ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-714-26.08.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 


Փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.        Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների համար, որպես ապահովադիրների, Բոնուս-Մալուսային համակարգը չհաշվարկելը չհիմնավորված խտրական մոտեցում կարող է առաջացնել այլ ավտոտրանսպորտային միջոցներով, օրինակ՝ քարշակներով, բեռափոխադրող տրանսպորտային միջոցներով փոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների նկատմամբ: Սահմանադրության «Խտրականության արգելքը» վերտառությամբ 29-րդ հոդվածով սահմանվում է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Սահմանադրական դատարանն իր` 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «…խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»: Մեկ այլ,  2011 թվականի հունիսի 7-ի ՍԴՈ-967 որոշման մեջ խտրականության արգելման վերաբերյալ նշվում է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է»: Մասնավորապես Նախագծով խտրական եւ տարբերակված վերաբերմունք է դրսեւորվում անձանց նկատմամբ՝ կախված այն հանգամանքից, թե ապահովադիր տնտեսվարողը մարդատար-տաքսի ավտոմոբիլներով է ուղեւորափոխադրումներ կազմակերպում, թե  ալյ ավտոտրանսպորտային միջոցներով ուղեւորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ կազմակերպում: Այն ապահովադիրները, ովքեր մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման ծառայություն են կազմակերպում առավել շահեկան դիրքում են, քան քարշակներով, բեռնափոխադրող տրանսպորտային միջոցներով փոխադրման ծառայությունների մատուցում կազմակերպող ապահովադիրները, իսկ նշված խտրական մոտեցումը Նախագծով հիմնավորված չէ եւ չունի օբյեկտիվ հիմք: 

2.        Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել 6.1-ին մասով. «Եթե ապահովադիրը հանդիսանում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, որը իրականացնում է  մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների լիցենզավորված կազմակերպում, ապա ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) ապահովադրի նկատմամբ չի հաշվարկվում: Սույն մասով սահմանված դեպքում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգի (Բոնուս-Մալուս համակարգ) հաշվարկը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ բացառապես իր վարորդական պատմության եւ իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասով:»:

Վերոգրյալ լրացման կապակցությամբ նշենք հետեւյալը.

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի տրամաբանությունից բխում է` ԱՊՊԱ պայմանագրի կողմերն են ապահովագրական ընկերությունը եւ ապահովադիրը:

Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն. «Ապահովագրված անձը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ինչպես նաեւ օրինական հիմքերով այն տիրապետող այլ անձն է (ներառյալ` վարորդը)»:

Օրենքի նույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն. «Ապահովագրավճարը ԱՊՊԱ պայմանագրով սահմանված չափով եւ պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանն ԱՊՊԱ իրականացնելու ողջ ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարն է:»:

Օրենքի նույն հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն. «Բոնուս-Մալուսը ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ է, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական եւ (կամ) վարորդական պատմությունը»: 

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «ԱՊՊԱ պայմանագրով սույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:»:

Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Բյուրոյի խորհուրդը, ելնելով ավտոտրանսպորտային միջոցների եւ դրանց սեփականատերերի եւ (կամ) օրինական հիմքով տիրապետող այլ անձանց վերաբերյալ տվյալներից եւ նրանց գործողությունների (անգործության) հետեւանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարների եւ (կամ) թույլ տրված խախտումների քանակից եւ բնույթից (վարորդական պատմություն), սահմանում է ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) եւ դրա կիրառման կարգը»:

Վերոգրյալ նորմերի հաշվառմամբ հարկ է արձանագրել հետեւյալը.

ԱՊՊԱ պայմանագրի կնքմամբ ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը: Հարկ է նկատել` ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրված անձ կարող է լինել ինչպես ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, այնպես էլ օրինական հիմքերով այն տիրապետող այլ անձը: Ուստի Բյուրոյի խորհուրդը Բոնուս-Մալուս համակարգը եւ դրա կիրառման կարգը սահմանում է` ելնելով ավտոտրանսպորտային միջոցների եւ դրանց սեփականատերերի եւ (կամ) օրինական հիմքով տիրապետող այլ անձանց վերաբերյալ տվյալներից եւ նրանց գործողությունների (անգործության) հետեւանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարների եւ (կամ) թույլ տրված խախտումների քանակից եւ բնույթից: Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս պայմանագրի կնքմամբ արդեն իսկ գիտակցում է, որ դրանով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը: Եթե անգամ ավտոտրանսպորտային միջոցի վարորդը տվյալ միջոցի սեփականատերը չէ, ապա սեփականատերը օրինական հիմքով տիրապելու իրավասությունն այլ անձի վերապահում է իր կամքով` կանխատեսելով տվյալ տրանսպորտային միջոցը այդ անձի կողմից վարելու արդյունքում վրա հասնող հնարավոր բոլոր հետեւանքները: Բացի այդ, որպես ԱՊՊԱ պայմանագրի կողմ, ապահովագրավճար վճարելու պարտականություն ունեցող սուբյեկտ Օրենքով սահմանված է միայն ապահովադիրը: Այլ հարց է, որ ԱՊՊԱ պայմանագրում կարող է նշվել նաեւ ապահովագրված անձի Բոնուս-Մալուս գործակցի արժեքի մասին դրույթներ (Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մաս), այնուամենայնիվ Բյուրոյի խորհուրդն է որոշում ԱՊՊԱ պայմանագրի ձեւը, եւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում անցում է կատարվել առավել պարզ՝ միայն Ապահովադիրների վրա հիմնված Բոնուս-Մալուս համակարգին:[1] 

Միաժամանակ կարծում ենք Օրենքի գործող կարգավորմամբ Բունուս-Մալուս համակարգի տարածումը միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ սահմանելն ինքնանպատակ չէ, եւ ուղղված է համապատասխան կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցները կարգապահ վարորդների տիրապետմանը հանձնելուն:

3.        Նախագծի 1-ին հոդվածի 6.1-ին մասի նախատեսման անհրաժեշտությունը հիմնավորված է հետեւյալ կերպ. «Օրենքի եւ դրա անբաժանելի մասը կազմող հավելվածի կիրառման արդյունքում տուժում են այնպիսի բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր պարտաճանաչ կատարել են իրենց պարտավորությունները պետության առջեւ, սակայն վարորդի մեղքով վրա հասած  վթարի հետեւանքով օրենքի կիրառման արդյունքում ստիպված են լինում  վճարել ոչ միայն ապահովագրավճար, այլեւ հավելավճար:»:

Մինչդեռ հարկ է նկատել, որ. 

1)      Ապահովագրավճարը ապահովադիրը վճարում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման ուժով`  այն օրենքի ուղղակի պահանջն է,

2)      Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերն իրավասու է իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցը օրինական հիմքով տիրապետելու իրավասությունը վերապահել այլ անձի, ուստի ինքն է կրում դրանից բխող հետեւանքների առաջացման համար Օրենքով սահմանված պատասխանատվությունը,

3)      Օրենսգրքի մեջբերված կարգավորումների համատեքստում հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունքը գործատուի շահերի պաշտպանության իրավական երաշխիք է:

Վերոգրյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ Նախագծի 1-ին հոդվածի նոր լրացվող 6.1-ին մասի նախատեսումը հակասում է Օրենքի տրամաբանությանը:

4.        Նախագծի 1-ին հոդվածի նոր լրացվող 6.1-ին մասի երկրորդ նախադասության, այն է` «սույն մասով սահմանված դեպքում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգի (Բոնուս-Մալուս համակարգ) հաշվարկը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ բացառապես իր վարորդական պատմության եւ իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասով», վերաբերյալ հարկ է արձանագրել, որ այս կարգավորման պարագայում բաց է մնում այն հարցը` ում նկատմաբ պետք է կիրառվի Բոնուս-Մալուս համակարգը, եթե ավտոտրանսպորտային միջոցը օրինական հիմքով տիրապետող վարորդը սեփականության իրավունքով չունի կամ չի ունեցել  որեւէ տրանսպորտային միջոց, հետեւաբար նաեւ ապահովագրական եւ (կամ) վարորդական պատմություն:

5.        Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում  օրենքի վերնագրից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
 


Եզրահանգում

            Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),  (118)

11.09.2020թ
 
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին  առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),  (118)

11.09.2020թ
 
 






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-714-26.08.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



            Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Դալլաքյանի, Ա. Ծառուկյանի եւ Ա. Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 
 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում կանոնավոր ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն հանդիսացող եւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների լիցենզավորված կազմակերպման դեպքում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգը կկիրառվի ոչ թե ապահովադրի, այլ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ բացառապես իր վարորդական պատմության եւ իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասով:
 
 

 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 


Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

14.09.2020թ.
 
 


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-714-26.08.2020-ՏՀ-011/0)  վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայումս լիցենզավորված կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողները շատ հաճախ վարորդների կատարած վթարների պատճառով չեն կարողանում օգտվել ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգից (Բոնուս-Մալուս համակարգ), ուստի նախագիծը կարող է լուծել այս խնդիրը, այդ համակարգի հաշվարկը կիրառելով վարորդի նկատմամբ՝  բացառապես իր վարորդական պատմության եւ իր սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասով:

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 


Եզրահանգում

         Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, եւ ընդունման դեպքում բարեխիղճ տնտեսվարողները այլեւս չեն տուժի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,  ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 


Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339), (ներքին համար 339)

11.09.2020թ.
 
 
 

 

--------------------------------------------------------------------------------

[1] Տե՛ս՝ https://www.appa.am/index.php?al=bonus_malus: