ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-720-02.09.2020-ՊԱ-011/0)  եւ  ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7201 -02.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով փոփոխություններ են կատարվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածով սահմանված համապատասխան օրենքի մի շարք հոդվածներին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետի մեջ: Մինչդեռ հարկ է նկատել, որ սեպտեմբերի 1-ից Օրենքն արդեն իսկ ուժի մեջ է մտել եւ 42-րդ հոդվածի 1-ին մասուն նշված դրույթներն ինկորպորացվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի համաձայն «5. Սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված եւ ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: 6. Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաեւ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում»: Այսպիսով, քանի որ սեպտեմբերի 1-ից Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մասերն արդեն իսկ ուժի մեջ են մտել եւ ինկորպորացվել հիմնական ակտում, փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը տվյալ պարագայում չի կարող փոփոխվել կամ լրացվել:

2.    ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվում է Օրենսգրքի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող սանկցիա ունեցող մի շարք հոդվածներում, որպես իրավախախտման սուբյեկտ, լրացնել տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող անձանց՝ վերջիններիս համար, որպես վարչական պատասխանատվություն, սահմանելով տուգանք:          Նախագծով նախատեսված լրացումների արդյունքում ստացվում է նույն արարքը կատարելու համար, օրինակ՝ առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար, անձինք վարչական պատասխանատվություն են կրում տարբեր չափով՝ կախված անձի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունենալու կամ չունենալու հանգամանքից: Կախված իրավախախտման սուբյեկտից տույժի տարբեր տեսակներ սահմանելը կարծում ենք արդարացված չէ, քանի որ, անկախ այն հանգամանքից իրավախախտումը կատարվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող թե չունեցող անձի կողմից, դրանից արարքի վտանգավորությունը չի փոխվում: Հետեւաբար, քանի որ Նախագծով տուգանքի նշանակումը կապվում է ոչ թե իրավախախտման բնույթի եւ հանրային վտանգավորության հետ, այլ իրավախախտման հետ չկապված այնպիսի հանգամանքների հետ, թե ով է թույլ տվել իրավախախտումը, կարծում ենք նույն արարքի համար տարբերակված տույժի չափ սահմանելը նպատակահարմար չէ, հատկապես, որ Նախագծով լրացվող զանցանքների օբյեկտիվ կողմից չի բխում, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձը տվյալ զանցանքների հատուկ սուբյեկտ է: 

3.    Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 6-րդ հոդվածների մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:

4.    Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված լրացումները նախատեսվում են կատարել «սանկցիայում», մինչդեռ նշված ձեւակերպումից միանշանակ չի ընկալվում, թե, մասնավորապես, սանկցիայի որ հատվածում են լրացումները նախատեսվում կատարել:      Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով նախատեսված լրացումները ձեւակերպել սույն օրինակով՝ «Հոդված 3. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասում «ժամկետով» բառից հետո լրացնել «(...)» բառերը եւ կետադրական նշանները»:

5.    Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ կերպ՝ «Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը»: Մինչդեռ Նախագծով նշված բացառության սահմանման անհրաժեշտությունը բացակայում է, քանզի տվյալ հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների համար արդեն իսկ նախատեսված է 1-ին մասից տարբերվող կարգավում:

6.    Նախագծի 7-րդ հոդվածով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», մինչդեռ Նախագծի որոշ հոդվածներով մի շարք իրավախախտումների համար լրացվում է նոր սուբյեկտ, խստացվում է իրավախախտման համար սահմանված տուգանքը (Նախագծի 5-րդ հոդված), դրանով իսկ վատթարացնելով անձի իրավական վիճակը, անհրաժեշտություն առաջացնելով սահմանել հասցեատիրոջ համար իր վարքագիծը այդ պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետ: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծի ուժի մեջ մտնելու համար սահմանել այլ ողջամիտ ժամկետ:
 
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

 23.09.2020թ.
 
 




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին



Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118) 

 23.09.2020թ.
 
 


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-720-02.09.2020-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7201 -02.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ


            Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 
 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել պատասխանատվության միջոցներ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից նման արարքներ կատարելու համար, ինչպես նաեւ Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ լուծել օրենսդրության կիրառման հետ կապված այլ խնդիրներ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

15.09.2020թ.
 
 


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-720-02.09.2020-ՊԱ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7201 -02.09.2020-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



            Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 
 
 

Սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության արդյունքները


Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական, առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

Ներկայացված Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում


Ներկայացված Նախագծերի փաթեթով նպատակ է հետապնդվում կանոնակարգել,  հստակեցնել եւ խստացնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի վարչական պատասխանատվությունը, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար? կիրառելով առավել խիստ պատասխանատվության միջոցներ? վարելու իրավունքից զրկման ձեւով:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

15.09.2020թ.