապահովության կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ սոցիալական արդարության գործնական ապահովմանը: 
 
 
 
 

          ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

          ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 
 

          Կատարող՝   Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)
 
 
 
 
 
 

          25.09.2020թ