ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության  հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-724-08.09.2020-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածում կատարել լրացում՝ այդպիսով սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկելով տասը տոկոս դրույքաչափով:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Կատարված փորձաքննությունների արդյունքում պարզվել են իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 
 
 
 
 
 
 

29.09.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-724-08.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 
 

Փորձաքննության արդյունքները


Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է նշել նաեւ հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2.    Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը համարակալելիս անհրաժեշտ է պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով»: 

3.    Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածում լրացվող նոր՝ 16-րդ մասում «10» թիվը առաջարկում ենք փոխարինել «տասը» բառով` հաշվի առնելով Օրենսգրքի նույն հոդվածի մյուս մասերում դրույքաչափի գրելաձեւը:

4.    Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն. «Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ շրջանների զարգացումը մեծապես կախված է նաեւ սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում կրթության գործընթացի պատշաճ կազմակերպումից, այդ թվում` բավարար քանակով եւ անհրաժեշտ որակավորմամբ ուսուցչական կազմի ապահովումից»: Միեւնույն ժամանակ նշված է, որ «Ներկայացվող նախագիծը միտված է խթանել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների համայնքների հանրակրթական հաստատություններում մանկավարժական գործունեությունը` այդ հաստատությունների ուսուցիչներին եկամտային հարկի գծով արտոնություն տրամադրելու միջոցով»:

Նախագծի հիմնավորումից կարող ենք եզրակացնել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածում լրացվող նոր՝ 16-րդ մասն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում մանկավարժական գործունեության խթանմանը, ինչը նաեւ կհանգեցնի հանրակրթական դպրոցներում կրթության գործընթացի պատշաճ կազմակերպմանը: Սակայն, նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ հանրակրթական դպրոցներում կրթության գործընթացի կազմակերպումն իրականացվում է ոչ միայն մանկավարժական կազմի կողմից, այլեւ` վարչական կազմի: Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտ է ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա` եթե Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածում լրացվող 16-րդ մասն ուղղված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ շրջանների հանրակրթական դպրոցներում կրթության գործընթացի պատշաճ կազմակերպման ապահովմանը, ապա միայն մանկավարժական կազմի համար եկամտային հարկի գծով արտոնություն սահմանելիս անհրաժեշտ է բավարար չափով հիմնավորել` ինչով է պայմանավորված վարչական կազմի համար նման արտոնություն չսահմանելն այն պարագայում, երբ կրթության գործընթացի կազմակերպումն իրականացվում է նաեւ վարչական կազմի կողմից: 

Հարկ է ընդգծել, որ քննարկվող արտոնությունը միայն մանկավարժական կազմի համար սահմանելը ինքնանպատակ չպետք է լինի, նման տարբերակումը կարող է կատարվել միայն օբյեկտիվ հիմքով: 

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Կրթության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանում սահմանամերձ, բարձր լեռնային եւ լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
 
 

Եզրահանգում
 

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)
 
 

29.09.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին



Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)
 
 

29.09.2020թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-724-08.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ


 

            Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 
 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները


Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկել 10 տոկոս դրույքաչափով: Նման մոտեցումը Նախագծի հեղինակների կողմից հիմնավորվում է սահմանամերձ շրջանների համայնքների հանրակրթական հաստատություններում մանկավարժական գործունեության խթանման անհրաժեշտությամբ` այդ հաստատությունների ուսուցիչներին եկամտային հարկի գծով արտոնություն տրամադրելու միջոցով: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Կարեւորելով սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեության խթանման անհրաժեշտությունը, միաժամանակ, կարծում ենք, որ եկամտային հարկը չէ այն գործիքը, որով նպատակահարմար է լուծել տվյալ խնդիրը: Մեր կարծիքով, գոյություն ունի խնդրի առավել պարզ լուծում՝ այն է, սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների համար աշխատանքի վարձատրության տարբերակված մոտեցումների կիրառումը (օրինակ՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ որոշակի գործակիցներ սահմանելու միջոցով):

2. Նախագծի ընդունման դեպքում խտրականություն կդրսեւորվի եկամտի նույն տեսակների նկատմամբ հարկման տարբեր մոտեցումներ ցուցաբերելու տեսանկյունից, ինչը, մեր կարծիքով, չի բխում Հարկային օրենսգրքի տրամաբանությունից: Համաձայն վերջինիս, եկամտային հարկի գծով դրույքաչափի տարբերակումն իրականացվում է ըստ եկամտի տեսակների, այլ ոչ թե ըստ դրանք ստացողների: 

3. Եթե Նախագծի նպատակը, ինչպես նշվում է դրան կից ներկայացված հիմնավորման մեջ, սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում կրթության գործընթացի պատշաճ կազմակերպմանը նպաստելն է, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ առաջարկվող հարկային արտոնությունը չի նախատեսվում տարածել նաեւ նույն դպրոցների վարչական աշխատակիցների վրա:

4. Նախագծով առաջարկվող անձանց եկամտային հարկի գծով արտոնության տրամադրման արդյունքում տնօրինվող եկամտի ավելացման միջոցով ակնկալվող ֆինանսական էֆեկտը, մեր կարծիքով, չի կարող էական խթան հանդիսանալ Նախագծով հետապնդվող խնդրի լուծման համար:
 
 

Եզրահանգում


Նախագծով հետապնդվող խնդրի կարեւորությունն առավել քան ակնհայտ է եւ ենթադրում է համալիր եւ ամբողջական լուծում: Միաժամանակ, Նախագծով առաջարկվող մոտեցումը, կարծում ենք, խնդրահարույց է եւ չի կարող հանդիսանալ խնդրի լիարժեք լուծման միջոց: 
 
 
 
 
 
 

 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

 Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
 
 
 
 

24.09.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
  

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-724-08.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները


1. Համաձայն Նախագծին կից ներկայացվող հիմնավորման՝ «Նախագիծը միտված է խթանել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների համայնքների հանրակրթական հաստատություններում մանկավարժական գործունեությունը՝ այդ հաստատությունների ուսուցիչներին եկամտային հարկի գծով արտոնություն տրամադրելու միջոցով», մեր կարծիքով սոցիալական խտրականություն է առաջանում սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների եւ նույն հաստատության վարչական աշխատողների միջեւ՝ կապված եկամտային հարկի գծով դրույքաչափերի տարբերակված մոտեցմամբ:

2. Ըստ Նախագծի, նման օրինակ հարկային արտոնության տրամադրումը, մեր կարծիքով, սոցիալական անհավասար պայմաններ կստեղծի սահմանամերձ բնակավայրերում աշխատող այլ մասնագիտություններ ունեցող անձանց համար:
 
 

Եզրահանգում


            Նախագծով հետապնդվող խնդրի լիարժեք լուծման համար, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը հստակեցման կարիք ունեն:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 
 
 
 
 

24.09.2020թ.